Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպանի Սյունիքի տարածքային գրասենյակ դիմողները քիչ են

Հուլիս 06,2012 18:04

Ապրիլից Կապանում գործող ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Սյունիքի տարածքային գրասենյակ ընդամենը 7 դիմում-բողոք է ստացվել, ինչը բավականին քիչ է` ի տարբերություն մյուս մարզերում արձանագրված դիմումների: Գրասենյակի քաղաքացիական հարցերով իրավաբան Օկսանա Դավթյանը գտնում է, որ դիմողների սակավ լինելն ամենեւին պայմանավորված չէ  քիչ դժգոհություններ ունենալու հետ, քանի որ շատ հաճախ մարդիկ, իրենց իրավունքները ոտնահարելու դեպքում, չեն դիմում իրավունքները պաշտպանելու համար:  Բնակիչների պասիվությունը գրասենյակի քրեական հարցերով իրավաբան Արթուր Ղազարյանը  պայմանավորում է նաեւ առկա  վախի մթնոլորտով: «Մեզ զանգահարել են եւ դժգոհել ոստիկանական համակարգից, բայց երբ տեղեկացրել ենք, որ գործին ընթացք տալու համար պետք է ներկայանան գրասենյակ` չներկայացան, անկախ նրանից, որ տեղեկացրել էինք գաղտնիության ապահովման մասին», – ասում է  Ա.Ղազարյանը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Սյունիքի տարածքային գրասենյակի համակարգող  Արմեն Գեւորգյանի փոխանցմամբ` կառույցի գործունեության ընթացքում եղել է  4 խորհրդատվություն, 5 ահազանգի արագ արձագանքում, որոնցից 2-ը   վերաբերվում էր մայիսի 6-ին անցկացված Աժ ընտրությունների ժամանակ  եղած ընտրախախտումներին եւ այլն: «Քրեական հարցերով մեր իրավաբանն արագ արձագանքել է Գորիս քրեակատարողական հիմնարկում հացադուլ հայտարարած 23-ամյա Սուրեն Կիրակոսյանին առնչվող դեպքին, վերջինս  հրաժարվում էր անհրաժեշտ բժշկական օգնություն ստանալ, երկրորդ արձագանքման ժամանակ կալանավորն արդեն համաձայնել է բուժօգնություն ստանալ: Այս գործի առնչությամբ էլ ստացանք առաջին շնորհակալությունը», -տեղեկացնում է գրասենյակի համակարգողը:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ առայժմ դիմել են  միայն կապանցիները եւ հիմնականում սոցիալական բնույթի հարցերով` կապված կենսաթոշակների վճարման, սեփականության իրավունքի, կադաստրի աշխատանքի, ինչպես նաեւ քաղաքապետարանի կողմից աղբահանության ոչ պատշաճ իրականացման հետ: Ընդամենը մեկ դիմում-բողոք եղել է Սիսիանից, իսկ մարզի մյուս տարածաշրջաններից ու գյուղերից գրասենյակ դիմողներ դեռեւս չեն եղել, այնինչ պատասխանատուները հավաստիացնում են, որ դիմումատուները գրասենյակում կստանան անհրաժեշտ աջակցություն:

Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն երկու ընտրական փուլերին Հայաստանում» ծրագրի շրջանակներում ստեղծված ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Սյունիքի տարածքային գրասենյակը կշարունակի իր գործունեությունը մինչեւ նախագահական ընտրությունների ավարտը, քանի որ կառույցի գործունեությունը նախատեսված է 19 ամսվա համար:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031