Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում ազատամարտիկների որս է սկսվել

Հուլիս 06,2012 17:43

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով գյումրեցի ընդդիմադիր ազատամարտիկ Ժորա Աթոյանի  մահվան փաստին` նրա մարտական ընկերներից մեկը` Գևորգ Ալիխանյանն ասաց. «Այսօր Գյումրիում ու Շիրակի մարզում ազատամարտիկների որս է սկսվել: Ովքեր չեն ծառայում այս վարչախմբին` անկախ իրենց քաղաքական հայացքներից, ով որ չի մտածում էս վարչախմբի պես, ընկնում են նրանց հետևից, կեղծ քրեական գործեր սարքում ու մահվան դրդում: Հիմնական պատճառը «Ազատամարտիկի մասին» օրենքի անկատարությունն է. մինչև 98 թվականը` Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, հստակ ամրագրված օրենք կար, թե ինչ արտոնություն ունի ազատամարտիկը, դրա մեջ մտնում էր անվճար արտահերթ բուժում, ձրի տրասնպորտ քաղաքով ու մերձքաղաքային տարածքներում, անվճար և արտահերթ բնակարանի և տարածքի սեփականաշնորհում, կոմունալ ծախսեր, ձրի հեռախոս և ուրիշ շատ արտոնություններ: Ազատամարտիկը հավասարեցված էր Հայրենական Մեծ պատերազմի մասնակցին, և ամենակարևորը`անտեսված չէր: Իսկ  այս իշխանությունները, Ժորա Աթոյանի դատավարությունը` վկա, փորձեցին  պղծել մարդու անցած ճանապարհը»:

Հիշեցենենք, որ  մոտ մեկ ամիս առաջ Շիրակի մարզի ընդհանուր  իրավասության դատարանի դատավոր Մարտին Սարոյանը 3 տարի ազատազրկման դատապարտեց ազատամարտիկ Ժորա Աթոյանին, որին մեղադրում էին կեղծ փաստաթղթերով զինվորական կենսաթոշակ ստանալու ու բնակարան ձեռք բերելու մեջ: Նշենք, որ Ժորա Աթոյանից բացի նմանատիպ մեղադրանքով քրեական գործեր են հարուցված մի խումբ  ազատամարտիկների դեմ:

Նկատի ունենալով ազատամարտիկների  արհամարհված  լինելը` Գևորգ Ալիխանյանը կասկածում է, որ  պատերազմի  վերսկսման դեպքում ինքնակամ կռվողներ լինեն: «Այսօրվա երիտասարդները, տեսնելով ազատամարտիկների վիճակը, սոցիալականը մի կողմ թողնենք, հարկ եղած պահին  կխուսափեն կամավոր ոտքի կանգնել ու  հայրենիքը պաշտպանել: Նրանք տեսնում են, թե այն գայլերի ոհմակը, որոնք զավթել են իշխանությունը, ինչ անարդարացի ձևով են վարվում ազատամարտիկների հետ: Եթե փոքր ուսումնասիրություն կատարեք, կտեսնեք, թե ողջ մնացած ազատամարտիկների երեխաները, թե զոհվածների ընտանիքները, թե  հաշմանդամներինը մեծամասամբ դուրսն են, այսինքն այս երկրի  հետ չեն կարող հույսեր կապել, հնարավորություն չունեն ապրելու: Ու ինչքան էլ ամպագոռգոռ խոսքեր ասեն իշանությունները, իրականությունը լրիվ այլ է: Եթե ամերիկյան որևէ զինվոր ինչ-որ տեղ զոհվել է, նրան փառաբանելով  հավասարեցնում են  հերոսի կարգավիճակի, իսկ մեզ մոտ լրիվ հակառակն է, դատում են, անցյալը պղծում են: Շատ են խոսում, թե  ուսուցիչներն անպաշտպան խավ են , բայց էս իշխանությունների օրոք ամենաանպաշտպան խավը ազատամարտիկներն են: Աբսուրդ է , բայց ճիշտ է. այն մարդիկ, ովքեր 1988-ից  մինչև 1994 թվականը ոտքի ելան, հայրենիք ստեղծեցին, Արցախ ազատագրեցին, այսօր անպաշտպան են, անպաշտպան են  օլիգարխների  հաստավիզ անուղեղների դեմ, պետական ու տեղական  կառույցների  դեմ»:

Գևորգ Ալիխանյանի կարծիքով, 2000 թվականից սկսած իշխանությունները սիստեմատիկ ձևով ոչնչացնում են այս երկրի արժեքները: Նրա համոզմամբ, արցախյան պատերազմի մասնակից Ժորա Աթոյանին հոգեպես սպանեցին` նրան կեղծ մեղադրանք առաջադրելով ու ճակատագրի հետ խաղալով, մինչդեռ նա 1988 թվականին Ղարաբաղյան շարժման առաջին  շարքերում էր, Արցախյան հերոսամարտի ժամանակ էլ` առաջին դիրքերում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031