Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նոր բացահայտում՝ պատվաստումներից. Հայաստան ներկրվող պատվաստանյութի որակը հարցականի տակ է դրվում

Հուլիս 06,2012 16:06

Օրերս համաշխարհային դեղերի շուկայում մի սկանդալ եղավ, որն անմիջականորեն առնչվում է նաեւ մեզ հետ: Խոսքը «ԳլաքսոՍմիթԿլայն» ընկերության մասին է, որը պետք է աննախադեպ՝ 3 մլրդ դոլարի տուգանք վճարի, որովհետեւ նրա՝ շաքարախտով հիվանդների համար արտադրած դեղը Միացյալ Նահանգների մոտ 100 հազար մարդու մոտ սրտի նոպա է առաջացրել, եղել են նաեւ մահվան դեպքեր: Բացի այդ, այս ընկերությունը երեխաների համար չգրանցված հակադեպրեսանտ էր արտադրել, կաշառել բժիշկների եւ այժմ կանգնած է դատարանի առաջ:

Այս պատմության մեջ ուշագրավ է մեկ այլ փաստ: Բանն այն է, որ Հայաստանում սրանից 2 տարի առաջ 5 ամսական մի երեխա՝ Անահիտ Իսաջանյանը,  ապրիլի 26-ին պատվաստվելուց հետո էպիլեպսիկ էր դարձել: Անահիտի հարազատները պնդում էին, որ երեխան մինչ պատվաստվելը առողջ է եղել, հետո միանգամից ընկել ցնցումների մեջ ու դարձել էպիլեպսիկ: Իսկ մեր առողջապահության նախարարությունը, մասնավորապես՝ Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը «Առավոտին» վստահեցնում էր, որ ծնողները, մեղմ ասած «ապուշություն» են ասում, որ պատվաստանյութից չի կարող նման բան լինել, որովհետեւ Անահիտը պատվաստվել է հնգավալենտ նոր պատվաստանյութով, որն արտադրվել է Հունգարիայում «ԳլաքսոՍմիթԿլայն» հայտնի ընկերության կողմից: Նախարարության մասնագետները հորդորում էին, թե մի ընտանիքի օրինակով ճիշտ չէ խաչ քաշել մի ամբողջ ազգային ծրագրի վրա, թեեւ խոսքը միայն Անահիտի մասին չէ: Բյուրեղավանից էլ մի երեխա ճանապարհին ծաղիկ քաղելով գնացել էր պոլիկլինիկա՝ պատվաստման ու դրանից հետո մի քանի օրվա ընթացքում մահացել: Ընդամենը 1 տարվա ընթացքում՝ 2009-2010-ին մեր երեխաներն արդեն ընդունել էին 69 720 դեղաչափ պատվաստում, որից արձանագրվել էր 2938 հետպատվաստումային անբարեհաջող դեպք:
Էպիլեպտիկ դարձած երեխայի ծնողները հետաքրքրվել էին ու պարզել, որ այդ հնգավալենտ պատվասանյութը եվրոպական երկրները բոյկոտել են, եւ աշխարհում մեր նման միայն մի քանի ոչ մեծ պետություններ են այն օգտագործում: Բայց Գայանե Սահակյանը վստահեցնում էր, որ «ԳլաքսոՍմիթԿլայն» ընկերության այդ պատվաստանյութը ստացել է ԱՀԿ-ի նախաորակավորումն ու հավաստագիրը, ուստի ԱՀԿ-ն կասկածներ չունի, որ այն կարող է հայ երեխաների համար վտանգ ներկայացնել: Այս խոսքերն ու երաշխիքներն այսօր պարզապես հնարավոր չէ կասկածի տակ չդնել, որովհետեւ գործ ունենք 100 հազար մարդու սրտի նոպա պատճառած, երեխաների հաշվին բիզնես արած ընկերության հետ, որին, փաստորեն վստահում ենք մեր երեխաների առողջությունը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031