Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՆՑ ՇԱԲԱԹԿԻՐԱԿԻ

Հուլիս 06,2012 15:59

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՉՈՐՍԵՐՈՐԴ

Գլուխ տասնյոթերորդ

ԱՌԱՆՑ ՇԱԲԱԹԿԻՐԱԿԻ

Եվ Ջոնն արհամարհանքով Անանիային ասաց՝ «դու լավ կանես՝ քո տեսած բաներից խոսաս», եւ Արիկը ժպտալով Անանիային ասաց՝ «դու ձեր Սիսիանից խոսա», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ասաց՝ «մեր Սիսիանից ի՞նչ խոսամ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով  ավելացրեց՝ «մեր դպրոցի լուսամուտից հակառակորդի հրապարակը չէր էրեւում», եւ Արիկը ժպտալով Անանիային ուղղեց՝ «հակառակորդի տուգանայի՛ն  հրապարակը», եւ Ջավախյանը ծիծաղելով  ասաց՝ «Անանիայենց դպրոցի լուսամուտից Ազատության հրապարակն էր լավ էրեւում», եւ Ջոնը թարս նայեց Ջավախյանին ու ասաց՝ «դո՞ւ ինչ ես անկապ դուս տալի», եւ Արիկը Ջավախյանին հարցրեց՝ «Ազատության հրապարա՞կն ինչ կապ ունի», եւ Ջավախյանը ժպտալով ասաց՝ «չգիտե՞ս, որ Անանիան Ազատության հրապարակում ելույթ ա ունեցել», եւ Արիկը զարմացած հարցրեց՝ «ե՞րբ ա ելույթ ունեցել», եւ Ջավախյանն ասաց՝ «Ղարաբաղյան շարժման էն ամենաթունդ օրերին» եւ ժպտալով նայեց Անանիային ու ասաց՝ «մի հատ էդ ելույթիդ մասին պատմի՝ թող լսեն», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «չեմ ուզում ռեգլամենտից շեղվենք», եւ Հայկունին ժպտալով ասաց՝ «Սեմերջյանի հարցերը հորով-մորով անենք, հետո կանցնենք Անանիայի ելույթին» եւ մի քիչ մտածեց ու փռթկացնելով Օրթախին հարցրեց՝ «ձեր դասարանի լուսամուտից ստադիոնը չէր էրեւո՞ւմ», եւ Օրթախը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «մեր դասարանի լուսամուտից հեչ Հայաստանը չէր էրեւում, ուր մնաց՝ ստադիոնը էրեւար» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «անձամբ իմ հաշվով Ջոնը շատ ճիշտ ա ասում», եւ Հայկունին զարմացած հարցրեց՝ «ի՞նչն ա ճիշտ ասում», եւ Օրթախը ժպտալով ասաց՝ «որ Մանուկը ձեռով գնդակն աուդից շպրտում էր հակառակորդի տուգանային հրապարակ, ես էդ ժամանակ Երեւանում չէի. ես էդ թվերին Մոսկվայում ասպիրանտ էի», եւ Հայկունին Օրթախին հարցրեց՝ «Մանուկն էդ թվերին ա՞ խաղացել», եւ Անանիան ծիծաղելով ասաց՝ «էդ թվերին Մանուկը Երեւանում էր տեխնիկա ցույց տալի, Աբոն՝ Մոսկվայում»,  եւ Հայկունին, որ իր վիսկիի վերջին կաթիլներին էր հասել,  մատուցողուհուն ձայն տվեց եւ երկրորդը պատվիրեց, բայց էս ասածս չի նշանակում թե՝ Հայկունին «Տրիումֆում» սովորաբար երկու կամ ավելի բաժակ վիսկի է խմում. ընդհակառակը. Հայկունին սովորաբար մի բաժակով սահմանափակվում է, ընդ որում՝ էդ մեկը լրիվ չի էլ խմում. հազվադեպ է պատահում, որ ինքը մինչեւ վերջ նստի ու իր էդ հանապազօրյա վիսկին լրիվ խմի, որովհետեւ Հարությունյան Հայկունին չափազանց սկզբունքային ու չափազանց բռնկվող անձնավորություն լինելով՝ հազվադեպ է Օրթախի հրահրած մշակութային բանավեճերին մինչեւ վերջ դիմանում, եւ որեւէ մեկի անզգույշ ու չկշռադատված որեւէ արտահայտությունից հետո սովորաբար թողնում ու հեռանում է՝ իր հանապազօրյա վիսկին կիսատ թողնելով եւ, իհարկե, իր էդ վիսկիի եւ մեր սուրճերի ու ջրերի հաշիվը փակելով, բայց էդ օրը Հայկունին մի բաժակով չբավարարվելով ու չսահմանափակվելով՝ երկրորդը պատվիրեց, որովհետեւ տրամադրված էր հետներս մինչեւ վերջ նստել, եւ, ըստ ամենայնի, ֆուտբոլի ու մանավանդ Սեմերջյան Մանուկի թեման միանգամայն Հայկունու սրտով էր, որովհետեւ ինքը ֆուտբոլին ընդհանրապես եւ Սեմերջյան Մանուկի թեմային հատկապես թեթեւորեն ու հումորով էր վերաբերվում, ու էդ էր պատճառը, որ էդ օրն ինքը մի բաժակով չսահմանափակվելով՝ երկրորդը պատվիրեց, եւ դա նշան էր, որ էդ օրը Հարությունյան Հայկունին հետներս մինչեւ վերջ նստելու ու հետներս  մինչեւ վերջ արծարծելու էր Սեմերջյան Մանուկի թեման, ու էդպես էլ եղավ, եւ էդ օրը ֆուտբոլի  ու Սեմերջյան Մանուկի թեման չափազանց երկար արծարծեցինք, եւ չնայած Արշակը հորդորում էր թեմայից չշեղվել, ներկաներն ամենեւին էլ էն մարդիկ չէին, որ Արշակի հրամաններին ենթարկվեին եւ ֆուտբոլով ու Սեմերջյան Մանուկով սահմանափակվեին, եւ ես էլ հիմա չեմ կարող ֆուտբոլով ու Սեմերջյան Մանուկով սահմանափակվել, որովհետեւ, ինչպես  երեւի արդեն հասկացաք, իմ խնդիրը ոչ թե Սեմերջյան Մանուկն ու հայոց ֆուտբոլում նրա ունեցած նշանակությունն է, այլ՝ միանգամայն այլ բան, բայց քանի դեռ էդ միանգամայն այլ բանի անունը չեմ գտել, պիտի շարունակեմ ներկայացնել էն մարդկանց, առանց որոնց ոչ միայն իմ կյանքն էր ավելի անհետաքրքիր լինելու, այլեւ՝ ձերը, եւ ինչքան էլ էս մարդիկ էսպես ու էսքան խոսեն ու շատախոսեն, ձեզ չեն ձանձրացնելու՝ ինչպես որ առ էսօր ինձ չեն ձանձրացրել, եւ չնայած քննադատներս անխոնջ շարունակում են ինձ շատագրության ու մանավանդ շատախոսության մեջ մեղադրել, ես վաղուց արդեն էդ հանգամանքից չեմ նեղվում, որովհետեւ ամենից ավելի ինքս եմ ինձ շատագրության ու շատախոսության մեջ մեղադրել ու մեղադրում, բայց, այդուհանդերձ, շատագրությունս ու շատախոսությունս համառորեն ու հաջողությամբ շարունակում եմ, որովհետեւ, ի տարբերություն քննադատներիս, ապուշ չեմ եւ հասկանում եմ, որ քչագրությամբ անհնարին էր տասնչորս հատորանոց վեպ գրել եւ զգալիորեն առաջ անցնել Գինեսի գիրք սողոսկած երկարաշունչ վեպերից, եւ ինձ շատախոսության մեջ մեղադրելն էլ է առնվազն ապուշություն, որովհետեւ երեւի ինքներդ էլ եք արդեն հասկանում, որ եթե մեր այլ գրողներն ու գրողների միության այլ անդամներն ընդամենը մի քանի էջանոց պատմվածքի սահմաններում են հաջողացնում շատախոսել, ես ո՞նց կարող եմ առանց շատախոսելու գրել էնպիսի մարդկանց մասին, որոնք արդեն յոթ տարուց ավելի է՝ խոսում ու շատախոսում են Սեմերջյան Մանուկի եւ հայոց ֆուտբոլում նրա թողած անջնջելի հետքի մասին, ինչպես նաեւ՝ կյանքում ու աշխարհում գոյություն ունեցող այլ բաների մասին, եւ, էս ամենից էլ բացի, ես վաղուց արդեն համոզվել եմ, որ շատագրության ու շատախոսության մեջ ինձ մեղադրողները, որոնք հիմնականում գրողներ ու գրողների միության անդամներ են, էս վեպս չեն էլ կարդում, որովհետեւ էնքան էլ ապուշ չեն, որպեսզի  կարդան մի գրողի, որին առիթով ու անառիթ շատագրության ու շատախոսության մեջ են մեղադրել ու մեղադրում, իսկ էն քչերը, որ մի գեղեցիկ օր սկսել եւ համառորեն շարունակում են կարդալ, շատագրությանս ու շատախոսությանս  մասին չեն էլ մտածում, որովհետեւ հասկանում են, որ էս գրելս ապրելու պես բան է. այսինքն, ես ոչ թե սովորական ու իսկական արձակագիրների պես գիրք եմ գրում, այլ  Աննա Ֆրանկի ու հազարավոր ուրիշների պես իմ կյանքի օրագիրն եմ սկսել ու շարունակում, եւ եթե Աբրահամյան Արամն իր թերթում իմ էս օրագիրը համառորեն շարունակում է տպել, դրանում անձամբ որեւէ մեղք չունեմ, որովհետեւ էս օրագրիս առումով  Արամն ավելի մեծ համառություն է ցուցաբերում, քան նույնիսկ՝ ձեր խոնարհ ծառան, քանզի ինձ շատախոսության ու շատագրության մեջ մեղադրողներն առիթով ու անառիթ Արամին հորդորում են դադարեցնել հրապարակումն էս անվերջանալի օրագրիս, որը ցինիկաբար վեպ եմ անվանում, բայց, իմ բախտից, Արամը հասկանում է, որ էս գրածս ոչ թե վեպ է, այլ ընդամենը՝ մի կյանքի պատմություն ու օրագիր, եւ Արամն ու ես արդեն նաեւ հասկացել ենք, որ էս օրագրությունս վաղուց արդեն «Առավոտի» պարտադիր բաղադրիչներից է դառել՝ ինչպես ժամանակին նույն «Առավոտի» վերջին էջին տպագրվող հանապազօրյա երգիծանքս, եւ չնայած ես ու Արամը շատ կցանկանայինք, որ էդ երգիծանքը շարունակվեր, ես հիմա ի վիճակի չեմ՝ ոչ թե էն պատճառով, որ մեր կյանքում ծիծաղելի երեւույթները պակասել են, այլ էն պատճառով, որ ծիծաղելու ու մանավանդ ծիծաղեցնելու հավես մեջներս չի մնացել, չնայած, այդուհանդերձ, հավեսի ու լավ  տրամադրության դեպքերում էս օրագրիս էջերում էլ եմ փորձում ծիծաղել ու ծիծաղեցնել, ու էդ դեպքերում հավես ու լավ տրամադրություն ունեցողները լավ էլ ծիծաղում են, իսկ չունեցողները համառորեն շարունակում են հորդորել Արամին՝ դադարեցնել էս օրագրիս հրապարակումը, եւ եթե էդ հորդորողներին հաջողվի համոզել Արամին, ես անմիջապես կդադարեցնեմ էս օրագիրս եւ միգուցե սկսեմ որեւէ հանրօգուտ գործով զբաղվել, եւ եթե էդպիսի գործ չգտնեմ էլ, ինձ լրիվ պարապության կմատնեմ, որովհետեւ ես էն գրամոլներից չեմ, որոնք միանգամայն անհատույց ու հետագա սերունդների համար են գրում ու ստեղծագործում, եւ չնայած ինձ շատագրության ու շատախոսության մեջ մեղադրողներն ինձ նաեւ գրամոլ են համարում, ես ամենեւին էլ էդ կածիքին չեմ, որովհետեւ ես համարել եւ համարում եմ, որ եթե արածիդ համար նաեւ ֆինանսապես ես վարձատրվում, ուրեմն՝ արածդ ոչ թե գրամոլություն է, այլ՝ ամենասովորական աշխատանք, եւ եթե արածիդ համար որեւէ մեկը քեզ վճարում է, ուրեմն՝ արածդ ինչ-որ մեկին կամ ինչ-որ մի քանիսին հարկավոր է. այստեղից եզրակացություն. էս արածս ոչ թե գրամոլություն է, այլ՝ սովորական ու իսկական աշխատանք, ու էս գրասեղանս էլ ոչ թե սովորական գրամոլի սովորական գրասեղան է, այլ՝ ամենաիսկական աշխատատեղ ու աշխատավայր, եւ փառք Աստծո, որ համոզողներին եւ հատկապես մեր Գրողների միության  որոշ անդամներին առայժմ չի հաջողվում Արամին համոզել, այլապես էս գրածս ու էս աշխատանքս անփառունակ դադարեցնելով՝ կդադարեի ձեզ համոզել, որ էս կյանքում պատահական ոչինչ չի լինում, եւ հատկապես հիմա՝ էս պահին պիտի փորձեմ էդ հարցում ձեզ համոզել, որովհետեւ ընդամենը մի քանի րոպե առաջ, երբ մեր Գրողների միության անդամներին էի հիշելով հիշատակում, հենց էդ պահին ինձ զանգահարեց Ջավախյանն ու ասաց, որ որոշել է դիմում գրել ու դուրս գալ Գրողների միությունից, ու էդ առիթով ինձնից խորհուրդ էր  հարցնում, եւ ես դժվարացա խորհուրդ տալ ու Ջավախյանին ասացի՝ «որ անցյալ տարի  Գրողների միություն էիր ընդունվում, էդ վախտ պիտի ինձնից խորհուրդ հարցնեիր», եւ Ջավախյանն ասաց՝ «անցյալ տարի չէր. արդեն չորս տարի ա՝ Գրողների միության անդամ եմ», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «թեկուզ» եւ մի քիչ էլ մտածեցի ու հարցրի՝ «չորս տարի առաջ չգիտեի՞ր՝ ուր ես ընդունվում», եւ Ջավախյանը բավական երկար մտածեց ու ասաց՝ «ախր էդ միությունից ոչ մի օգուտ չունեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «գոնե քո պես էդ Ծաղկաձորից մեկումեջ օգտվեի», եւ ես ասացի՝ «օգտվեիր. ո՞վ էր ձեռդ բռնել», եւ Ջավախյանն ասաց՝ «էս առեւտուրս թողած՝ ո՞նց Ծաղկաձոր գնամ», եւ ես ասացի՝ «չորս տարի առաջ պիտի մտածեիր», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «համ էլ, խոսքը մե մեջ, էդ Լեւոնը հեչ իսան չի», եւ ես ժպտալով հարցրի՝ «Անանյա՞ն», եւ Ջավախյանը պատասխանեց ու ասաց՝ «հա», եւ ես ժպտալով հարցրի՝ «չորս տարի առաջ չգիտեի՞ր, որ իսան չի», եւ Ջավախյանը բավական երկար մտածեց ու ասաց՝ «չէ», եւ ես ժպտալով հարցրի՝ «մի տարի առաջ, որ իրան ձայն էիր տալի, էլի չգիտեի՞ր», եւ Ջավախյանը բավական երկար մտածեց ու ասաց՝ «մի անգամ էլ դու ես իրան ձայն տվել», եւ ես ասացի՝ «էդ տասը տարի առաջ էր», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու հոգոց հանելով ասաց՝ «շատ անշնորհք մարդ դուս էկավ», եւ ես հարցրի՝ «ո՞վ», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «բերանս էլ չի բռնում՝ անունն ասեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու  ավելացրեց՝ «գոնե իմ անունից չըլներ», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «մի վախտ իրան շատ էիր գովում», եւ Ջավախյանը զարմացած հարցրեց՝ «ե՞րբ եմ գովել», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «օրն ու ժամը չեմ հիշում», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «կեղծ եմ գովացել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ուզում էի քեզ ու իրան բարիշացնեմ, դրա համար էի գովում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «իրա մոտ էլ քեզ եմ գովացել», եւ ես ժպտալով ասացի՝ «շա՜տ շնորհակալ եմ», եւ Ջավախյանն ասաց՝ «ուզում էի ձեզ բարիշացնեմ», եւ ես ժպտալով ասացի՝ «բայց ես ու ինքը խռով չենք», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «խռով չեք, բայց իրարից նեղացած եք» եւ մի քիչ էլ մտածեց  ու ավելացրեց՝ «ավելի ճիշտ՝ դու ես իրանից նեղացած», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «նեղացածությունս վաղուց անցել ա», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «շատ ներողամիտ ես», եւ ես մի քիչ մտածեցի ու ծիծաղելով ասացի՝ «ներողամիտ չըլնեմ՝ ի՞նչ պիտի անեմ», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «շատ անշնորհակալ մարդ դուս էկավ» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «դու իրան նախագահ դարձրիր, բայց ինքը մրցանակներն ուրիշներին ա տալի», եւ ես ասացի՝ «ես իրան նախագահ չեմ դարձրել», եւ Ջավախյանը մի քիչ  մտածեց ու ասաց՝ «ահագին մարդու համոզեցիր, որ իրան ձեն տան», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «էդ առաջին անգամ էր. հետո ոչ մի անգամ իրան ձայն չեմ տվել», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «հետո էլ մենք ձայն տվինք» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «բայց մրցանակներն ուրիշներին ա տալի», եւ ես հարցրի՝ «ո՞ւմ ա տալի», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու հոգոց հանելով ասաց՝ «արժողչարժողին» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «դու ինձանի լավ գիտես», եւ ես ժպտալով հարցրի՝ «բա ո՞ւմ տա», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «քեզ», եւ ես ժպտալով ասացի՝ «ես բան չեմ գրել, որ մրցանակ տա», եւ Ջավախյանը զարմացած հարցրեց՝ «էդ տասներկու հատոր վեպը կարող ա՞ ինքն ա գրել», եւ ես ժպտալով  ասացի՝ «էդ վեպս չեմ պրծել. կիսատ գործերին մրցանակ չեն տալիս», եւ Ջավախյանը  մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ մտքին տեղ ըլներ, լավ էլ կարար տար», եւ ես ժպտալով ասացի՝ «իրանց մրցանակն իրանց ըլնի» եւ մի քիչ մտածեցի ու ժպտալով հարցրի՝ «իմ չստացած մրցանակի համար ե՞ս Գրողների միությունից դուս գալի», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես ի՛մ չստացածի համար եմ դուս գալի», եւ ես հարցրի՝ «էդ բջջայինով ե՞ս խոսում», եւ Ջավախյանն ասաց՝ «տնից եմ խոսում» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «մենակ էդ էր պակաս, որ բջջայինով իրա մասին էսքան խոսայի», եւ ես հարցրի՝ «բա ինչի՞ հանկարծ   որոշեցիր Գրողների միությունից դուս գաս», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «էդ մրցանակնին քիչ պատճառ ե՞ն» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «էդ Ծաղկաձորից էլ ոչ մի անգամ չեմ օգտվել», եւ ես ասացի՝ «օգտվեիր. ո՞վ ա ձեռդ բռնել», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց  ու ասաց՝ «ո՞նց օգտվեի. առավոտից իրիկուն առեւտրի մեջ եմ» եւ մի քիչ էլ մտածեց ու հոգոց հանելով ավելացրեց՝ «արդեն քսան տարի ա՝ առանց շաբաթկիրակի աշխատում եմ», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «ոչ մեկը քեզ չի ստիպել, որ առանց շաբաթկիրակի աշխատես», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու հոգոց հանելով  ասաց՝ «կյանքն ա ստիպում»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031