Այսօր ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը «Փիփլմետր» ակումբում անդրադարձավ առաջիկա նախագահական ընտրությունններին: Նա հայտարարեց. «Մենք ունենք մեր թեկնածուն, դա անվերապահորեն մեր առաջնորդն է: Ես չեմ կարծում, որ մենք նախագահական ընտրություններին մեր թեկնածուով հանդես չենք գալու: Նաեւ կարծում եմ, որ այդ թեկնածուն պետք է լինի միասնական թեկնածու՝ ոչ միայն ընդդիմություն ձեւաչափի ներքո, այլ՝ համաժողովրդական շարժման ներքո: Մեր թեկնածուն պիտի լինի ամենամրցունակը»: Երբ լրագրողները հիշեցրեցին Արմեն Մարտիրոսյանի խոսքերը, որ Րաֆֆի Հովհաննիսյանը դեռ չի տվել իր համաձայնությունը, Զարուհի Փոստանջյանը հստակեցրեց, որ դեռ որոշում չկա այն մասին, որ նա պիտի առաջադրվի: Սա իր անձնական կարծիքն է. «Մենք այն փուլում չենք գտնվում, որ որոոշում պիտի կայացրած լինենք: Ցանկացած քաղաքական ուժ պետք է մտածի այդ մասին, իսկ մենք ոչ միայն ցանկացած քաղաքական ուժ ենք, այլ այն ուժն ենք, որը ցանկանում է մեր երկրում իրական բարեփոխումներ, որը բերելու է համակարգային փոփոխությունների, ոչ թե անձերի փոփոխությունների»:
Ինչ վերաբերում է ընդդիմության հետ միասնական թեկկնածու ունենալուն՝ տիկին Փոստանջյանն ասաց, որ միասնական թեկնածու ունենալուն դրական է վերաբերվում, բայց չեն տեսնում միասնական թեկնածուի դերում Լեւոն Տեր-Պետրոսյանին: Իսկ թե ո՞ւմ են տեսնում՝ նա պատասխանեց, որ գործող եւ արդեն ոչ գործող նախագահների եռանկյունուց դուրս. «Կարծում եմ՝ այդ երեք նախագահներն ավելի շատ ունեցել են բացասական ներդրում, ուղղակի խանգարել են մեր արդյունավետ պետության կայացմանը: Կարելի էր ազգահավաք կազմակերպել մեր պետության վրա, որտեղից մեր ժողովուրդը չէր փորձի արտագաղթել կամ փախչել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ