Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Հայաստանում չեն նշում Համբուրվելու օրը. Այսօր աշխարհը նշում է Համբուրվելու միջազգային օրը

Հուլիս 06,2012 14:48

Համբույրը սովորաբար նշանակում է շուրթերի հպումը որևէ առարկայի կամ անձնավորության։ Համբույրը ջերմ զգացմունքեր արտահայտելու ձև է, համբուրվողները միմյանց նկատմամբ տածում են սեր, նվիրվածություն, բարեկամական զգացմունքներ. համբույրը արտահայտում է երախտիք, շնորհավորանք. համբույրով նաև ողջունում են միմյանց և հրաժեշտ տալիս։

«Չեմ սիրում, երբ այգու ամեն անկյունում «լվացվող» զույգերի եմ տեսնում: Ինձ համար ավելի հաճելի է, երբ զույգերը սիրահարված հայացքով միմյանց աչքերին են նայում, զրուցում են, ժպտում են, ընթացքում միմյանց ձեռք են բռնում: Այնքան գեղեցիկ է այդ տեսարանը, որ դու, լինելով անծանոթ, այդ պահին ուզում ես, որ իրենք ամենաերջանիկ  մարդիկ լինեն»,-ասում է 21-ամյա Տաթեւ Ադամյանը:

20 տարի առաջ հենց այս օրը՝ հուլիսի 6-ին, ՄԱԿ-ը  հաստատվել է որպես Համբույրի միջազգային օր (World Kiss Day)։ Համբույրի միջազգային օրն առաջին անգամ նշվել է Մեծ Բրիտանիայում:

Հարցման ընթացքում եւս մեկ անգամ համոզվեցինք, որ որքան մարդ կա, կա նաեւ այդքան կարծիք եւ այս հարցում միանշանակ ասել, թե երիտասարդները կողմ են ամեն տեղ եւ ամեն պահի համբուրվելուն կամ դեմ, ճիշտ չէ: Ըստ ստացված պատասխանների փորձեմ առանձնացնել մի քանի շերտ:

Առաջին. Երիտասարդներ, ովքեր պատրաստ են ամեն բան անել իրենց սիրելիին ուրախացնելու համար, ընդհուպ մինչեւ մինչամուսնական հարաբերություններ: Երկրորդ. երիտասարդներ, ովքեր կրկին պատրաստ են երջանկացնելու իրենց կողակցին, բայց համբույրներում զուսպ են եւ ժլատ եւ երրորդ` պատրաստ են համբուրելու միայն տոն օրերին, այն էլ այտին կամ ճակատին:

Աշխարհի տարբեր քաղաքներում այս օրը համբուրվելու մրցույթներ են կազմակերպվում, որոնց մասնակիցները փորձում են նորանոր ռեկորդներ սահմանել։ Հայաստանում առայժմ նման մրցույթներ չեն կազմակերպվում, բայց երիտասարդները չեն էլ ժխտում այն հանգամանքը, որ կգա մի օր, որ Հայաստանն էլ կընդգրկվի տոնը այդ կերպ նշող երկրների շարքը. «Այստեղ սահմանափակվում ենք տան անդամներին, հարազատներին համբուրելով, լավագույն դեպքում էլ սիրած էակին մեկ համբույր տալով»,-ասում է 20-ամյա Աստղիկ Պետրոսյանը: Ի՞նչն է խանգարում հայությանը այս օրը հրապարակային մրցույթ սահմանել մի քանի ժամանոց համբույրի տեսքով, փորձեց  ներկայացնել հոգեբան 36-ամյա Անահիտ Ղազարյանը. «Մեր հասարակությունը հոգեբանորեն դեռ պատրաստ չէ նման քայլերի գնալ: Պատրաստ չէ, ոչ միայն կատարողի, այլեւ կողքից դիտողի դերում: Մեր ներսում կուտակված, ընտանիքից փոխանցված բարքերը, հաճախ թույլ չեն տալիս ոչ միայն երիտասարդներին, այլեւ 10-20տարի ամուսնացած զույգերին մասնակցություն ունենալ մի մրցույթի, որտեղ հազարավոր մարդիկ են իրենց նայելու: Սա արդեն իսկ բերում է հոգենբանական ընկճվածության»: Հոգեբանը գտնում է, որ շատ հաճախ երիտասարդները չեն հաբուրվում, քանի որ ունեն սխալ պատկերացումներ համբույրի մասին. «Համբույրի ժամանակ մարդու սիրտը 70–ի փոխարեն բաբախում է մինչև 150 անգամ: Այդ ընթացքում աշխատում է մարդու 30 մկան: Կան մարդիկ, ովքեր մտածում են, թե համբույրի միջոցով կարող է մի շարք հիվանդություններ փոխանցվել, բայց իրականում համբույրի ընթացքում զույգերից մեկը մյուսին է փոխանցում 278 բակտերիա, որոնց 95%-ը վտանգավոր չեն առողջության համար»: Նա խորհուրդ է տալիս բոլոր սիրահար զույգերին առանց վախենալու համբուրվել, համբուրվել խելամիտ վայրերում եւ ամենակարեւորը անպատեհ համբույրներ միմյանց չտալ, քանի որ այն կարող է հանգեցնել միմյանց նկատմամբ առաջացող անհետաքրքրությանը:

Քրիստինա Միրզոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031