Լրահոս
Օրվա լրահոսը

«35 հազար դրամը շատ ծիծաղելի է»

Հուլիս 06,2012 13:01

Ֆրանսաբնակ բալետմայստեր Արմեն Չիլոյանը՝ Հայաստանի պարի պետական անսամբլի եւ պարային քաղաքականության մասին:

Արմեն Չիլոյանը՝ «Լեռնային պարի» փորձի պահին:

Գործնականում բեմարվեստի գրեթե բոլոր ոլորտներում գլխավորները (ռեժիսոր, բալետմայստեր, խորմայստեր եւ այլն) եղել ու թերեւս մնում են միանձնյա կառավարողներ: Այդուհանդերձ, հանդիպում են գլխավորներ, որոնք երբեմն տեղ են տալիս համերկրացի կամ օտարերկրացի գործընկերոջը, հիմնականում՝ որպես ցուցադրական կամ «գովազդային» քայլ: Լինում են նաեւ արտառոց մոտեցումներ, երբ, օրինակ, մի պար բեմադրելու համար հրավիրվում են մի քանի օտարերկրացիներ: Խոսքը վերջերս Հայաստանի պարի պետական անսամբլի կողմից Ֆրանսիայից եւ Վրաստանից հրավիրյալ մասնագետների մասին է:

Անսամբլի տնօրեն Էրիկ Չանչուրյանը «Առավոտին» հայտնեց, որ օրերս վրացական հանրահայտ «Սուխիշվիլի-Ռամիշվիլի» պարի պետական եւ «Վրաստանի լեգենդներ» անսամբլների մենապարողներ Մուրիկո Գագոշիձեն եւ Զազա Կալագիան, ավարտելով վրացական «Լեռնային» պարի բեմադրական իրենց մասը՝ մեկնել են, իսկ ֆրանսաբնակ բալետմայստեր Արմեն Չիլոյանը պարն ավարտին կհասցնի:

Անսամբլի գլխավոր բալետմայստեր Ասատուր Կարապետյանն էլ հավելեց, որ անկախ բնակության վայրից, մասնագետները մտերիմ ընկերներ են եւ տարիների համատեղ աշխատանքային փորձ ունեն տարբեր անսամբլներում:

Մեզ հետ զրույցում Արմեն Չիլոյանն ասաց, որ ինքը եղել է լեգենդար Ազատ Ղարիբյանի «Կռունկ» պարի անսամբլի առաջին մենապարողներից եւ կարճատեւ աշխատանքից հետո՝ 1993-ին փարիզաբնակ խորեոգրաֆ Էդի Ջոլոլյանի կողմից հրավիրվել է տեղի «Նավասարդ» պարախումբ՝ որպես բալետմայստեր: Արեւմուտքում ճանաչված 45-ամյա այս կոլեկտիվը հանդես է գալիս ոչ միայն գաղթօջախներում: Նրա ազդագրերին հաճախ կարելի է հանդիպել «Քարնեգի հոլլում», «Օլիմպիայում», «Զենիթում» եւ այլն: Հայաստանում վերջին անգամ «Նավասարդը» իր արվեստը ցուցադրել է 2001թ., եւ առաջիկա հյուրախաղերը սպասվում են 2013-ին:

Հարցին, թե ինչո՞ւ են հատկապես վրացական պար բեմադրում Հայաստանի պարի պետականում, Արմեն Չիլոյանն ասաց. «Ճանաչված խմբերի պարացանկում, բացի ազգայինից, մշտապես տեղ են գտնում այլ ժողովուրդների պարեր: Օրինակ, «Նավասարդում» էլ, ունենք ռուսական, սերբական, ֆրանսիական եւ այլ ժողովուրդների պարարվեստի ազգային նմուշներ: Ցանկացած հանդիսատեսի համար հաճելի է տեսնել սեփական արվեստը օտարերկրացու մատուցմամբ, ինչը նաեւ գնահատանքի յուրահատուկ ձեւ է: Ինչ վերաբերում է Հայաստանի պարի պետական անսամբլին, այն ի սկզբանե իր ծրագրում մշտապես ունեցել է տարբեր ժողովուրդների պարեր»:

Անդրադառնալով վրացական «Լեռնայինին», Արմեն Չիլոյանը նախ նշեց, թե փորձերն ընթանում են բուռն ու ստեղծագործական ջերմ մթնոլորտում, հետո էլ տեղեկացրեց, որ հիշյալ համարի առաջին բեմելը տեղի կունենա աշնանը՝ Հայաստանում: Հարցին, թե ի՞նչ «մարզավիճակում» է մեր Պարի պետականը, բալետմայստերն այն գնահատեց գերազանց՝ միայն նշելով տղամարդ պարողների սակավ լինելու փաստը: «Ժամանակին, օրինակ, «Բերդ» պարային համարում ընդգրկված էր 28 տղա, այսօր այդ թիվը նվազել է մինչեւ 17, ինչը, բնականաբար, հնարավորություն չի ընձեռում այդ հերոսական պարի լիարժեք մատուցման համար: Գուցե Հայաստանի կառավարությունը վերանայի պարողներին բանակ զորակոչելու հարցը: Մեկ ցանկություն եւս. անհապաղ բարձրացնել պարողների աշխատավարձը, որովհետեւ 35 հազար դրամը շատ ծիծաղելի է»,- ասաց Արմեն Չիլոյանը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031