Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր կինոարտադրության գլխավոր խնդիրը ֆիլմերի վարձույթն է

Հուլիս 06,2012 12:56

Հարցազրույց կինոռեժիսոր, Ադրբեջանի Կինոարտադրողների Միության անդամ Ռուֆաթ Ասադովի հետ:

– Ո՞րն է ժամանակակից ադրբեջանական կինոն. երկրի կինոթատրոններում ցուցադրվող եւ սկավառակներով տարածվող հայրենական ֆիլմե՞րն են, հեռուստատեսային սերիալնե՞րը, թե՞ վավերագրական ֆիլմերը: Ո՞ր թեմաներն են գերակշռում այդ ֆիլմերում:

– Ժամանակակից ադրբեջանական կինոն եւ՛ խաղարկային ֆիլմերն են, ե՛ւ վավերագրականները, ե՛ւ սերիալները, ե՛ւ անիմացիոն ֆիլմերը: Ադրբեջանում խաղարկային եւ վավերագրական ֆիլմերը իրենց պատմությունն ունեն, իսկ սերիալներ սկսել են նկարահանել վերջերս: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո պոպուլյար դարձան բրազիլական սերիալները, երեւում է հենց դա խթանեց Ադրբեջանում եւ ողջ հետխորհրդային տարածաշրջանում այդպիսի կինոյի զարգացմանը: Ազգային սերիալների նկարահանումների համար խթան դարձավ նախագահ Իլհամ Ալիեւի 2011թ. նոյեմբերի 9-ի հրամանագիրը : 2012թ. մայիսի 1-ից Ադրբեջանում դադարեցվեց արտասահմանյան հեռուստասերիալների ցուցադրությունը: Նույն օրն իսկ ուժի մեջ մտավ տեղական կինոարտադրության զարգացման մասին նախագահ Ի. Ալիեւի հրամանը: Հիմա տարբեր հեռուստաալիքներով նկարահանվում են մի քանի սերիալներ: Այդ սերիալներից մեկը՝ «Գաղտնիքը», ես եմ նկարում: Ֆիլմը նկարահանվում է «SOY PRODUCTION»-ի հիման վրա՝ ATV հեռուստաալիքի պատվերով: Ռեյտինգները ցույց են տալիս, որ այսօր մարդիկ հիմնականում դիտում են սերիալներ եւ խաղարկային ֆիլմեր: Հիմա հեռուստաալիքները շատ են ցույց տալիս հայրենական հին եւ նոր ֆիլմեր: Ինչ վերաբերում է կինոթատրոններին, ապա այնտեղ նախապատվությունը տրվում է նոր ֆիլմերին: Կարծում եմ, որ դա մշակույթի եւ տուրիզմի նախարարության նոր քաղաքականությունն է, եւ ես դա ճիշտ եմ համարում: Վավերագրական ֆիլմերն ինչպես խորհրդային տարիներին, այնպես էլ հիմա ունեն իրենց լսարանը: Դրանք հիմնականում ցուցադրում են հեռուստատեսությամբ: Չի կարելի միանշանակ ասել, թե ժամանակակից ֆիլմերում որ թեման է գերակշռում: Դա ե՛ւ պատմական, ե՛ւ արդիական թեման է:

– Որո՞նք են հայրենական ժամանակակից կինեմատոգրաֆի գլխավոր խնդիրները, եւ կա՞ն, արդյոք, դրանց լուծման նշանները:

– 90-ական թթ. սկզբին դրությունը ադրբեջանական կինեմատոգրաֆում սարսափելի էր: Իհարկե, դրան նպաստեցին Խորհրդային Միության փլուզումը, Ղարաբաղյան պատերազմը եւ այլ գործոններ: Երկար ժամանակ ոչինչ չէր նկարահանվում: Իհարկե, կային որոշ փորձեր, բայց դրանք միայն այդպիսին էլ մնացին: 1998թ. ես նկարահանեցի կարճամետրաժ խաղարկային ֆիլմ, եւ նույնիսկ հրավեր ստացա տարբեր երկրներից: Կինոփառատոներին դժվար էր մասնակցել ֆինանսների պատճառով: Ֆրանսիայի կինոփառատոնի մասնակցության գումարը մենք բառացիորեն հավաքեցինք «ողջ աշխարհով»: Հիմա դրությունը շատ է փոխվել: Մարդիկ ֆիլմեր նկարահանում են, հատկապես՝ երիտասարդ ռեժիսորները: Մշակույթի եւ տուրիզմի նախարարությունը նրանց ֆիլմերը ներկայացնում է տարբեր միջազգային կինոփառատոներին եւ հոգում ծախսերը: Դա, իհարկե, ուրախալի է:

Կարծում եմ, որ մեր, եւ ոչ միայն մեր կինեմատոգրաֆի գլխավոր խնդիրը ֆիլմերի վարձույթն է: Ինչ էլ որ նկարահանվում է, նշանակություն չունի՝ խաղարկային ֆիլմ է, թե սերիալ, մարդկանց հետաքրքրում է, իսկ ե՞րբ ցույց կտան հեռուստատեսությամբ:

Անվանի հոլանդացի կինոարտադրող Պիտեր Գրինուեյը նշել է կինեմատոգրաֆի մահվան տարեթիվը, դա «1983թ. սեպտեմբերի 31-ն է, երբ հայտնվեց հեռուստացույցի հեռակառավարման վահանակը»: Դրա պատճառով կինոն դարձավ այլ մշակույթ՝ «ինտերակտիվ, մուլտիմեդիա», բացատրել է Գրինուեյը: Սակայն, վերջին տարիներին, նույնիսկ շրջաններում սկսեցին գործել նոր կինոթատրոններ: Մարդիկ սկսեցին կինո գնալ, եւ դա լավ նշան է:

– Վերջին տարիներին հայրենական ո՞ր ֆիլմերն են (պատմակա՞ն, թե՞ ժամանակակից ֆիլմեր, դասական գրականության ստեղծագործությունների էկրանավորում) դարձել առավել հայտնի, որքա՞ն մեծ է նման ֆիլմեր ստեղծելու պահանջը:

– Ես ոչ կինոգետ եմ եւ ոչ էլ զբաղվում եմ կինոյի պատմությամբ, ավելի շուտ պրակտիկ ռեժիսոր եմ: Կարծում եմ՝ կան ֆիլմեր, որոնք հայտնի կմնան, անկախ ամեն ինչից: Օրինակ՝ Վագիֆ Մուստաֆաեւի «Ամեն ինչ դեպի լավն է գնում» կարճամետրաժ ֆիլմը (պատերազմի անմտության մասին այս ֆիլմը մի քանի մրցանակներ է ստացել ամենահեղինակավոր կինոփառատոներից մեկի՝ գերմանական Օբեխաուզենի փառատոնում), Ռամիզ Ֆաթալիեւի «Տիրակալի ճակատագիրը» պատմական ողբերգությունը, Ռամիզ Հասանօղլիի «Ջավիդի կյանքը», Օլեգ Սաֆարալիեւի «Ցտեսություն, հարավային քաղաք» ֆիլմը:

– Վերջին տարիներին ադրբեջանական ֆիլմերը մասնակցե՞լ են միջազգային կինոփառատոներին, որքանո՞վ են այդ ֆիլմերը հայտնի մեզ մոտ:

– Վերջին տարիներին ադրբեջանական շատ խաղարկային եւ վավերագրական ֆիլմեր են մասնակցել միջազգային կինոփառատոներին: Հիմնականում դրանք երիտասարդ կինեմատոգրաֆիստների աշխատանքներ են: Օրինակ, ադրբեջանցի կինոռեժիսոր Իլգար Սաֆատի «Տարածք» ֆիլմը, որը Ադրբեջանի մշակույթի եւ տուրիզմի նախարարության ֆինանսավորմամբ «Գրուզիաֆիլմ»-ի հետ համատեղ նկարահանվել է «Նարիմանֆիլմ» կինոստուդիայում: Ֆիլմը Ադրբեջանի կողմից ներկայացված էր Օսկարի 83-րդ ամենամյա մրցանակաբաշխությանը՝ «Օտարալեզու լավագույն ֆիլմ» կատեգորիայում, իսկ ֆիլմի գլխավոր դերակատար Թեմուր Օդուշեւը դարձավ «Հոլլիվուդի երիտասարդ տաղանդներ» 32-րդ ամենամյա մրցանակաբաշխության դափնեկիր (32nd Annual Young Artist Awards): «Բուտա» ֆիլմը կինոռեժիսոր Իլգար Նաջաֆի լիամետրաժ դեբյուտն է: Սա բանաստեղծական առակ է: Ֆիլմում հերոսները չունեն հատուկ անուններ, իսկ տղան ստացել է Բուտա սիմվոլիկ անունը: Նա էներգիա է քաշում իր հովիվ-պապի նվիրած թռչող օձից: Բուտան կաթիլի նմանվող ադրբեջանական գորգի հիմնական տարրերից է, որը նշանակում է ներդաշնակություն, կրակ, սեր: Ֆիլմը նկարահանվել է մշակույթի եւ տուրիզմի նախարարության պատվերով եւ «Ադրբեջանֆիլմ» կինոստուդիայի ու «Բուտա Ֆիլմ» կինոընկերության միասնական արտադրանքն է: Ֆիլմը հաղթեց Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի 5-րդ Կինոմրցանակի «Լավագույն մանկական ֆիլմ» նոմինացիայում (5th Asia Pacific Screen Awards): Դրանից առաջ ֆիլմը մասնակցել էր Թուրքիայի, Ռուսաստանի, Ուզբեկստանի եւ Էստոնիայի կինոփառատոներում: Էլչին Մուսաօղլիի «40-րդ դուռը» ֆիլմը ոսկե պարգեւ ստացավ Հյուսթոնյան Միջազգային 42-րդ կինոփառատոնում՝ «Ամենալավ օտարալեզու ֆիլմ» նոմինացիայում:

Ուզում եմ նշել երիտասարդ կինոռեժիսոր Ֆարիզ Ահմեդովի աշխատանքները: Նա հիմա Կինեմատոգրաֆիայի համառուսաստանյան ինստիտուտի (ԹթԼԽ) ուսանող է: Նրա «Ժառանգություն» ֆիլմը 9-րդ դասարանի աշակերտ Ալիի մասին է, որը մանկուց աշխատում է Աղի ծովում: Ինչ-որ մեկը նախնիներից ժառանգում է տուն, ֆիրմա, հնարավոր է՝ մեքենա, իսկ մյուսը՝ մի ամբողջ ծով… Ահմեդովի գործերը («Մի քայլ», «Ժառանգություն» եւ այլն) արդեն մասնակցել են բազում պատվավոր միջազգային կինոփառատոներին եւ ստացել մրցանակներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031