Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան-Ադրբեջան-2012. կարծիքներ ու մեկնաբանություններ

Հուլիս 06,2012 12:53

Ժամանակակից հայկական եւ ադրբեջանական կինոյի մասին են հայ եւ ադրբեջանցի մասնագետների հետ ստորեւ բերված մեր հարցազրույցները: Հայաստանի եւ Ադրբեջանի այսօրվա իրականություններն իրենց ամբողջության մեջ ուրվագծող զուգահեռ հարցազրույցները «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի եւ Ադրբեջանում Խաղաղության եւ Ժողովրդավարության ինստիտուտի համատեղ ծրագրի մեկ բաժինն են: Ծրագրին աջակցում են Հայաստանում եւ Ադրբեջանում Բրիտանիայի դեսպանները: Հարցազրույցները միաժամանակ տպագրվում են «Առավոտ» եւ Ադրբեջանում՝ «Նովոյե Վրեմյա» թերթերում: Ադրբեջանում հարցազրույցները անց է կացնում Խաղաղության եւ Ժողովրդավարության ինստիտուտը:

«Ռեգիոն» հետազոտական կենտրոն

Առանց կինոյի մասին օրենքի՝ կինոյի թեմայով զրույցները զուտ զգացմունքային են մնալու

 Հարցազրույց կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանի հետ

– Ո՞րն է ժամանակակից հայկական կինոն. երկրի կինոթատրոններում ցուցադրվող եւ սկավառակներով տարածվող հայրենական ֆիլմե՞րն են, հեռուստատեսային սերիալնե՞րը, թե՞ վավերագրական ֆիլմերը: Ո՞ր թեմաներն են գերակշռում այդ ֆիլմերում:

– Ժամանակակից հայկական կինոյի պատմության քսան տարիների ընթացքում բազմաթիվ փոփոխություններ եղան, եւ էականն այն էր, որ պետության ներդրումը կինոյում դարձավ մասնակի, վերացավ ցենզուրան: Թեեւ արտադրության առումով կինոն հայտնվեց եւ մինչ օրս էլ մնում է ճգնաժամի մեջ, բայց նույնիսկ այդ պայմաններում հայկական ժամանակակից կինոն կերտեց իր ուրույն պատմությունն ու դիմագիծը: Վերջին 20 տարիների ֆիլմերից են Հ. Խաչատրյանի «Վավերագրողը», «Պոետի վերադարձը», «Սահման», Վիգեն Չալդրանյանի «Քամին ունայնության», «Լռության սիմֆոնիա», Ալբերտ Մկրտչյանի «Որախ ավտոբուս», Էդգար Բաղդասարյանի «Սուրբ ծեսերի երկիրը», «Մարիամ» ֆիլմերը: Ստալինյան ռեժիմի մասին է պատմում Առնոլդ Աղաբաբովի «Որտեղ էիր, մարդ Աստծո» ֆիլմը:

Ուշագրավ է Ֆրունզե Դովլաթյանի «Կարոտ» ֆիլմը: Ծերունի Առաքելի պատմությունն է, որն անմեղ գյուղացի էր եւ կարոտի կանչով ցանկացել էր անցնել գետն ու արեւածագը դիմավորել հայրենի ծննդավայրում՝ Արեւմտյան Հայաստանում: Այդ արարքի պատճառով նա հայտնվում է ՊԱԿ-ի նկուղներում: Ֆիլմում վեր է հանվում սահմանի ու երկատված հայրենիքի խնդիրը: Նշեմ նաեւ Հարություն Խաչատրյանի «Վերադարձ ավետյաց երկիր» ֆիլմը՝ նախկինում ադրբեջանցիներով բնակեցված գյուղում հայազգի նորաստեղծ ընտանիքի հաստատման մասին:

90-ականներին մեր իրողությունն իր յուրատեսակ անդրադարձն ունեցավ նաեւ վավերագրական կինոյում:

Ներկայիս կինոլորտն ավելի բազմազան է: Հայաստանում հեռուստաընկերությունները հիմնականում սեփական, միջին կամ միջինից ցածր որակի արտադրությամբ են լցնում եթերը: Սա եւս համակարգային կարեւոր խնդիր է, քանի որ աշխարհի զարգացած կինոարտադրություն ունեցող երկրներում հեռուստաընկերությունները կինոյի հիմնական ներդրողներից են: Այս պարագայում խնդիր է առաջանում այն կինոռեժիսորների համար, ովքեր նկարահանում են այնպիսի կինո, որի առաջնային նպատակը դրամարկղային շահույթը կամ եթերաժամ լցնելը չէ: Եթե սերիալները կամ հեռուստաֆիլմերը, որոնք առանց խոչընդոտի տեղափոխվում են կինոէկրան, կարողանում են հանդիսատես հավաքել, որովհետեւ հեռուստատեսությունն ապահովում է դրանց գովազդը, ապա հեղինակային ֆիլմերը դուրս են մնում ուշադրությունից: Այնինչ մենք ունենք գրագետ նկարահանված, կարեւոր սոցիալական, քաղաքական, միջանձնյա հարաբերություններին անդրադարձող ֆիլմեր, որոնք ոչ բավարար ուշադրության պատճառով շատ կարճ կյանք են ունենում:

Դրանք ո՛չ հեռուստատեսություններին են հետաքրքիր, ո՛չ էլ կինոթատրոններին:

Ազգային կինոյի զարգացումը գոնե հանրային հեռուստաընկերությանը պետք է հուզի, քանի դեռ չկա հստակ օրենք, ըստ որի՝ ցանկացած հեռուստաընկերություն պետք է իր միջամտությունն ունենա ազգային կինոյի զարգացման գործում:

– Որո՞նք են հայրենական ժամանակակից կինեմատոգրաֆի գլխավոր խնդիրները, եւ կա՞ն, արդյոք, դրանց լուծման նշանները:

– Կինոարտադրության կարեւորագույն խնդիրը կինոյի մասին օրենքի բացակայությունն է: Կինոն արտադրանք է եւ պահանջում է օրենսդրական հիմք, որը կկարգավորեր ոլորտի իրավական եւ տնտեսական հարաբերությունները, ինչպես նաեւ կհստակեցներ ենթակառուցվածքը: Քանի դեռ չունենք կինոյի մասին օրենք, չենք կարող նույնիսկ երազել զարգացած կինոարտադրության, համատեղ արտադրությունների, վերահսկվող համակարգի մասին: Առանց կինոյի մասին օրենքի՝ կինոյի մասին մեր խոսակցությունները զուտ զգացմունքային բնույթ են կրելու: Պետք է ասեմ, որ կինոյի մասին օրենքի նախագիծ վաղուց կա, եւ հուսով եմ, որ պատկան մարմինները այն կընդունեն: Կինոարտադրության խնդիրներից մեկը նաեւ դիստրիբուցիան է, ֆիլմը վաճառելու գործընթացը: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ հեռուստաընկերությունները, նույնիսկ Հանրային հեռուստատեսությունը բացարձակապես հետաքրքրված չեն հայկական կինոյով, եւ Հայաստանում մենք ունենք ընդամենը 4 կինոթատրոն՝ Բերդում, Գյումրիում եւ Երեւանում, ապա անհասկանալի է դառնում, թե նկարահանված ֆիլմն ինչ ճանապարհով պիտի ետ բերի ծախսված գումարը կամ գոնե հասնի իր հանդիսատեսին: Կարծում եմ, որ մեր արտադրությունը միջազգային շուկա հանելու մասին խոսակցություններն այս պարագայում առավել քան կցկտուր են եւ պայմանավորված եզակի օրինակներով: Բազմաթիվ խնդիրներ ունենք վիճակագրության, արխիվացման ոլորտներում եւս: Հայտնի չէ՝ տարեկան քանի՞ ֆիլմ է նկարահանվում, ի՞նչ բյուջեով եւ որքա՞ն շահույթ է ստացվում դրանից: Նույնիսկ չգիտենք, թե քանի՞ մասնավոր կինոարտադրողական ընկերություն կա Հայաստանում, ինչո՞վ են դրանք զբաղված:

– Վերջին տարիներին հայրենական ո՞ր ֆիլմերն են (պատմակա՞ն, թե՞ ժամանակակից ֆիլմեր, դասական գրականության ստեղծագործությունների էկրանավորում) դարձել առավել հայտնի, որքա՞ն մեծ է նման ֆիլմեր ստեղծելու պահանջը:

– Շարունակելով թեման՝ նշեմ, որ ժամանակակից կինոյի խնդիրներից մեկը հեղինակային եւ մասսայական (դրամարկղային) կինոյի բեւեռացումն է: Գոյություն ունի մաքուր հեղինակային եւ դրամարկղային կինո: Եթե հեղինակային կինոն նախատեսված է որոշակի թվով հանդիսատեսի համար եւ ներկայացվում է կինոփառատոներում, սրան զուգահեռ արդեն գոյություն ունեն սերիալների մակարդակի ֆիլմեր, որոնք շատ մեծ քանակությամբ հանդիսատես են հավաքում ի հաշիվ հեռուստատեսությամբ արվող գովազդների՝ օրինակ՝ «Փնտրվում է միլիոնատեր», «Ալաբալանիցա» եւ այլն: Որպես կանոն, հեղինակային ֆիլմերը չունեն երկար կյանք, չեն հավաքում հանդիսատես, որովհետեւ չեն կարողանում ապահովել համապատասխան գովազդ, հեռուստաընկերություններին սա չի հետաքրքրում: Այս բեւեռացումը բերում է միջին տեսակի ֆիլմերի կորստի: Եթե նախկինում հեղինակային եւ մասսայական ֆիլմերի խառնուրդը ծնում էր գրագետ ու հետաքրքիր ֆիլմեր, ապա այսօր դրանք չեն ստեղծվում:

Հիմա բողոքում են, թե ինչու պետական բյուջեով նկարահանված ֆիլմերը մենք չենք կարողանում դիտել եւ նայում ենք սերիալներ: Բողոքը միանշանակ տեղին է, եւ կարծում եմ՝ պետք է պատկան մարմինների ուշադրությանն արժանանա: Այսպիսով, կարող եմ ասել, որ հաջողված ֆիլմերը չեն դառնում պոպուլյար եւ դրանց պահանջարկն աստիճանաբար մարում է:

– Վերջին տարիներին հայկական ֆիլմերը մասնակցե՞լ են միջազգային կինոփառատոներին, որքանո՞վ են այդ ֆիլմերը հայտնի մեզ մոտ:

– Հայկական ֆիլմերը շատ են մասնակցում միջազգային կինոփառատոներին: Օրինակ՝ Հարություն Խաչատրյանի «Սահման»-ը, որ 20 ավելի մրցանակներ ունեցավ մի շարք հեղինակային կինոփառատոներում: Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ» ֆիլմը եւս ունեցավ մեծ հաջողություններ եւ հայկական այն եզակի ֆիլմերից է, որ գնվեց միջազգային դիստրիբուցիոն ընկերության կողմից: Կարող եմ հիշատակել Միքայել Վաթինյանի «Ժաննան եւ ձայները» ֆիլմը, որի պրեմիերան տեղի ունեցավ Պուսանի միջազգային կինոփառատոնում եւ որի շնորհանդեսը տեղի կունենա «Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային կինոփառատոնի շրջանակներում այս հուլիսին: Վիգեն Չալդրանյանի, Էդգար Բաղդասարյանի, Արմեն Խաչատրյանի, Արման Երիցյանի, Մարիա Սահակյանի ֆիլմերը եւս հաջողություններ են ունենում միջազգային կինոփառատոներում: Ստացվում է, որ դրսում մեր ֆիլմերը ստանում են մրցանակներ, բայց անհայտ են մնում այստեղի հանդիսատեսի համար: Դա իր հետ բերում է մեր տեղական կինոյի անկմանը: Վստահաբար կարող եմ ասել, որ մենք ունենք ներկայանալի երիտասարդներ կինոյում (Դիանա Կարդումյան, Միքայել Վաթինյան, Մարիա Սահակյան, Նիկա Շեկ, Արկա Մանուկյան), բայց ֆիլմ նկարահանելու հնարավորություն նրանք շատ դժվար են ստանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031