Տեղեկացրել էինք, որ հունիսի 8-ի երեկոյան տեղացած, չափերով հավի ձվից խոշոր կարկուտը մեծ վնասներ է պատճառել Նոյեմբերյան քաղաքից 8 կմ հեռավորության վրա գտնվող սահմանամերձ Ջուջեւան գյուղին: Կարկուտը ջարդել է առանձնատների ծածկերի ազբոշիֆերները, մարդատար մեքենաների թիթեղյա ծածկերը եւ մեքենաների ապակիները, վնասել գյուղի ցանքատարածությունները, պտղատու ծառերը: Կարկտահարությունն այնքան ուժգին էր, որ ընտանի կենդանիները խուճապահար փախել էին բակերից: Տարերքի պատճառած վնասները հաշվարկվել են համայնքի եւ Տավուշի մարզպետարանի հանձնախմբերի կողմից: Ջուջեւանի գյուղապետ Ժորա Չիլինգարյանը հայտնեց, որ կարկտահարությունից ջարդվել են գյուղի 144 առանձնատների տանիքների շիֆերները, վնասվել է ընդհանուր առմամբ 10 400 հատ շիֆեր, տների տանիքների ծածկերի 20 700 քառակուսի մետր մակերեսի 80 %-ը շարքից դուրս է եկել: Գյուղապետն ասաց, որ վերջին օրերի անձրեւներից պաշտպանվելու համար գյուղացիները ժամանակավոր լուծում են գտել՝ տանիքների շիֆերների վնասված տեղերը ծածկել շիֆերի կտորներով, թիթեղներով, բրեզենտով: Նրա վկայությամբ՝ կարկտահարությունից օժանդակ շինությունների, անասնագոմերի, ավտոտնակների կրած վնասները չեն հաշվարկել: Կարկտահարությունից տուժել է 6.5 հա տարբեր մշակաբույսերի ցանքատարածություններ: «Գյուղի ցանքերի եւ այգիների վնասները նույնպես չենք հաշվարկել: Մենք այդ վնասների փոխհատուցման պահանջ չենք դնում, կարեւորը՝ բնակարանների ծածկի խնդիրն է»,- ասաց Ժորա Չիլինգարյանը:
Կարկտահարության վնասների վերաբերյալ հաշվարկներն ուղարկվել են կառավարություն, դեռեւս հայտնի չէ, թե երբ է օգնություն ցուցաբերվելու կարկտահարությունից տուժած ջուջեւանցիներին:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ