Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին գործող օրենքի 5-րդ հոդվածի 12֊րդ կետում գրված է՝ Անձնագիրը Հայաստանի Հանրապետությունում տրամադրվում (փոխանակվում) է դիմում ներկայացնելու օրվան հաջորդող 15-րդ աշխատանքային օրը կամ քաղաքացու ցանկությամբ առավել սեղմ ժամկետներում՝ գանձվող վճարի դիմաց: Գանձվող վճարի չափը եւ դրա դիմաց անձնագիր տրամադրելու (փոխանակելու) ժամկետը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
Կառավարությունն այս տարվա ապրիլին սահմանել է սեղմ ժամկետների եւ վճարի չափերի ցանկը: Թվում է, թե ամեն ինչ արված է, օրենքը կա, իրավական ակտերը կան, անձնագիր ուզողները կան ու կան: Բայց դժգոհ ենք, լավ էլ նկատած կլինեք: Թերթերում կարդում եմ. մարդիկ արձակուրդներ են տապալում ու ուղեւորատոմսեր են կորցնում, որովհետեւ իրենց կամ երեխաների անձնագրերը ժամանակին չեն տալիս: Բա կենսաչափական անձնագրերն ու նույնականացման քարտե՞րը: Իսկ դրանք էժան հաճույք չեն քաղաքացիներիս համար. 25 հազար՝ պլյուս 3 հազար՝ արդար քրտինքով վաստակած դրամ: Թե հարկ լինի, սրանց ստացման դժվար ճանապարհի օրինակների մասին էլ կգրեմ՝ մեկիկ-մեկիկ:
Մամուլում կարդում ենք վարչության պետի արդարացումը՝ սեզոնի անձնագրային պահանջարկը նախատեսվածից ավելին է եղել: Լսում ենք տարածքային անձնագրային ծառայության բացատրությունները՝ կենսաչափականները նոր բան են, բարդ է 15 օրում հասցնելը (օրացուցայինով 20֊ի էլ է հասնում, դեռ դրանից հետո՝ գնա֊արի, գնա-արի): Դա բոլորովին էլ քաղաքացիներիս խնդիրը չէ, նախատեսեիք, կարգավորեիք, հաշվարկեիք: Քանի ամիս էիք նախապատրաստվում: Դերձակի արհեստանոց չի ի վերջո՝ այսօր չեղավ, վաղն արի («Հլա նոր եմ ցրցամ տվել, թե որ կարեմ»):
Կարդացեք նաև
Եթե ես ուշացնեմ իմ հեռախոսի վարձը, ի՞նչ կլինի: Կանջատեն կապս: Էլեկտրական հոսանքի կամ գազի վարձն ուշացնեմ՝ էլի կանջատեն: Ոչ ոք ականջ չի անի, չէ՞, նվնվոցիս, թե այս ամիս աշխատավարձս ուշ են տվել, կամ սեզոնային ծախսերս շատ էին՝ կոմունալ վճարումներին հերթ չհասավ: Այդ ինչո՞ւ հասարակ քաղաքացին պատասխանատու է օրենքի ու կարգի առջեւ, պետական մարմինը՝ ոչ:
Մի բանից շատ, չափից դուրս շատ զարմացած եմ: Այ սիրելի անձնագրային եւ վիզաների վարչություն, ո՞ր մոլորակից եք, այդ ո՞նց եք կարողացել ձեզ վեր դնել օրենքից էլ, իրավական ակտերից էլ, եւ հունիսի 18-ից ժամանակավորապես դադարեցնել սեղմ ժամկետներում անձնագիր կամ նույնականացման քարտ տրամադրելու պայմանագրերի կնքումը՝ քաղաքացուց գանձվող վճարի դիմաց: Քաղաքացիական օրենսգրքի 437 հոդվածի 1-ին մասն եք որպես դրա հիմք մեջբերել: Մի քանի անգամ կարդացինք, կարդացինք, շատ ուզեցինք եթե ոչ հիմք, գոնե մի չնչին կապ գտնել հոդվածի ու ձեր այդ գործողության մեջ: Վերջապես գլխի ընկանք, որ ուզում եք ասել՝ պայմանագիր կնքելը հարկադրելով չի, ու ես՝ իրավաբանական անձս, միառժամանակ չեմ ենթարկվում քաղաքացու հարկադրանքին, ու նրա հետ պայմանագիր չեմ կնքում սեղմ ժամկետում անձնագիր տալու մասին, թեկուզ՝ վճարի դիմաց: Բայց ախր մի նուրբ բան կա այստեղ, օրենքն է ձեզ հարկադրում անձնագիրը տալ առավելագույնը դիմելուց հաշված 15֊րդ օրը կամ քաղաքացու ցանկությամբ առավել սեղմ ժամկետներում՝ գանձվող վճարի դիմաց: Եվ կառավարության որոշումներն օրենքի հետ ձեզ ոչ միայն հարկադրում, այլեւ հուշում են, թե այդ օրենքը կատարելու համար ինչը, երբ, ինչպես անեք եւ ինչքան գումար գանձեք: Իսկ թե շատ էիք ստիպված դադարեցնել սեղմ ժամկետի կարգը, միակ օրինական ճանապարհը Ազգային ժողովում օրենքի փոփոխությունն էր՝ բոլոր պարտադիր ընթացակարգերով: Ձեզ ու ձեզ վերցրել, կասեցրել եք օրենքի այդ մասը:
Ճիշտն ասած, երբ տարիներ առաջ առաջին անգամ օրինականորեն ամրագրվեց սեղմ ժամկետում անձնագիր ստանալու համար որոշակի գումար վճարելը, խոսվում էր կոռուպցիոն ռիսկերը վերացնելու մասին: Իհարկե, շատ լուրջ քայլ էր, լավ էլ ծառայում էր իր նպատակին: Ու հիմա, երբ վերցրել ու այդպես մի հարվածով դադարեցրել եք այդ գործընթացը, շատ եմ ափսոսում. սեզոնային ծանրաբեռնվածության այս պայմաններում օր առաջ անձնագիր ստանալ տենչացող քաղաքացիներից ինչքա՜ն գումար կգանձվեր պետբյուջեի հաշվին…
Այսպես տնավարի ու տնայնագործական մոտեցումներով ո՞ւր ենք հասնելու, թեկուզ ունենանք ՀՀ քաղաքացու՝ գերարդիական, չիփով անձնագիր ու քարտ:
ՌՈՒԶԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ