Լրահոս
Օրվա լրահոսը

Զինվորականի եւ հողագործի դեմ գործը դեռ դատարանում է

Հուլիս 06,2012 12:38

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Աղասի Մելքոնյանի եւ Վահե Սիմոնյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը:

Սույն քրեական գործի նախաքննությունն իրականացրել է ՀՀ ՊՆ 4-րդ կայազորային քննչական բաժինը:

Դա բացատրվում է նրանով,  որ Վահե Սիմոնյանը պաշտպանության նախարարության զորամասերից մեկի 1-ին տանկային աշտարակների գումարտակի շտաբի պետն է, մայոր՝ զինվորական կոչումով:

Աղասի Մելքոնյանը հողագործ է, բազմանդամ ընտանիքի հայր, 30 տարի վարում է մեքենա եւ ինչպես ինքն է ասում՝ որեւէ անգամ խախտում չի կատարել:

Ըստ գործի նյութերի, անցյալ տարվա հուլիսի 14-ին, առավոտյան ժ. 08.30-ի սահմաններում, մայոր Վահե Սիմոնյանը իր «Հոնդա Ակորդ» մակնիշի 05 ՏՕ 192 պետհամարանիշի ավտոմեքենայով գերազանցել է սահմանված արագությունը, իրականացրել ձախակողմյան երթեւեկություն, թույլ է տվել ճանապարհատրանսպորտային կանոնների խախտում:

Նա բախվել է չնախատեսված տեղում շրջադարձ կատարող Աղասի Մելքոնյանի «ՎԱԶ 21 063» մակնիշի 28 ՏԼ 764 պետհամարանիշի ավտոմեքենային: Քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել էր, որ բախումից հետո Վ. Սիմոնյանը, կորցնելով ավտոմեքենայի կառավարումը, շուրջ 103 մետր անցնելով՝ մուտք է գործել ձախակողմյան մայթ, անզգուշությամբ վրաերթի ենթարկել Արմավիրի մազի Արաքս գյուղի բնակչուհի Եվա Սարգսյանին: Վերջինը «Արմավիր» բժշկական կենտրոնում, գիտակցության չգալով, մահացել էր: Վնասվածքներ էին ստացել եւս 3-ը, որոնք կանգնած են եղել մայթեզրին:

Երկու վարորդների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Մայորն իրեն մեղավոր է ճանաչել, իսկ Աղասի Մելքոնյանը իրեն մեղավոր չի ճանաչել:

Նա առավոտյան, դաշտի ճանապարհին, տեսել է հարեւանուհուն, որն իրեն վատ էր զգում: Առաջարկել է նրան տուն տանել: Ա. Մելքոնյանը պատմում է, որ միացրել է ավտոմեքենայի ձախ թարթիչը, կատարել է ձախ շրջադարձ, սկսել է ուղղություն վերցնել իրենց փողոցի ուղղությամբ:

Ըստ Ա. Մելքոնյանի, իր համար անսպասելի, ձախ կողմից մի ավտոմեքենա բարձր արագությամբ բախվել է իր ավտոմեքենային ու հեռացել:

«Ես դողում էի, չհասկացա, թե ինչ կատարվեց: Այնքան վատ էի, որ ուզում էի շտապ տուն հասնել»,- պատմում է Ա. Մելքոնյանը: Ի դեպ, մինչ օրս նա չի էլ թաքցնում, որ իր մոտ մնացել է վախի զգացումը:

Ա. Մելքոնյանը տուն է գնացել եւ հետագայում իր որդուց է տեղեկացել, որ մյուս մեքենան շրջվել է եւ վրաերթի ենթարկել համագյուղացիներ Մարինեին, Վարսենիկին, Մելանիային եւ Եվա Սարգսյանին:

Վկաներից՝ Օհան Կարապետյանը ցուցմունք էր տվել, որ դեպքի օրը ինքը կանգնած է եղել Արմավիր տանող ճանապարհին, երբ նկատել է համագյուղացի Աղասի Մելքոնյանի «ՎԱԶ» ավտոմեքենան, որը փորձել է շրջադարձ կատարել, սակայն, երբ «ՎԱԶ»-ը «դանդաղ թեքվում էր դեպի ձախ, ճանապարհի ձախ մասից մեծ արագությամբ դուրս եկավ մուգ գույնի մի ավտոմեքենա, բախվեց «ՎԱԶ»-ին, որից հետո մուգ ավտոմեքենան կորցնելով կառավարումը՝ գնաց տների կողմը…»:

Ի դեպ, այս գործով վկա են ճանաչվել 7-ը:

Ըստ դատաավտոտեխնիկական փորձաքննության թիվ 33091108 եզրակացության՝ «Հոնդա Ակորդ» ավտոմեքենայի վարորդը, ավտոմեքենան վարելով սահմանված թույլատրելի առավելագույնը գերազանցող արագությամբ, տեխնիկական տեսակետից ստեղծել է վթարային իրադրություն …դրանով իսկ պայմանավորել տվյալ պատահարի առաջացումն՝ ինքն իրեն զրկելով այն կանխելու տեխնիկական հնարավորությունից: Ո՞ւր էր շտապում մայորը, մանավանդ հայտնի է, որ նա մեքենա վարելու  փորձ էլ չի ունեցել:

Հետաքրքիր է, որ նույն մեղադրանքն առաջադրվել է բախման մեջ անսպասելի հայտնված առաջին վարորդին՝ Աղասի Մելքոնյանին, որը, ըստ փորձագետի, նույնպես կարող էր կանխել պատահարը:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031