Ճանաչված բժիշկներից բացի՝ քաղաքը զանգվածաբար լքում են նաեւ փորձառու արհեստավորները
«Հինգշաբթի» շաբաթաթերթի տնօրեն Արմեն Մարտիրոսյանի վստահեցմամբ՝ գյումրեցիները շարունակում են տուն-տեղ վաճառել ու զանգվածաբար արտագաղթել դեպի արտերկիր, համենայնդեպս՝ այդ մասին են փաստում իրենց թերթի էջերում տեղադրված հայտարարությունները: Ըստ մեր զրուցակցի՝ վաճառում են անգամ այն հողամասերը, որոնք նախատեսված էին սեփական տուն կամ օբյեկտ կառուցելու համար:
«Շատ ցավալի է, մարդիկ գալիս, տունն ու տան գույքը վաճառելու հայտարարություն են տալիս, նրանք չեն վաճառում նորը գնելու, կենցաղը բարելավելու համար, այլ զգում ես, որ եթե էդ մարդը վաճառում է նաեւ տան գույքը, ուրեմն ընդմիշտ գնում է: Շատ եմ ափսոսում. մեր հայտարարությունների եթե ոչ 100 տոկոսը, ապա մեծ մասը հենց այդ թեմայով է»,- ասում է թերթի տնօրենը: Ըստ նրա՝ ամենացավալին այն է, որ Գյումրին լքում են ինչպես բիզնեսմենները, այնպես էլ պրոֆեսիոնալ արհեստավորները՝ դարբինները, պատշարները, այսինքն՝ այն զանգվածը, որը հաստատ իր տեղը կգտնի արտասահմանում: «Եթե չկանխվի սա, մենք մի քանի տարի հետո մարդ չենք ունենա, արդեն իսկ մասնագետի լուրջ խնդիր ունենք, բայց սա շինարարի ու արհեստավորի երկիր է եղել, այն գործը, որ նա պիտի անի Հայաստանում՝ կրկնապատիկ ու եռապատիկ ավելի կստանա արտերկրում այդ նույն արած գործի համար, դրա համար էլ հեռանում է: Եթե երկիրդ լավը լինի, նորմալ տնտեսություն ունենաս, մեկը մեկով հաստատ կսկսի տնտեսությունը աշխատել: Եթե հարեւաններիդ 80 տոկոսը վատ է ապրում, ապա դա ուշ թե շուտ քեզ վրա էլ կանդրադառնա, որովհետեւ, եթե հարեւանդ չգնա, էդ ծառայությունից չօգտվի, էդ ապրանքը չգնի, ոչ մի տնտեսություն չի զարգանա»,- ասում է Արմեն Մարտիրոսյանը:
Ըստ նրա՝ Գյումրու փրկության միակ ճանապարհը ազատ տնտեսական գոտի ստեղծելն է, որի մասին տարիներ շարունակ թեեւ խոսում են, սակայն գործնականում ոչինչ չեն անում: «Անհրաժեշտ են որոշ արտոնություններ հարկային մասով, որպեսզի մարդիկ շահագրգռված լինեն, բերեն գործ դնեն Գյումրիում ու աշխատատեղեր ստեղծեն, այլապես Գյումրին արդեն դատարկվել է: Կա կրիտիկական պահ. եթե ճիշտ ժամանակին այն չկանխվի, քաղաքը կմեռնի, հետո դժվար կլինի քաղաք մարդ բերելը: Գյումրիի փողոցները ավերակ վիճակում են, քաղաքը գնացել է դեպի 90-ական թվականներ, «Լինսի» ասֆալտապատած փողոցների 10 տարին լրացել է, շատ լավ ասֆալտապատել էին, 10 տարվա երաշխիք էլ տվել էին: 10 տարի հետո նորը պիտի կառուցվի, իսկ հիմա «Լինս» չունենք, դոնորներ չկան, հանրապետական բյուջեից այս քաղաքի համար փող դնող չկա, էն բարերարները, որոնք ժամանակին փող են դրել, տեսել են, թե ինչ է կատարվել էդ փողի հետ: 4 հարկանի շենք պիտի կառուցեին, բայց 3 հարկանի կառուցեցին, բա էդ մի հարկի գումարը ո՞ւր է գնացել, դրա համար ոչ մի բարերար ոտք չի դնում Հայաստան, օգնություն չկա՝ երկիրը կառուցելու համար»,- ասում է նա:
Կարդացեք նաև
Ա. Մարտիրոսյանի խոսքերով՝ քաղաքը փոշու ու աղբի մեջ թաղված է, ինչի պատճառով անառողջ սերունդ է մեծանում, երեխաները թեեւ հեծանիվ ու գնդակ ունեն, սակայն քշելու ու խաղալու տեղ չունեն: Ա. Մարտիրոսյանի համոզմամբ՝ սա եւս հիմնավոր պատճառ է Գյումրիից հիասթափվելու ու քաղաքը լքելու համար. «Եթե անգամ շատ հեռու չգնաս, մի անգամ գնաս Վրաստան ու տեսնես, թե ինչ ձեւի են կառուցում իրենց երկիրը, իրոք կնախանձես: Ցավ ես ապրում՝ ինչո՞ւ պիտի մենք չունենանք նման լավ երկիր, երբ մենք լավ ժողովուրդ ենք, հայը լավ մարդ է, միշտ ասում են՝ նավթ չունենք, ռեսուրս չունենք, ամենակարեւոր ռեսուրսը, որն աշխարհի ոչ մի երկիր չունի, բացի Հայաստանից, մարդկային ռեսուրսն է, իսկ հայը ստեղծող, արարող, քարից հաց սարքող է, բայց մենք հիմա այդ ռեսուրսը նվեր ենք տալիս ուրիշներին. բա սա լինելու բա՞ն է»,- նեղսրտում է թերթի տնօրենը:
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ