Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ գործարարի մեջքին չեն կանգնում

Հուլիս 06,2012 12:34

Տրիկոտաժի «Տոսպ» ձեռնարկության ղեկավար Սուրեն Բեկիրսկին «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ մեր երկրում բիզնեսի զարգացման համար բազմաթիվ խոչընդոտներ կան:

«Տոսպ» ձեռնարկության ղեկավարի խոսքերով՝ չնայած երկար տարիներ է՝ աշխատում է բիզնեսի ոլորտում եւ կարելի է ասել՝ կայացած բիզնեսմեն է, սակայն համոզվել է, որ սկսած հարկային դաշտից, իրացումից՝ մինչեւ արտահանում խնդիր է: Պարոն Բեկիրսկու ներկայացմամբ՝ թիվ առաջին խնդիրը տեղական շուկան է, որը ողողված լինելով թուրքական ապրանքներով՝ ուղղակի «նեղում է» հայկական արտադրանքին:

«Առավոտը» հայկական հագուստ արտադրողից հետաքրքրվեց, թե ինչպես է մրցակցում այն պայմաններում, երբ մեր շուկայում բավականին էժան գներով լցված են չինական ու թուրքական հագուստները, եւ հայերը հիմնականում գերադասում են հենց այդ ապրանքները: «Տոսպի» ղեկավարի խոսքերով՝ «Շատ տխուր վիճակ է: Կարող եմ ասել՝ մրցակցություն չկա, որովհետեւ իմ մրցակցի ապրանքը իմ իսկ շուկայում հայտնվում է հենց իմ ուժերով ու իմ գումարներով: Հայ գործարարը մեր հայկական փողով գնաց՝ թուրքական գործարարին կանխիկ գումար վճարեց, ապրանքը բերեց ու մեր տոնավաճառներում լցրեց: Թուրքը առանց ոչ մի կոպեկ վճարելու իր ապրանքը բերեց լցրեց մեզ մոտ: Իսկ թե ինչ ճանապարհով է հայտնվում, մենք բոլորս էլ գիտենք. բարդանի կամ կիլոգրամի արժեքով, ՀԴՄ չկա, ինվոյս չկա եւ այլն, ու սա արդեն մրցակցության խնդիր է ստեղծում: Ես այստեղ 4 պատի մեջ աշխատելով՝ ամեն ապրանքի համար ունեմ հաշիվ-ապրանքագիր տալու պարտավորություն, հարկային տեսչություն, հարկայինի օպերատիվ աշխատող, որը կարող է ցանկացած պահի բռնել՝ եթե խելքին փչի, ունեմ իրենց ներկայությամբ գույքագրելու պարտավորություն եւ այլն: Ես միկրոսկոպի տակ եմ: Ստացվում է՝ նա էլ է աշխատում իմ շուկայում՝ իմ փողերով, ես էլ: Այսինքն՝ ես իմ շուկայում նրա հետ մրցակցելով՝ պաշտպանված չեմ: Ես էլ խնդրում եմ՝ մի՛ փակեք օդերս»: Ըստ պարոն Բեկիրսկու՝ հագուստի մեր շուկայում ստեղծվել է գործարարների մի մեծ բանակ, որոնք աշխատում են մաքսայինի գիտությամբ, բայց սեւ ճանապարհով. «Քանի որ եթե մաքուր աշխատեն, ապա շուկայում այդ ներմուծված ապրանքներն այդքան էժան չեն լինի: Մի օրինակ ձեզ բերեմ, որը մի 3 տարի առաջ մաքսայինի կայքէջում եմ կարդացել: 2008 կամ 2009-ին Հայաստան է ներկրվել 10 միլիոնից ավելի ռետինե հողաթափեր: Դա, ենթադրում եմ, բոթասներ են եղել, կոշիկներ եւ այլն, բայց անցել են հողաթափի անվան տակ, ընդ որում՝ 50 ցենտով: Այդ ներկրող ֆիրման հաջորդ տարի ռեգիստրում այլեւս չկար: Նույնը նաեւ իմ շապիկների շուկայում է կատարվում՝ գալիս է 100 կիլոյանոց բարդան, որի մաքսազերծման արժեքը մոտ 2 դոլար է 1 կգ-ի համար: Այստեղ նորմալ մրցակցային դաշտի մասին խոսելն անիմաստ է»:

ՀՀ կառավարությունն ամեն հարմար առիթով հայտարարում է, որ տեղական արտադրողին աջակցում է, որպեսզի ապրանքն արտահանի: Պարոն Բեկիրսկուց հետաքրքրվեցինք, թե որքանո՞վ է սեփական «մաշկի» վրա զգում պետական աջակցությունը, հատկապես, որ արտերկրում հայկական դեսպանատների համապատասխան բաժիններն ու մասնագետները պետք է աշխատեն այդ ուղղությամբ: Մեզ հետ զրույցում պարոն Բեկիրսկին մի ուշագրավ օրինակ բերեց, թե ինչպես պետությունը չի աջակցում արտերկրում տեղական արտադրողին: Գործարարի պատմելով՝ Մոսկվայում 2 տարին մեկ սեփական հովանավորությամբ մեծ ցուցահանդես-վաճառքի է մասնակցում: Ցուցահանդեսներից մեկի ժամանակ 4-5 հայ գործարարներով մի համեստ տաղավար են վերցրել ու միայնակ փորձել հայկական արտադրողի պատիվը բարձր պահել: Հայ գործարարների կողքին որեւէ հայ չինովնիկ չի եղել՝ ի տարբերություն բելառուսների, որոնց տաղավարն, ըստ պարոն Բեկիրսկու, բացի այն, որ 1500 քմ տարածք է զբաղեցրել, պետական ամենաբարձր մակարդակով ներկայացվել են նրանց արտադրատեսակները: Հայ գործարարի պատմելով՝ բելառուս արտադրողների մեջքին կանգնած են եղել նրանց վարչապետն ու նախարարներ, որից հետո ռուսներն էլ, ուզած-չուզած, ցուցահանդեսին այցելել են բելառուսների տաղավար: Ընդ որում, ռուս պաշտոնյաները առեւտուր էլ են արել, ինչը, հայ գործարարի կարծիքով, մի քայլ է եղել հետագա համագործակցության. «Ես, դա տեսնելով, դիմեցի Մոսկվայի հայկական դեսպանատուն՝ խնդրելով, որ որեւէ պաշտոնյա ներկա գտնվի մեր հաջորդ ցուցահանդեսին. խոստացան, բայց ոչ ոք էլ չեկավ»:

Այն, որ պետությունն ամեն կերպ փորձում է աջակցել փոքր ու միջին բիզնեսին եւ օրենքներ է ընդունում նրանց հոգսը թեթեւացնելու համար, Սուրեն Բեկիրսկին գտնում է, որ դա փչացնող քաղաքականություն է եւ խախտում է բիզնեսում հավասարության սկզբունքը: Հայ գործարարի խոսքերով՝ 3 ամիսը մեկ օրենք փոխելը հարց չի լուծում: Փոքրերին արտոնություն տալը՝ ԱԱՀ-ից ազատելն էլ անիմաստ է եւ ընդհանուր առմամբ՝ «տնտեսական միջավայրը փչացնող քաղաքականություն»: Ըստ գործարարի. «Դա ոչ թե շուկայի վերաբերյալ խորը, արմատական փոփոխություններ անելու ցանկությունների արտահայտություն է, այլ տեղային մակարդակով հարց լուծել է՝ առանց հասկանալու, որ մի հարցը լուծելով՝ 2-րդ հարցն ես բարդացնում: Օրինակ՝ փոքրերին եւ միջիններին ազատում են ԱԱՀ-ից, բայց չէ՞ որ այդ նրանք, իրենց ձեռնարկություններում օգտագործում են նյութեր, որոնց մեջ անկասկած արդեն իսկ կա ԱԱՀ: Վարսավիրանոցը հոսանքի համար վճարում է ԱԱՀ-ով: Այն, որ ինքը շրջանառությունից հետո հաշվետվություն չի տալիս ու եւս իր ծախսերի ու արտադրածի տարբերությամբ ԱԱՀ-ն չի վճարում, դա չի նշանակում, որ ինքը մեծ խնդիրներից ազատվեց, ինքն ուղղակի հաշվետվության հետ կապված խնդիրներից ազատվեց: Միատիպ օրենքներ են պետք բոլորի համար: Պետություն, ուզո՞ւմ ես աջակցել ոլորտի ձեռնարկությունների մի զանգվածին, առանձնացրու այդ ձեռնարկությունները, իրենց աշխատանքի արդյունքում տված արտադրանքի վերաբերյալ առանձին մոտեցում ցույց տուր՝ դոտացիա, սուբսիդիա կամ հետվերադարձի պայման եւ այլն»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031