«Անկախ կոչված որոշ մամուլի միջոցներ եւ քաղաքական ուժեր, այդ թվում նաեւ Հայ ազգային կոնգրեսից անջատված տարրեր, անցյալ տարվա հոկտեմբերից սկսած՝ պայքարել եւ, հակառակ իրենց կանխատեսումների չարդարացման, այսօր էլ շարունակում են պայքարել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընդդիմացումը եւ քաղաքական մյուս ուժերի, հատկապես Կոնգրեսի հետ համագործակցությունը վիժեցնելու համար՝ նպատակ հետապնդելով «Բարգավաճին» կրկին մղել Սերժ Սարգսյանի գիրկը»,- վերջին հանրահավաքում հայտարարել էր ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր Պետրոսյանը։ Երեկ «Առավոտը» փորձեց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանից ճշտել՝ սույն որակումը նաեւ Դավիթ Շահնազարյանի՞ն է վերաբերում, ով երեկ «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ դեռ ընտրություններից առաջ դուրս է եկել ՀԱԿ-ից: Պարոն Զուրաբյանն այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին, հետեւաբար նաեւ Դավիթ Շահնազարյանի «հրաժարականի» մասին մեկնաբանություններ ստանալ չհաջողվեց:
«Առավոտ» օրաթերթ