Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀՇ-ում տեղյակ չէին

Հուլիս 06,2012 12:27

Ավելին, Դավիթ Շահնազարյանի՝ ՀԱԿ-ից դուրս գալը անակնկալ էր իր կուսակիցների համար

Հայոց համազգային շարժում կուսակցությունում տեղյակ չեն եղել, որ իրենց կուսակից Դավիթ Շահնազարյանը դեռ մարտ ամսին, խորհրդարանական ընտրություններից առաջ, դադարեցրել է իր քաղաքական գործունեությունը ՀԱԿ-ում: Երեկ այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Դավիթ Շահնազարյանը՝ հրաժարվելով մանրամասնել պատճառները: ՀՀՇ վարչության փոխնախագահ Վահագն Հայոցյանը երեկ պատասխանելով «Առավոտի» հարցին՝ ասաց, որ իրենց համար Շահնազարյանի՝ ՀԱԿ-ից դուրս գալը նորություն էր: Հարցին՝ ՀՀՇ-ում տեղյակ չե՞ն եղել, չի՞ քննարկվել այդ հարցը, պարոն Հայոցյանը շարունակեց. «Չէ, տեղյակ չենք եղել, քննարկում չի եղել»: Հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է, որ Շահնազարյանի կուսակիցներն անտեղյակ են եղել նրա եւ ՀԱԿ-ի տարաձայնություններից, երբ դրանք ամիսների պատմություն ունեն, ու հետաքրքրվեցինք՝ այնուհանդերձ, ինչպե՞ս են ՀՀՇ-ում վերաբերվում այդ իրողությանը: ՀՀՇ փոխնախագահն ասաց, որ այդ մասին ոչ լսել է, ոչ որեւէ տեղ կարդացել, իսկ թե ինչպե՞ս են վերաբերվում՝ «կքննարկենք՝ կասենք»:

Պարոն Շահնազարյանը երեկ բավականին ուշագրավ մտքեր է արտահայտել խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակի մասին, ինչը նաեւ ՀԱԿ-ից դուրս գալու իր որոշման մասին ենթադրությունների տեղիք է տալիս: Պատճառը ԲՀԿ-ի հետ համագործակցության քայլն էր: Ի դեպ, երբ անցած տարի նոյեմբերի 29-ին կայացած ՀԱԿ հանրահավաքում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրապարակեց իր հայտնի քաղաքագիտական վերլուծությունը ՀԱԿ-ԲՀԿ հնարավոր համագործակցության մասին, «Առավոտը» (02.12. 2011) «Դեմ» լինելով «կողմ» են» հրապարակմամբ անդրադառնալով սույն խնդրին՝ տեղեկացրել է, որ ՀԱԿ կենտրոնական գրասենյակում քննարկում չի եղել ԲՀԿ-ի հետ համագործակցության վերաբերյալ: Թեման արծարծվել էր միայն ՀԱԿ կենտրոնական գրասենյակի առանձին ներկայացուցիչների հետ, եւ հիմնականում այդ համագործակցությանը «դեմ» կարծիքներ էին հնչել: «Դեմ»-երից մեկն էլ Դավիթ Շահնազարյանն էր, ով այդ պահին գերադասեց զերծ մնալ մեկնաբանություններից: Երեկ, սակայն, պարոն Շահնազարյանն ասել է. «Ընտրությունների արդյունքում Հայաստանում ամբողջովին փոխվեց քաղաքական համակարգի պատկերը: Եթե մինչեւ ընտրություններ Հայաստանում կար երկբեւեռանի քաղաքական համակարգ, որը մի կողմից՝ իշխանությունն էր, մյուս կողմից՝ ՀԱԿ-ը, ապա այսօր այդտեղ տեղի է ունեցել ընդդիմության բեւեռի փոփոխություն, եւ այդ տեղը զբաղեցնում է արդեն «Բարգավաճ Հայաստանը», որը ինքն իրեն համարում է այլընտրանքային եւ բոլոր հիմքերը ունի իրեն այլընտրանքային անվանելու»: Նաեւ հավելել է, որ «Բարգավաճ Հայաստանը» ունի «լեգիտիմության նույն աստիճանը, ինչ իշխանությունը, կամ գուցե ավելի ցածր, որովհետեւ շատ ավելի համակարգված էր ընտրակաշառքները բաժանում, քան իշխանությունը ներկայացնող Հանրապետական կուսակցությունը»: Այնուհետեւ Դավիթ Շահնազարյանը նկատել է. «Ամբողջ այս ընտրական գործընթացի արդյունքում ձեւավորվեց մի մթնոլորտ, որը հնարավորություն տվեց քոչարյանական իշխանության ռուդիմենտներին հրապարակայնորեն հանդես գալ եւ բավական մեծ ամբիցիաներով: Շատ դժվար էր պատկերացնել, որ խորհրդարանական ընտրություններում որեւէ մի կուսակցություն իր ցուցակի երկրորդ տեղում կընդգրկի քոչարյանական ռեժիմի այնպիսի կարկառուն ներկայացուցչի, ինչպիսին Վարդան Օսկանյանն է, եւ այս ընտրությունների արդյունքում, ըստ էության, քաղաքական պատասխանատվությունը ամբողջովին հանվեց քոչարյանական ռեժիմի վրայից՝ գոնե արտաքին քաղաքական առումով»:

Դավիթ Շահնազարյանի այս դիտարկումների առիթով ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ «Առավոտին» փոխանցեց. «Որոշ քաղաքական գործիչների եւ որոշ կուսակցապետերի մոտ «նոու հաու» է դարձել իրենց ներքին ինտրիգներին, ներՀԱԿական տարաձայնություններին, մուտիլովկաներին, անհաջողություններին, նեղացվածությանը եւ ձախողումներին փորձել քաղաքական երանգ տալ ու անպայմանորեն դա կապել ԲՀԿ-ի հետ: Բոլոր այդ կարգի քաղաքական գործիչներին, ովքեր ՀԱԿ-ի ներսում տարաձայնություններ ունեին եւ իմ գնահատմամբ՝ շատ մերկանտիլ, ինտրիգային, սադրանքային մակարդակի, խորհուրդ կտամ ընդհանրապես ձեռնպահ մնալ ԲՀԿ-ի անունը շահարկելուց: Եթե իրենց թվում է, թե ներքին ինտրիգները, իրենց ներքին բարդույթներին ու անբավարարվածության չհաղթահարված կոմպլեքսներին քաղաքական երանգ տալը իրենց կշիռը հանրության աչքին բարձրացնում են, խորապես սխալվում են: Հանրությունը հրաշալի գիտի նրանցից յուրաքանչյուրի իրական արժեքը, դերն ու նշանակությունը մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքում»: Ինչ վերաբերում է ԲՀԿ-Քոչարյան կապին, տիկին Զոհրաբյանն ասաց, որ իրենք այդ մասին այնքան են խոսել, որ կարծում էր, թե «ամենաանընկալունակ» մարդն էլ արդեն պիտի հասկացած լիներ: Այնուհանդերձ, նա այդպես մտածող բոլոր մարդկանց խորհուրդ է տալիս մեկ անգամ եւս վերընթերցել այդ առիթով Ռոբերտ Քոչարյանի՝ մի քանի ամիս առաջ տված հարցազրույցը, որտեղ, իր կարծիքով, հստակ մատնանշվում է, թե ո՞ր կուսակցության հետ են եղել Ռոբերտ Քոչարյանի իրական եւ շատ ամուր ու սերտ առնչությունները:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031