Ո՞վ կհաղթի Մեծամոր ավանի ընտրություններում
Սեպտեմբերի 9-ին քաղաքապետի ընտրություններ են տեղի ունենալու նաեւ Արմավիրի մարզի Մեծամոր ավանում: Պաշտոնական առաջադրումները կսկսվեն օգոստոսի 5-ից, սակայն արդեն հավանական թեկնածուների անուններ են շրջանառվում: Հավակնորդներն են գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Ռոբերտ Գրիգորյանը, նախկին քաղաքապետ Աշոտ Գրիգորյանը: Հավանական է, որ ԲՀԿ-ն էլ սեփական թեկնածուով հանդես գա, քանի որ խորհրդարանական ընտրություններում այս համայնքում ԲՀԿ-ն հաղթանակ տարավ: Իբրեւ ԲՀԿ հավանական թեկնածու՝ շրջանառվում է Սուսաննա Հակոբյանի անունը, ով խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակի 36-րդ համարն էր: Խոսվում է, որ ընտրություններին մասնակցելու ցանկություն ունի նաեւ Արմավիրի էլցանցի «Մեծամոր» տեղամասի պետ Սարգիս Հարությունյանը:
Այս ընտրությունները հետաքրքիր են նրանով, որ ինչպես Արմավիրի մարզի մյուս համայնքները, Մեծամոր ավանը նույնպես Հայաստանի անկախությունից ի վեր համարվում էր գեներալ Մանվել Գրիգորյանի տիրապետության տակ գտնվող տարածքներից: Երկար տարիներ այստեղ գեներալի գործուն աջակցությամբ քաղաքապետի պաշտոն էր զբաղեցնում նրա եղբայրը՝ Աշոտ Գրիգորյանը, որի ղեկավարության տարիներին Մեծամորում որեւէ դրական տեղաշարժ չեղավ: Գեներալի՝ եղբորը ցուցաբերած աջակցությունը միայն ընտրվելու հարցում էր, հետագայում այստեղ ոչ միայն աշխատանքներ չէին կատարվում, այլեւ փորձ էր արվում առավելագույն օգուտներ քաղել: Սրանից բացի, նաեւ վախի մթնոլորտն էր գերիշխում, քանի որ Աշոտ Գրիգորյանը, գեներալ եղբոր աջակցությունն ունենալով, կողմնակից էր հարցերը բիրտ ուժով լուծելուն: Մեծամորցիները դեռ հիշում են Աշոտ Գրիգորյանի եւ նրա շրջապատի ամբարտավան պահվածքը: 2008-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում Մանվել Գրիգորյանի եւ նրա եղբոր ու եղբորորդիների հետ հարաբերությունների խաթարման արդյունքում Աշոտ Գրիգորյանը հրաժեշտ տվեց Մեծամորի քաղաքապետի պաշտոնին: Հիշեցնենք, որ այդ ժամանակ գեներալի եւ իշխող կուսակցության հարաբերությունները հարթ չէին՝ առաջին նախագահի՝ քաղաքական ասպարեզ վերադառնալու պատճառով: Գեներալի ազգականները վիճեցին Տեր-Պետրոսյանի «կողմն անցած» Մանվել Գրիգորյանի հետ: Գործը հասավ նույնիսկ գյուղամիջում տեղի ունեցած հրապարակային «հաշիվներ մաքրելուն»: Քաղաքապետ ընտրվեց ՀՀԿ-ական Ռոբերտ Գրիգորյանը, ով Աշոտ Գրիգորյանի թողածը սեփականաշնորհելու մոլուցքով տարված՝ հասցրեց մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններում պարտություն գրանցել սեփական կուսակցության համար: Մոտ 4500 ընտրող ունեցող համայնքում ՀՀԿ-ն ստացավ ընդամենը 1000 ձայն: Առաջին տեղում ԲՀԿ-ն էր, երկրորդում՝ «Ժառանգությունը»: Վերջինիս հարցում էական դերակատարում ունեցավ ատոմակայանի աշխատակիցների հարցերով «Ժառանգության» հետեւողական մոտեցումը, որի արդյունքում շատ հարցեր լուծումներ ստացան: Ինչ մնում է գործող քաղաքապետին, տեղացիները պատմում են, որ հատուկ անջրդի պահելով ու ամայացնելով նույնիսկ գազոններն ու մանկապարտեզներին հարակից տարածքները՝ վաճառում է դրանք՝ արհամարհելով անգամ քաղաքի ճարտարապետական տեսքը:
Կարդացեք նաև
ԲՀԿ հավանական թեկնածուի մասին առանձնապես կարծիքներ չեն հնչում, քանի որ, տեղացիների կարծիքով, չնայած խորհրդարանական ընտրություններում սեփական կուսակցության հաղթանակին՝ Սուսաննա Հակոբյանն ընտրվելու առանձնակի շանս չունի: Աշոտ Գրիգորյանի եւ Ռոբերտ Գրիգորյանի ամենահավանական մրցակիցն այստեղ համարվում է Արմավիրի էլցանցի «Մեծամոր» տեղամասի պետ Սարգիս Հարությունյանը, ով ՀՀ գլխավոր դատախազի եղբոր` Ռուբեն Հովսեփյանի սանիկն է, «Նիգ Ապարան» հայրենակցական միության տեղի կառույցի համակարգողը: Էլցանցի պետ աշխատելու իր 3-4 տարիների ընթացքում նա հասցրել է դրական իմիջ ձեռք բերել՝ տեղացիներին տարբեր հարցերում օգնելու պատրաստակամությամբ, բայցի այդ՝ «Նիգ Ապարանի» հովանու տակ քաղաքում կանաչապատման եւ բարեկարգման աշխատանքներ է իրականացրել:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ