Լրահոս
Օրվա լրահոսը

Հերթական «ինքնամաքրումը»

Հուլիս 06,2012 12:09

Որոշ հիմնարկներում եւ կուսակցություններում կա այսպիսի ոչ այնքան գեղեցիկ ավանդույթ. երբ որեւէ մեկը դուրս է գալիս աշխատանքից եւ լքում է քաղաքական ուժը, հիմնարկի ղեկավարը կամ նրա «խոսափողները» քաջալերում են մնացածներին՝ «մենք ինքնամաքրվում ենք, ազատվում ենք անվստահելի տարրերից, մեր շարքերն ավելի կուռ են դառնում» եւ այլն: Ես, օրինակ, երբեք այդպես չեմ մտածել: Երբ որեւէ մեկը ցանկացել է դուրս գալ «Առավոտից» (պարզ է, որ 18 տարում հնարավոր չէ նույն աշխատակազմը պահել), ես ցավ եմ ապրել, որովհետեւ ամեն մարդ՝ իր թերություններով եւ առաքինություններով հանդերձ, իր սեփական երանգն է տալիս տվյալ գործին, դարձնում է այն ավելի հետաքրքիր եւ բազմաշերտ: Բայց ես նկատել եմ, որ հատկապես կուսակցություններում երբեք նման ցավ, ափսոսանք չեն հայտնում, հակառակը՝ սկսում են հեռացած մարդու մասին չարախոսել, փնտրել թաքնված, չհայտարարված պատճառները՝ ղեկավարվելով, բնականաբար, դավադրության տեսությամբ:

Դավիթ Շահնազարյանի՝ ՀԱԿ-ը լքելու լուրը այդ կուսակցության (պնդում եմ, որ դա կուսակցություն է՝ ԱԺ ընտրություններից հետո) կողմից պաշտոնապես մեկնաբանվելու է հետեւյալ կերպ. «Դա պարոն Շահնազարյանի գործն է, մենք հարգում ենք նրա ընտրությունը», բայց ՀԱԿ-ի կարծիքը իբր չարտահայտող լրատվամիջոցներում եւ Ֆեյսբուքում միանշանակ հետեւություն է արվելու, որ նա, առարկելով ՀԱԿ-ԲՀԿ «քիրվայության» դեմ, ջուր է լցնում ավազակապետության ջրաղացին: Մինչդեռ պարոն Շահնազարյանի վերլուծությունը, որը հրապարակել է «Ազատություն» ռադիոկայանը, առնվազն արժանի է ուշադրության: Գլխավոր միտքը, որքան ես հասկանում են, հետեւյալն է. սուպերպրագմատիկ մոտեցումը, համաձայն որի՝ ներկայիս իշխանության տապալումը, իշխանափոխությունը այնպիսի մի գերնպատակ է, որ բացարձակապես կարեւոր չէ, թե ում ձեռքերով է դա արվելու, եւ ով է այդ իշխանափոխությունից գալու իշխանության, արդարացված չէ: Չի կարող նշանակություն չունենալ, թե ինչպիսի ներքին եւ արտաքին  քաղաքականություն է Հայաստանում անցկացվել 1998-2008 թվականներին, երբ իշխանության ղեկին էր այսօր այդ ենթադրյալ իշխանափոխությունն իրականացնող ուժը, ինչպիսի արժեքներով է այն ղեկավարվում: Քանի որ Հայաստանում մի անգամ եղել է իշխանության պառակտում եւ պալատական հեղաշրջում, մենք արդեն դրա որոշակի փորձն ունենք: 90-ականների առաջին կեսի ընդդիմադիրների այն մասը, որը պարզապես ատելությամբ էր լցված առաջին նախագահի նկատմամբ, շատ ուրախացավ, բայց նրանք, ովքեր ցանկանում էին համակարգի փոփոխություն, հասկանում էին, որ եթե նույնիսկ այդպիսին լինի, ապա միայն բացասական ուղղությամբ:

Որովհետեւ 98-ին իշխանության էր եկել նախկին իշխանական բուրգի ոչ լավագույն, ոչ ինտելեկտուալ, ուժային մասը: Այդպիսով ՀՀՇ-ական ավազակապետությանը փոխարինեց երկրապահական, իսկ այնուհետեւ՝ հանրապետական  ավազակապետությունը:

Ահա այդպիսի հիշողություններ է իմ մեջ արթնացրել պարոն Շահնազարյանի վերլուծությունը: Որքան էլ ասվի, որ նրա, իսկ դրանից առաջ նաեւ՝ Արամ Զավենի Սարգսյանի, Ալեքսանդր Արզումանյանի, Կարապետ Ռուբինյանի մտավախությունները տեղին չեն, չի կարող պատահել, որ բոլոր այդ հարգված ու հեղինակավոր մարդիկ ղեկավարվում են քիմերաներով: Պետք էր առնվազն փորձել գտնել նրանց ասածների մեջ ռացիոնալ հատիկը: Բայց մեր գրեթե  բոլոր կուսակցություններում, նաեւ՝ ՀԱԿ-ում, ընդունված է միակարծությունը՝ այն, ինչ «շեֆն» է որոշում, հանճարեղ է եւ քննարկման ենթակա չէ: Այդպես, իհարկե, ավելի հեշտ է ղեկավարել: Սակայն այդպես դժվար է պայքարել ժողովրդավարության համար:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031