Մաշտոցի այգում այսօր քաղաքացիները նշեցին Սահմանադրության օրը: Տոնակատարությունը սկսելուց առաջ մի խումբ ակտիվիստներ այգում նախ տեղադրեցին «Մաշտոցի պուրակը պատկանում է հանրությանը» ցուցատախտակը: Իսկ ավելի ուշ ակտիվիստները ներկայացան ելույթներով: «Ի՞նչ ենք տեսնում այս երկրում, մենք տեսնում ենք ամենաթողություն, մի խումբ հարուստ, իշխանությանը սերտաճած օլիգարխիայի կողմից, որոնք իրենց արտոնյալ դաս են զգում եւ կարող են մարդուց խլել ամեն ինչ, այդ թվում նաեւ նրա հիմնարար իրավունքը՝ կյանքի իրավունքը»,- իր ելույթում ասեց ակտիվիստներից մեկը՝ նշելով, որ Սահմանադրության օրը նշելով հանդերձ դեռ քաղաքացու սահմանադրական իրավունքը շարունակվում է ոտնահարվել: Մաշտոցի պուրակ էր եկել նաեւ երգիչ Արթուր Իսպիրյանը: Նրա երգերով ավարտվեց տոնակատարությունը: Ա. Իսպիրյանը ասաց, որ թեեւ այսօր Սահմանադրության կիրառման առումով խնդիրներ է տեսնում, բայց հավատում է, որ ապագայում այն ամբողջովին կկիրառվի.«Հասարակությունը, երբ արթնանում է, պայքարն ուժեղանում է, հասարակության այդ արթնացումն է նպաստում Սահմանադրության իրականացմանը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ