Գյումրու հասարակական-քաղաքական ու ժամանցային ուղղվածություն ունեցող «Հինգշաբթի» շաբաթաթերթի տնօրինությունը սկսել է հրատարկել մի նոր շաբաթաթերթ ևս ` «Հինգշաբթի ֆուտբոլ» անվանումով : «Այն ամբողջությամբ նվիրված է տեղական, հանրապետական և միջազգային ֆուտբոլին, բացի դրանից ունենք մի էջ, որը նվիրված է տեղական այլ մարզաձևերի հաղթանակների լուսաբանմանը: Իսկ թե ինչու՞ որոշեցինք «ֆուտբոլ» շաբաթաթերթ հիմնել, փորձը ցույց է տալիս, որ մարզասերներին հետաքրքրող ինֆորմացիան նրանք հիմնականում ստանում են ինտերնետից` մարզական կայքերից , բայց քանի որ այդ տեղեկատվությունը գրեթե բոլոր կայքերում կրկնվում է, մենք որոշել ենք գնալ այլ ուղղությամբ: «Ֆուտբոլ» շաբաթաթերթում հրատարակելու ենք նյութեր, որոնք չեն գտնի կայքերում, լինելու է բացառապես մեր սեփական լրատվությունը , վերլուծական հոդվածներ, իսպանական կայքերից ևս թարգամանություններ ենք անելու, այն տեղեկատվությունը, որը լեզվի պատճառով հասանելի չէ ընթերցողներին, մենք թարգմանաբար ներկայացնելու ենք», -այսպես ներկայացրեց նոր թերթը «Հինգշաբթի» շաբաթաթերթի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը: Նա նաև նշեց, որ կաբելային հեռուստաալիքներից ու արբանյակային ալեհավաքներից օգտվողների համար տպագրելու են սպորտային ծրագրեր, և թերթը տարածելու են ողջ հանրապետությունում: Aravot.am-ի այն հարցին, թե ու՞մ պահանջարկով եք տպագրում այս թերթը, նախապես ուսումնասիրե՞լ եք շուկան, պարոն Մարտիրոսյանն ասաց. «Միանշանակ ուսումնասիրել ենք շուկան, երևանյան սպորտային թերթերը շատ քիչ քանակությամբ են գալիս Գյումրի, պահանջարկ կա, «Պրես ստենդի» կրպակների աշխատողների հետ զրուցել ենք, հարցրել ենք ինչ քանակությամբ են գալիս Գյումրի, եթե վաճառվում են, ապա դրանից հետո հարցնողներ կա՞ն, այս ամենը ճշտելուց հետո նոր միայն որոշել ենք հրատարակել մեր թերթը»:
Հիմնադիրը նաև հավելեց, որ իրենց ոգևորել է «Շիրակ» ֆուտբոլային թիմի հաղթանակները: Ըստ նրա, թերթը հրատարկվելու է առանց հովանավորների` սեփական ուժերով, սկզբնական շրջանում փոքր տպաքանակով, իսկ ընթացքում ինչպես «Հինգշաբթի» շաբաթաթերթը, այնպես էլ «Հինգշաբթի ֆուտբոլը» կունենան իրենց էլեկտրոնային տարբերակները: Ֆուտբոլային թերթը կլինի 16 էջանոց, կվաճառվի 150 դրամով: Իսկ խմբագիրը` բանակից օրերս վերադարձած Հաբեթ Հարությունյանն է, ով Արմեն Մարտիրոսյանի բնութագրելով, ուղղակիորեն տարված է ֆուտբոլով:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Կարդացեք նաև