ՀԱԿ անդամ, նախկին քաղբանտարկյալ Մյասնիկ Մալխասյանը, ի տարբերություն այլ Կոնգրեսականների, «Հարսնաքարում» դաժան ծեծի հետեւանքով մահացած Վահե Ավետյանի հուղարկավորությանը չի մասնակցել: Նա Aravot.am-ի հետ զրույցում բացատրեց, որ քաղաքում չի եղել, դրա համար էլ չի մասնակցել: Ինչ վերաբերում է կատարվածին իր գնահատականին՝ «Պարզ է, որ ինձ համար ցավալի բան է, դա դատապարտելի մի արարք էր, որ տեղի ունեցավ»,- ասաց պարոն Մալխասյանը: Ինչ վերաբերում է Ռուբեն Հայրապետյանի՝ ԱԺ-ից հեռանալուն, մենք հետաքրքրվեցինք այդ քայլը համարժե՞ք էր եւ դրանից ավելի ի՞նչ կարող էր անել Ռուբեն Հայրապետյանը՝ Մյասնիկ Մալխասյանը պատասխանեց. «Երեւի ինքն ավելի ճիշտ է կողմնորոշվել»: Մենք փորձեցինք ճշտել՝ այսինքն ճի՞շտ էր Ռուբեն Հայրապետյանի՝ մանդատը վայր դնելու քայլը, նա պատասխանեց. «Ես չգիտեմ՝ ի՞նչն էր ճիշտ-սխալ, բայց, այնուամենայնիվ, երեւի ինքը որոշել է այդպես վարվել»: Մենք նաեւ հետաքրքրվեցինք. « Դուք տեսնո՞ւմ եք Ռուբեն Հայրապետյանի մեղավորությունն այդ հարցում»: Ի պատասխան՝ Մյասնիկ Մալխասյանն ասաց. «Դատավոր չեմ, բայց դե առանց կրակ ծուխ չի լինում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ