Ուսանողուհի Նելլի Մովսիսյանը ՀՀ Սահմանադրությունում առկա օրենքներին ծանոթացել է երկու տարի առաջ. «18 տարեկան էի ու մտածում էի արդեն, թե քաղաքացիական հասարակության ստեղծման համար կարևորագույն նախապայման է իմանալ, ճանաչել երկրի օրենքները»,-ասում է նա: ՀՀ-ն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական պետություն է, ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին. ցիտում է Նելլին Սահմադրությունից, կարծում է` սա առաջին կարեւորագուն կետն է, որն ամրագրված է ՀՀ Սահմանադրությունում: «Ես կցանկանայի, որ դրանք բոլորը համապատասխանեին իրականությանը: Այնպիսի տպավորություն է, որ օրենքն ընդունում են այն կազմողներն իրեք իրենց համար»,- ասում է նա:
Կարծում է, որ այսօր հասարակության շատ քիչ զանգվածն է տեղյակ իր իրավունքների մասին. « Տոնի արժեքը կգիտակցվի այն ժամանակ, երբ մենք կիմանանաք այդ օրենքի արժեքը, ի՞նչ է այն մեզ տալու, ի՞նչ է վերցնելու»,-ասում է նա:
Հայաստանում այսօր` հուլիսի 5-ին, նշում է ՀՀ Սահմանադրության օրը: Հիշեցնենք, որ Հանրապետության հիմնական օրենքը հանրաքվեի միջոցով ընդունվել է 1995թ. հուլիսի 5-ին: Տաս տարի անց` 2005 թ. նոյեմբերի 27-ին, երկրում կրկին անցկացվեց սահմանադրական հանրաքվե, որի ժամանակ քաղաքացիները հավանության արժանացրեցին գլխավոր փաստաթղթում առկա փոփոխությունները: «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին օրենքով` 2001 թ. հուլիսի 24-ի որոշմամբ հուլիսի 5-ը նշվում է որպես Սահմնադրության օր եւ հայտարարված է ոչ աշխատանքային»,- նշված է ՀՀ Սահմանադրության մեջ:
Հարցման մասնակից երիտասարդներից շատերը այս օրը տոն չեն համարում: Նրանց օրը ոչ մի կերպ չի տարբերվում մնացյալ օրերից: Օրենքներին ծանոթ են, կարեւորում են բոլոր կետերն ու հարգում երկրի Սահմանադրությունը, բայց ցավ ապրում, որ Սահմանադրության կետերին չեն հետեւում այն մարդիկ, ովքեր պատասխանատու են դրանց իրականացման համար. « Կցանկանայի, որ մեր երկրում ամեն օր Սահմանադրության մասին հիշեինք, ոչ թե տարին մեկ անգամ , այն էլ ձեւականորեն: Ի՞նչ Սահմանադրության մասին կարող է խոսք գնալ, երբ ես իմ երկրում ապահով չեմ զգում, վախ ու ատելություն եմ զգում մարդկանց մեջ: Սահմանադրության մեջ հստակ սահմանված է «Ապահովել սերունդների ազատությունը»…. ես ազատ չեմ անկախ Հայաստանում»,-ասում է 3-րդ կուրսի ուսանողուհի Աննա Բադալյանը:
Երիտասարդների մի մասն էլ կարծում է, որ օրենքը միայն լավ գրված են, եւ որ այդ ամենը շատ հեռու է մեր իրականությունից. «Իդեալական երկրի մոդելն է ներկայացված, որը չի համապատասխանում իրականությանը: Նույն ազատ խոսքի իրավունքը, որն ամրագրված է Սահմանադրությունում, որքանով է իրական»,-ընգծում է 20-ամյա Աննա Սիրեկանյանը:
Իրավաբան Հերմինե Առուշանյանը փորձեց իրավական առումով անդրադարձ կատարել եւ խոսել դերի եւ նշանակության վերաբերյալ. «Սահմանադրությունն այնպիսի նորմատիվ ակտ է, որը պետության իրավունքի ողջ համակարգի նկատմամբ ունի բարձրագույն իրավական ուժ եւ կոչված է կարգավորելու մի կողմից մարդու եւ պետության միջեւ հարաբերությունները, ինչպես նաեւ հենց իր պետության կազմակերպման հիմունքները»: Նա հավաստիացնում է, որ օրենքը գործում է հավասար եւ որ այս օրը պետք է նշի յուրաքանչյուր իրեն հարգող ՀՀ քաղաքացի:
Քրիստինա Միրզոյան