Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սխալ արդարադատության պատճառով ՀՀ անմեղ քաղաքացին ավելի քան 5 տարի գտնվել է ազատազրկման մեջ

Հուլիս 05,2012 16:42

Սեպտեմբերին ուժի մեջ կմտնի «Պողոսյանն ու Բաղդասարյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը: Եթե մինչ այդ ՀՀ կառավարությունը չբողոքարկի վճիռը, ապա պետք է որպես բարոյական վնասի փոխհատուցում քաղաքացուն վճարի 30 հազար եվրո գումար:

ՀՀ քաղաքացի Արմեն Պողոսյանը /Բաղդասարյանը նրա մայրն է/ մեղադրվել է մանկահասակ երեխայի բռնաբարության և սպանության մեջ, դատապարտվել 15 տարվա ազատազրկման, հինգուկես տարի ազատազրկում կրելուց հետո ազատ էր արձակվել՝ իսկական հանցագործին բացահայտելուց հետո պարզվել էր, որ արդարադատությունը սխալ է իրականացվել:

Անձը դիմել էր Հայաստանի դատարաններ՝ պահանջելով փոխհատուցել իր կրած վնասը, նյութական վնասի դիմաց նրան տրամադրվել էր դրամական փոխհատուցում, իսկ բարոյական վնասի փոխհատուցման պահանջը մերժվել էր, քանի որ Հայաստանի օրենսդրությամբ նման ինստիտուտ նախատեսված չէ: Հենց այս հիմքով էլ Արմեն Պողոսյանը դիմել էր Մարդու եվրոպական դատարան, պնդելով, որ Հայաստանում կա համակարգային խնդիր բարոյական վնասի փոխհատուցման հարցում:

ՀՀ կառավարությունը Եվրոդատարանին պարզաբանել էր, որ քաղաքացին բարոյական վնասի արդարացի փոխհատուցում ստացել է՝ անպայման չէ, որ փոխհատուցում տրամադրվի դրամական փոխհատուցման տեսքով. ՀՀ գլխավոր դատախազը ՀՀ անունից նամակով դիմել էր Արմեն Պողոսյանին և ներողություն խնդրել սխալ արդարադատություն իրականացնելու համար: Դիմող կողմն ընդունում է, որ ներողություն խնդրելը նույնպես բարոյական վնասի փոխհատուցման եղանակ է: Հայաստանի Հանրային հեռուստաընկերությամբ հատուկ հաղորդում էր պատրաստվել և ներկայացվել հանցագործության իրական պատմությունը, ինչը նույնպես բարոյական փոխհատուցման եղանակ է: Կառավարությունը Եվրոդատարանին հայտնել էր նաև, որ քաղաքացուն ժամանակին խոշտանգած անձանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել, նրանք դատապարտվել են: Այդուհանդերձ, կողմը դա բավարար չի համարել և Եվրոդատարան հղած գանգատում պահանջել դրամական փոխհատուցում իր կրած բարոյական վնասի համար՝ 280 հազար եվրոյի չափով, ինչը ողջամիտ գումար է համարել: Սակայն դատարանը ողջամիտ է համարել փոխհատուցումը 30 հազար եվրոյի չափով՝ առանց պատճառաբանության նվազեցնելով 280 հազար եվրոն մինչ և 30 հազար եվրոյի:

Ինչպես «Փաստինֆո» լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում նշեց «Արնի Քնսալթ» փաստաբանական գրասենյակի ղեկավար, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը, «Եվրոպական դատարանը ընդունեց Արմենի փաստարկները և կարևոր ձևակերպում տվեց, որը մեր օրենսդրության և պրակտիկայի վրա ուղղակիորեն ազդելու է»: Եվրոդատարանի դիրքորոշման համաձայն՝ եթե խոսքը վերաբերում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածներով (կյանքի իրավունք և խոշտանգում), և 7-րդ արձանագրության 3-րդ հոդվածով (սխալ դատապարտում), բարոյական փոխհատուցում ստանալուն, ապա այդ երեք դեպքում պետությունը պարտավոր է բարոյական վնասի փոխհատուցում տրամադրել դրամական փոխհատուցման տեսքով:

Ըստ Արա Ղազարյանի՝ վճռի ուժի մեջ մտնելուց հետո Նախարարների կոմիտեն կարող է առաջարկել Հայաստանին, որպեսզի միջոցներ ձեռնարկվեն ոչ միայն քաղաքացու խախտված իրավունքները վերականգնելու և 30 հազար եվրո փոխհատուցումը վճարելու ուղղությամբ, այլ որպեսզի Հայաստանի օրենսդրության մեջ ամրագրվի բարոյական վնասի փոխհատուցման նոր ինստիտուտ: Ա. Ղազարյանը պարզաբանեց, որ Հայաստանում բարոյական վնասի փոխհատուցման ինստիտուտը գործում է միայն վիրավորանքի և զրպարտության դեպքերով: «Վաղ թե ուշ անձը պետք է ստանա փոխհատուցում նաև բարոյական վնասի համար՝ խոշտանգման, կյանքի իրավունքի խախտման և սխալ դատապարտվելու հիմքով»,- ասաց իրավաբանը:

Ըստ Ա. Ղազարյանի, եթե Հայաստանը դա չանի կամ ձգձգի, եթե օրենքի բացը չլրացվի, դատական նախադեպի պրակտիկայով այդ բացը կլրացվի:

«ՓԱՍՏԻՆՖՈ» լրատվական գործակալություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031