Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դավիթ Շահնազարյանն էլ լքեց ՀԱԿ-ը

Հուլիս 05,2012 16:27

Դավիթ Շահնազարյանը դուրս է եկել Հայ ազգային կոնգրեսից: Այս մասին հինգշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում տեղեկացրեց անձամբ Շահնազարյանը:
«Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակից ես դուրս եմ եկել ընտրություններից առաջ՝ մարտ ամսին, եւ ընդհանրապես իմ քաղաքական գործունեությունը դադարեցրել եմ ՀԱԿ-ում», – ասաց Շահնազարյանը:
Չնայած ՀՀՇ անդամ Դավիթ Շահնազարյանը հրաժարվեց մանրամասնել ՀԱԿ-ից դուրս գալու դրդապատճառները, սակայն, ելնելով խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծված քաղաքական իրավիճակի շուրջ նրա գնահատականներից, կարելի ասել, որ պատճառներից մեկը եղել է նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ ՀԱԿ-ի քաղաքական համագործակցությունը:
«Ընտրությունների արդյունքում Հայաստանում ամբողջովին փոխվեց քաղաքական համակարգի պատկերը: Եթե մինչեւ ընտրություններ Հայաստանում կար երկբեւեռանի քաղաքական համակարգ, որը մի կողմից իշխանությունն էր, մյուս կողմից՝ ՀԱԿ-ը, ապա այսօր այդտեղ տեղի է ունեցել ընդդիմության բեւեռի փոփոխությունը, եւ այդ տեղը զբաղեցնում է արդեն «Բարգավաճ Հայաստանը», որը ինքն իրեն համարում է այլընտրանքային եւ բոլոր հիմքերը ունի իրեն այլընտրանքային անվանելու», – ասաց Շահնազարյանը՝ շարունակելով. – «Երկրորդ՝ ընդդիմության բուրգում եղած քաղաքական ուժը՝ «Բարգավաճ Հայաստանը», ունի լեգիտիմության նույն աստիճանը, ինչ իշխանությունը կամ գուցե ավելի ցածր, որովհետեւ շատ ավելի համակարգված էր ընտրակաշառքները բաժանում, քան իշխանությունը ներկայացնող Հանրապետական կուսակցությունը»:
Այս ամենից ելնելով Շահնազարյանը եզրակացնում է՝ «այսօր մենք ունենք ոչ լեգիտիմ ընդդիմություն»:
«Մյուս առանձնահատկությունը. ամբողջ այս ընտրական գործընթացի արդյունքում ձեւավորվեց մի մթնոլորտ, որը հնարավորություն տվեց քոչարյանական իշխանության ռուդիմենտներին հրապարակայնորեն հանդես գալ եւ բավական մեծ ամբիցիաներով: Շատ դժվար էր պատկերացնել, որ խորհրդարանական ընտրություններում որեւէ մի կուսակցություն իր ցուցակի երկրորդ տեղում կընդգրկի քոչարյանական ռեժիմի այնպիսի կարկառուն ներկայացուցչի, ինչպիսին Վարդան Օսկանյանն է, եւ այս ընտրությունների արդյունքում, ըստ էության, քաղաքական պատասխանատվությունը ամբողջովին հանվեց քոչարյանական ռեժիմի վրայից գոնե արտաքին քաղաքական առումով: Ի՞նչ ընտրություն կա այսօր. կամ ներկայիս իշխանությունը, որն ուզում է պահպանել այսօրվա վիճակը, եւ հանձինս «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ընտրություն դեպի նախորդ ռեժիմ», – ասաց Շահնազարյանը:

«Ազատություն» ռադիոյական

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031