Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրական դատարանի անդամը ԱԺ-ից հոտ է առել

Հուլիս 05,2012 15:51

Սահմանադրական դատարանի անդամ Ֆելիքս Թոխյանը համաձայն չէ, որ Հայաստանի Սահմանադրությունը լավ չի գործում. «Ոչ բոլոր կետերը չեն կիրառվում: Այն կետերը, որոնք պետական ինստիտուտների լիազորություններին են վերաբերվում, շատ լավ են կիրառվում: Մեծապես չեն կիրառվում մարդու իրավունքների ոլորտին վերաբերող հոդվածները, հատկապես՝ սոցիալական, տնտեսական իրավունքները»: Այսօր, Սահմանադրության օրվա առիթով, «Հայացք» մամուլի ակումբում պարոն Թոխյանը ասաց, որ Սահմանադրությունը չի կարող  բոլոր հարցերի պատասխանները ամրագրել, որովհետեւ այն չի ընդունվել  քաղաքական համերաշխության մթնոլորտում.  «1995 թվականին էլ է ընդդիմությունը բոյկոտել, 2005-ին էլ ու  չի մասնակցել: Չենք ունեցել ընդունված Սահմանադրություն, որը քիչ թե շատ, ասենք, բոլոր քաղաքական ուժերի արձագանքն է: Չի կարելի ասել, որ ընդդիմությունը միայն սխալ առաջարկներ է ասում, իսկ իշխանությունը ՝ մենակ ճիշտ: Ոչ:  Ընդդիմության նախագծերում էլ կան շատ խելացի առաջարկներ, որոնք չեն ընդունվել» :

Ըստ նրա, Սահմանադրության մեկնակետում  ոչ այնքան  ժողովրդավարության խորացման հարցն է դրված, որքան՝   երկրի կառավարելիությունը: Պարոն Թոխյանի խոսքերով՝ Սահմանադրական դատարանի նկատմամբ իշխանությունների վերաբերմունքը կտրուկ փոխվեց 2003-ին ու դա ազդեց Սահմանադրական դատարանի կարգավիճակի  դրույթների վրա. «Քանի լիազորություն մեզնից տարան, ամենացավոտն ինձ համար դատավորների վաղաժամկետ լիազորությունները դադարեցնելու խնդիրն է»: Ըստ նրա՝ ամենաանպաշտպան պաշտոնյաներն այսօր դատավորներն են, որովհետեւ նրանք չունեն իրավունք՝ բողոքարկել իրենց լիազորությունները վաղաժամկետ կասեցնելու վերաբերյալ  կարգապահական եզրակացությունը.«Այսօր մեկը ձեզ մի ծուռ բան ասում է, անմիջապես վերցնում եք ու «պրյամոյ» դատարան, իսկ դատավորին գործից հանում են , չի կարող գնալ՝ ասել «զա չտո՞» :

Նրա դիտարկմամբ, Սահմանադրության լրջագույն բացն է կոմպետենտ վեճերի հարցը.«Հայաստանում եղել են մի քանի դեպքեր, երբ Սահմանադրական ինստիտուտների միջեւ եղել է կոմպետենտության վեճ, ո՞ւմն է այս հարցի լուծումը, Ազգային ժողովն ասում է իմն է, նախագահն ասում է՝ իմը: Այս տիպի վեճերը պետք է լուծվեն Սահմանադրությամբ՝  Սահմանադրական դատարանում: Չես ուզում սահմանադրական դատարանին տալ, տուր այլ , բայց դատական ատյանին: Կոմպետենտ վեճերը, եթե չեն լուծվում դատարանում, լուծվում են փողոցում , ով որ այդ պահին հզոր է,  նա էլ հարցը լուծում է: Մենք ունեցել ենք մի քանի դեպքեր, որոնք լուծվել են  ոչ թե Սահմանադրական ուղիով, այլ հայավարի»:

Բանախոսի դիտարկմամբ , Հայաստանում կա դատական  համակարգ, բայց չկա ինքնուրույն դատական իշխանություն.«Քաղաքացու վերջին ատյանը, որ պետք է գնա ու ստանա արդար դատ՝ դատ ստանում է, արդար դատ չի ստանում: Միշտ ասել ենք՝ երկրի ամենամեծ  դեֆիցիտը արդարադատության պակասն է»: Նա նաեւ ասաց, որ երկրում 3 իշխանություններից ամենաթույլը դատական իշխանությունն է.«Հզոր նախագահական ինստիտուտ ենք ստեղծել, ստեղծել ենք պառլամենտ, որը նոր նոր սկսել է աշխատել եւ  առայժմ քաղաքական իշխանության կենտրոնը չի հանդիսանում: Այ վերջին անգամ ինձ դուր եկավ կառավարության ծրագրի քննարկումները. պառլամենտից հոտ եկավ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031