Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տենոր Կարեն Զոհրաբյանը Գրան պրի է շահել

Հուլիս 05,2012 13:54

Այն, որ աշխարհը ճանաչում է հայկական վոկալ դպրոցը՝ այլեւս հանրահայտ իրողություն է: Ունեցել ենք նաեւ հրաշալի տենորներ՝ Շարա Տալյանից, Արսեն Ավագյանից, Ավագ Պետրոսյանից ու Վահան Միրաքյանից մինչեւ Գեղամ Գրիգորյան: Այսօր էլ օպերային թատրոնը կարծես թե տենորների պակաս չի զգում (Հովհաննես Այվազյան, Պերճ Քարազյան, Սարգիս Աղամալյան  եւ այլն): Տեղացի տենորների բացակայության «մասով», սակայն, պարզվում է, որ մեր հոռետեսությունը չի համապատասխանում այդ ասույթներին եւ այն հաջողություններին, որ գրանցվում են  միջազգային մրցույթներում: Ավելին՝ հայաստանցի տենորներից ոմանք, այդ թվում՝ Եղիշե Մանուչարյանը, Արա Ավանյանը եւ մյուսները Արեւմուտքում բեմ են բարձրանում նշանավոր թատրոններում ու համերգասրահներում:

Օրերս Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտ, տենոր Կարեն Զոհրաբյանը (պրոֆեսոր Սուսաննա Մարտիրոսյանի դասարան) մասնակցելով Բաթումում կայացած միջազգային մրցույթ-փառատոնին՝ արժանացել է Գրան պրիի: «Առավոտի» հետ հանդիպման ժամանակ երգիչն ասաց, որ մրցույթն անցկացվում էր երկու փուլով, ու ժամանել էին արվեստագետներ շուրջ 40 երկրից: Նշեց, որ հանդես է եկել զուտ հայկական ծրագրով (Ա. Դոլուխանյան, Դ. Ղազարյան, Ռ. Պետրոսյան) եւ միայն գալա համերգին է կատարել իտալացի կոմպոզիտոր Վ. Կիարայի հանրահայտ «Բոլերոն»: Հետաքրքրվեցինք՝ կոնսերվատորիան ու ասպիրանտուրան ավարտած երգիչն այսօր ինչո՞վ է զբաղված: «Ներկայումս օպերային թատրոնում ստաժոր եմ, աշխատում եմ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում»,- հայտնեց Կարենը:

Անդրադառնալով Բաթումում կայացած միջազգային մրցույթ-փառատոնին, մեր զրուցակիցն ասաց, որ կազմակերպիչները գրաֆիկն այնպես էին կազմել, որ  չկայանար հանդիպում ադրբեջանցիների հետ, հետո էլ հավելեց. «Ես տաքարյուն եմ, ու եթե հանկարծ նրանք  ինչ-որ բան թույլ տային, պատրաստ էի… Քանի որ միակ հայն էի, միեւնույն ժամանակ մեծ պատասխանատվություն էի կրում»: Խոսելով մրցույթի «արժանիքներից»՝ մեր զրուցակիցը հայտնեց, որ մասնակցության համար նախապես ձայնագրություններ չէր պահանջվել, ինչը ընդունված է շատ ու շատ հեղինակային մրցույթներում, խուսափելով ժամանակակից տեխնիկայի շնորհիվ ձայնն ավելի գեղեցիկ ու հնչեղ «սարքելու» մտավախությունից:

Իսկ ե՞րբ նրան կտեսնենք Ազգային օպերային թատրոնի բեմում: Կարենն ասաց, որ առայժմ Գեղամ Գրիգորյանը, ում մոտ դասեր է առել, իրեն տեսնում է Սարոյի դերերգում, իսկ թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ ժամանակ առ ժամանակ աշխատում են այլ դերերգերի վրա:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031