Լրահոս
Օրվա լրահոսը

Նկարիչները օրենք են ուզում

Հուլիս 05,2012 13:48

Ինչու Հայաստանի Հանրապետությունը չունի ստեղծագործական միությունների մասին օրենք. այսօր այդ հարցն էր քննարկվում «Հենարան» ակումբում: Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն ասաց, որ արդեն պետք է պայքարել: Յոթ-ութ տարի արվեստի մարդիկ խնդրում են, առաջարկում են, որ վերջապես ընդունվի համապատասխան օրենք. «Շատ երկրներում այն կա եւ օգնում է կերպարվեստին, գրականությանը… Ըստ այդ օրենքի՝ պետությունը իր վրա որոշ պարտավորություններ է վերցնելու: Երիտասարդական թեւի նկարիչները մեղադրում են ինձ, որ ես ավելի շուտ չեմ զբաղվել այդ  խնդրով»:
Նկարիչների միության երիտասարդ անդամ Վահագն Գալստյանի համար նոր արվեստանոց ունենալը երազանք է: Ըստ նրա՝ մինչեւ չլինի պետական ուշադրություն, իրենք չեն կարող արվեստանոցներ ունենալ:
«Ստացվում է՝ առանց կարգավիճակի չի կարող լինել արվեստանոց: Մենք պահանջում ենք, որ արվեստանոցները քիչ հարկվեն, նախկին պարտքերը մարվեն, լինեն ազատ տարածքներ, որպեսզի մենք օգտագործենք դրանք` ըստ նպատակի: Մենք հիմա պատրաստվում ենք դիմել նախագահին, ԱԺ-ին եւ վարչապետին»,-ասաց երիտասարդ նկարիչը:
Կարեն Աղամյանն էլ հավաստիացնում է` իրենց խնդիրները բազմազան են. «Օրինակ՝ այն ժամանակ նկարիչը ստեղծագործելու համար ստանում էր ստաժ եւ հետո ունենում էր թոշակի ակնկալիք, իսկ հիմա չկա դա»:
Աղամյանի խոսքով, եթե չլիներ միությունը` կերպարվեստը կմահանար: Ինչո՞ւ օրենքը չեն ընդունում, միության նախագահը կոչ է անում հարցնել  իշխանություններից. «Մեզ ասում են այո, բայց նույնիսկ օրակարգ չի մտել: Պետությունը պետք է պաշտպան կանգնի ստեղծագործող մարդուն: Մեր հույսերը ավելացել են, երբ Շուշան Պետրոսյանը անցել է ԱԺ: Նրա հայրը, ով նույնպես գեղանկարիչ է, զրուցելով ինձ հետ, ասաց` անպայման կօգնի: Համոզված եմ` օրենքը կընդունվի»:

 

Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031