Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժանտական ոճ եւ անգրագետ ծրագիր

Հուլիս 05,2012 13:44

Նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը՝ կառավարության ծրագրի մասին

Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը համեմատելով կառավարության նախկին եւ ներկայիս ծրագրերը՝ առաջինը բնորոշում է որպես բարի ցանկությունների, երկրորդը՝ «ժեկի» մակարդակի ծրագիր, երբ մարդ մի կողմից՝ ուզում է փող աշխատել, մյուս կողմից՝ խուսափել պատասխանատվությունից: Պատասխանելով «Առավոտի» հարցին՝ մտավախություն չունի՞, որ իր գնահատականների վերաբերյալ ընկալումը այլ կլինի, նախկին ռեկտորն առաջարկեց առանց մեկնաբանությունների տպագրել երկու ծրագրերը եւ թողնել ընթերցողների դատին:

Դրանց համեմատության արդյունքում նա արձանագրում է. «Եթե նախորդ ծրագիրը լիովին ձախողված էր, ապա այս մեկը առհասարակ ծրագիր չէ, այլ կցկտուր մտքերի անկատար եւ անգրագետ շարադրանք է: Այս ծրագրում ընդամենը պարզ խնդիրներ են դրված»: Զոլյանը փաստում է, որ, օրինակ, համալսարանի զարգացումը պետք է լինի ոչ թե որպես 4-րդական գերապատվություն, այլ պետական, տնտեսական եւ սոցիալական զարգացման հիմնաքարերից մեկը, ինչպես Մերձբալթյան երկրներում է, որոնց փորձին անձամբ է ծանոթ:

Մեր զրուցակիցը խոսելով կառավարության նախորդ ծրագրի մասին՝ մեջբերում է վարչապետ Տիգրան Սարգսյանի հետեւյալ կարգախոսը՝ «Ուժեղ համալսարաններ, ուժեղ պետություն»: Ասում է՝ նախորդ պարագայում գոնե ցանկություն կար վերականգնելա Հայաստանի՝ որպես գիտակրթական տարածքի հեղինակությունը, ինչը ԽՍՀՄ-ի շրջանում եղել է շնորհիվ այն բանի, որ ՀՆԱ-ի 3%-ն է հատկացվել բարձրագույն կրթությանը, 5%-ն էլ՝ գիտությանը: Նախորդ ծրագրում խոստացված էր ֆինանսավորումը հասցնել ՀՆԱ-ի 3,5%-ի: Զոլյանի ասելով՝ հիմա որեւէ մեկը չի հիշում բարի ցանկությունների այդ ծրագիրը, ու ինքը ստիպված է մեջբերումներ անել եւ համեմատել հինն ու նորը:

Փորձագետին զարմացրել է կառավարության 2012-2017 թթ. գործունեության ծրագրում տեղ գտած այն արտահայտությունը, թե «Բոլոնիայի համաձայնագրի համապատասխան՝ մեծացվելու է բուհերի ինքնուրույնությունը»: Նա պնդում է, որ ո՛չ Բոլոնիայի համաձայնագրում, ոչ էլ որեւէ փաստաթղթում ինքնուրույնության մասին տող անգամ չկա. «Կա ընդունված տերմին, որը գրանցված է ոչ միայն Բոլոնիայի համաձայնագրում, այլեւ ՀՀ Սահմանադրության մեջ. դա «ինքնավարությունն» է: Կրթության եւ գիտության նախարարությունը, փաստորեն, չի ընդունում, որ բուհերն ունեն ինքնավարություն: Կա՛մ չգիտեն այդ բառը, կա՛մ այն աստիճան ատելի է, որ ծրագրում գրել են բուհերի ինքնուրույնություն»:

Նա վիճարկում է նաեւ ծրագրում տեղ գտած կրթության մատչելիության մասին կետը, ասում է՝ դա նախատեսում է ինչ-ինչ ֆինանսական ներդրումներ գոնե կառավարության կողմից, եւ եթե նախորդ ծրագրում որոշ թվեր կային, այստեղ ոչ մի բան էլ չկա. «Ընդամենն ասվում է, որ պետությունը պիտի ավելացնի, բայց դրա համար պիտի բուհերից պահանջի կրճատել ծախսերը»: Մեջբերելով ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի՝ ասուլիսում հնչեցրած այն միտքը, թե ինչո՞ւ պետք է մասնավոր բուհը իրավաբանական կրթությունը տարեկան 150000 դրամ վարձավճարով տրամադրի, իսկ պետական համալսարանը՝ 800000-ով, նախկին ռեկտորը տարակուսում է. «Ես չեմ ուզում խառնվել պետական համալսարանի գործերին, բայց պարոն նախարարը պետք է հասկանա, որ ցանկացած պետական բուհ ունի այլ գործառույթներ եւս. պետական համալսարանն, օրինակ, ունի ֆիզիկայի ֆակուլտետ, որի ինքնարժեքը շատ բարձր է, եւ եթե իրավաբանական ֆակուլտետում ուսման վարձը դարձնի 150000 դրամ, ֆիզիկայինը կամ քիմիայի ֆակուլտետինը պետք է դառնա 1 մլն դրամ»: Նրա խոսքով՝ ամեն ինչ հաշվարկված է, եւ գնագոյացումը պատահական թվերի արդյունք չէ. «Գումարի 10 տոկոսը գնում է որպես զեղչ՝ անապահով խավին, էլ չեմ ասում նաեւ այն պահանջների մասին, որոնք օրենքից դուրս են, ենթադրենք՝ պարոն նախարարի համար նոր կահույք ձեռք բերելը, բջջային հեռախոսների ծախսերը փակելը եւ այլն: Չգիտես ինչու, մարդկանց ուղեղում «նստած» է, որ, օրինակ, լեզվաբանին միայն թուղթ ու գրիչ է հարկավոր, չեն հասկանում, որ անհրաժեշտ է համապատասխան գրականություն, արտասահմանից հրավիրված մասնագետներ…»:

Սուրեն Զոլյանը պարզել է, որ կառավարության նախորդ եւ ներկա ծրագրերի որոշ կետեր տառացիորեն կրկնում են միմյանց, ինչը, նրա համոզմամբ, ապացույց է այն բանի, որ դրանք կյանքի չեն կոչվել, ինչպես, օրինակ, ազգային փոքրամասնությունների համար որակյալ հիմնական կրթություն ստանալու հնարավորության ընդլայնումը: Մեր զրուցակիցը զարմացած է՝ ինչպե՞ս կարելի է խոսել սոցիալապես անապահով խավերի համար կրթությունը անվճար եւ հասանելի դարձնելու մասին, երբ ծրագրում ոչ մի տող չկա, թե ինչ ձեւով դա պետք է ֆինանսավորվի. «Իրականությունն էլ այն է, որ ամեն տարի անվճար ուսուցման տեղերը կրճատվում են»: Ինչ վերաբերում է Աշոտյանի՝ ասուլիսում արած այն արտահայտությանը, թե բուհական կոռուպցիայի դեմ պայքարի ձեւերից մեկը կարելի է համարել կաշառակեր 5 դասախոսի գլուխ ցցերի վրա հանելը, Զոլյանը հայտարարում է. «Հարցումների համաձայն, օրինակ՝ լեզվաբանական համալսարանում կաշառակերության աստիճանը 0,6% է, ինչ վերաբերում է նախարարությանը եւ ընդհանրապես համակարգին՝ 70% է: Այսինքն՝ դա նշանակում է, որ ամբողջ նախարարությունը պիտի գլխատվի՞»:

Նախկին ռեկտորը ծիծաղելի է համարում ծրագրի այն կետը, որտեղ խոսվում է հայագիտության զարգացման մասին, եւ սա այն դեպքում, երբ ողջ գիտությանը նպատակաուղղված գումարը 0,2% է:

Բարձրագույն կրթության «մասով» եվրոպական տիպի կամպուսների եւ հանրակացարանաշինության մասին էլ Զոլյանը հետեւյալ կարծիքի է. շինարարությունը «փող ուտելու» եւ ամենաանվերահսկելի ոլորտն է. «Դա վաղուցվա երազանք է՝ երեւանյան բուհերին քաղաքի կենտրոնից քշել մարզեր, իսկ նրանց շենքերը դարձնել հյուրանոց կամ ռեստորան: Իհարկե, Եվրոպայում էլ կամպուսներ կան, բայց համալսարանական հին շենքերը մնացել են՝ այնտեղ կամ ռեկտորատն է, կամ թանգարաններ»:

Նախկին ռեկտորի խոսքով՝ այսպես կոչված, ցկյանքս կրթություն ստանալու հնարավորությունը կրթական քաղաքականության հիմնական առանցքը պիտի լիներ, սակայն այն առհասարակ մոռացվել է, կամ դրանով լավագույն դեպքում զբաղվում են հ/կ-ների մակարդակով: Ըստ նրա՝ ծրագրում չի երեւում ԳԱԱ համակարգը, իսկ ինչ վերաբերում է, նրա ձեւակերպմամբ, 50 դոլարանոց էժան համակարգիչներով առաջին դասարանցիներին ապահովելուն, մի մեծ բան չէ, մանավանդ կարելի է 50-ով ձեռք բերել, 300 ներկայացնել: «Կառավարության ծրագրում Բոլոնիա բառը ինչ-որ ձեւով պիտի երեւար, որովհետեւ Հայաստանը ստանձնել է Բոլոնիայի քարտուղարությունը: Դա մեծ նվաճում է ներկայացվում, բայց իրականում այդպես չէ, ուղղակի ուրիշ պետություններ չեն էլ հավակնել դրան»:

Օգտվելով առիթից՝ Սուրեն Զոլյանը ներկայացրեց նորաստեղծ https://unifree.am/ կայքը, որտեղ նախաձեռնող խումբը բարձրագույն կրթության զարգացման հետ կապված գաղափարներ է արծարծում: Նա առաջարկում է կառավարության ծրագրի մասին քննարկումներ կազմակերպել, մանավանդ այդպիսիք չեն եղել ընդունումից առաջ, ու ողջ ծրագրով մեկ սերժանտական ոճ է զգացվում, ինչը տարածվել է բուհերի վրա:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031