Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կազմակերպությունը դատի է տվել կուսակցությանը

Հուլիս 05,2012 13:41

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է դիմել Ինֆորմացիայի ազատության կենտրոնը:

Տեղեկատվություն տրամադրելու պահանջը կենտրոնը ներկայացրել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության դեմ:

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպությունը ԱԺ ընտրություններին մասնակցող ԲՀԿ-ին, «Ժառանգությանը», ՀՅԴ-ին, ՀԴԿ-ին, ՀԿԿ-ին, ՀՀԿ-ին, ՄՀԿ-ին, ՕԵԿ-ին ու ՀԱԿ դաշինքին ապրիլի 25-ին նախընտրական քարոզարշավ իրականացնելու ծախսերի վերաբերյալ «Տեղեկատվություն ստանալու հարցում» էր արել: Հարցմանը կուսակցությունների մի մասը պատասխանել է, իսկ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը չի պատասխանել: ԻԱԿ-ի հարցն այսպիսին էր. «Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 27 եւ 27.1 հոդվածների՝ «Տեղեկատվության ազատության մասին» դրույթներով՝ եւս մեկ անգամ խնդրում ենք տրամադրել հետեւյալ տեղեկությունները.

1. Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը 25.04.

2012թ.-ի դրությամբ որքա՞ն գումար է ծախսել նախընտրական քարոզարշավ իրականացնելու համար:

2. Ծախսած գումարներից որքա՞նն են կազմում կուսակցության սեփական միջոցները, որքա՞նը՝ կուսակցությանը կատարված նվիրատվությունների գումարը»:

ԻԱԿ-ը հղում էր արել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածին, համաձայն որի՝ տեղեկություն ստանալու գրավոր հարցմանը պատասխան տրվում է այն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում:

Սակայն հարցումը մնացել էր անպատասխան, հետեւաբար՝ կազմակերպությունը մայիսի 16-ին կրկնակի հարցում էր ուղարկել:

Դատարան են ներկայացվել հարցումների փաստը հաստատող փոստային քաղվածքներն ու  հարցման օրինակները:

Կրկնակի հարցմանը եւս կուսակցությունը նորից չի պատասխանել:

ԻԱԿ-ը գտել էր, որ կուսակցությունը խախտել է ՀՀ Սահմանադրության 27 հոդվածի 2-րդ պարբերությունը, ըստ որի՝ «Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ տեղեկություններ եւ գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից»:

Իսկ նույն՝ 27.1 հոդվածի համաձայն. «Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական կամ հասարակական շահերի պաշտպանության նկատառումներով իրավասու պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին եւ պաշտոնատար անձանց դիմումներ կամ առաջարկություններ ներկայացնելու եւ ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու իրավունք»:

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն էլ. «Սույն օրենքի գործողությունը տարածվում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունների, ինչպես նաեւ հանրային նշանակության կազմակերպությունների եւ դրանց պաշտոնատար անձանց վրա»: Նույն օրենքի 6 հոդվածի 1-ին մասի համաձայն. «Յուրաքանչյուր անձ իրավունք ունի ծանոթանալու իր փնտրած տեղեկությանը եւ (կամ) դա ստանալու նպատակով օրենքով սահմանված կարգով հարցմամբ դիմելու տեղեկատվություն տնօրինողին եւ ստանալու այդ տեղեկությունը»:

«Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի 28 հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Կուսակցությունը պարտավոր է սույն օրենքով սահմանված կարգով յուրաքանչյուր տարի՝ հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ից ոչ ուշ, մամուլում հրապարակել հաշվետու տարվա ընթացքում կուսակցության ստացած եւ ծախսած միջոցների մասին հաշվետվություն»:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը խնդրում էր դատարանից՝ Հայաստանի դեմոկրատական կուսակցությանը պարտավորեցնել հնգօրյա ժամկետում տրամադրելու հայցված տեղեկատվությունը:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031