Գյուղացիների խոսքերով՝ շուտով այստեղ սով է սպասվում
Գյումրիից մոտ 25 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Անիի տարածաշրջանի Գուսանագյուղը, այսպես ասած, «բարգավաճում է». գյուղապետը՝ Վասակ Ղազարյանը, թեեւ դաշնակցական է, սակայն ԱԺ ընտրությունների ժամանակ այստեղ հաղթանակ է տարել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Ավելին՝ գյուղացիները համատարած ընդգրկվում են հենց այս կուսակցության շարքերը: Գյուղի տարեցներից մեկը, որը նույնպես վերջերս դարձել է ԲՀԿ-ական, մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ սա որեւէ մեկի առաջարկով, նախաձեռնությամբ չի եղել, ոչ մեկը իրենց չի խնդրում կամ հարկադրում կուսակցականացվել, պարզապես պարոն Ծառուկյանին հավատում են, ի տարբերություն մյուսների՝ նա դեռ չի «փչացել»: «Ճիշտ է, Ծառուկյանը մեր գյուղում չի եղել, մեզ համար ոչինչ չի արել, ասենք՝ տրակտորներ չի նվիրել, բայց իր հետ ենք հույս կապում, միակ մարդն է, որ ամեն ինչով ժողովրդին օգնում է, տելիեւիզորով ելույթը լսեցի ու որոշեցի անձամբ մտնել իր կազմակերպության մեջ, ու երեւի թե սխալ էլ չեմ, տեսնենք, էլի»,- ասաց մեր զրուցակիցը: Այս գյուղում եւս, ինչպես եւ Անիի տարածաշրջանի մյուս գյուղերում, հատկապես այս օրերին մի տեսակ լարված են ՀՀԿ-ականների ու կառավարության դեմ: Պատճառներից մեկը ոչ միայն ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ռազմական բժիշկ Վահե Ավետյանին ծեծելով սպանելն էր, այլ նաեւ գյուղի արտառոց խնդիրները: Նշենք, որ այս գյուղի ծերունիները իշխանություններից պահանջում են բժշկին սպանողներին բանտերում պահելու փոխարեն ժողովրդի աչքի առաջ կախաղան հանել կամ գնդակահարել: Նրանք զայրացած են նաեւ այն փաստից, որ իրենց խաբել են. Ռուսաստանից ներկրված ցորենի էլիտար սերմացուն այնքան անորակ է եղել, որ հացի փոխարեն միայն խոտ է ծլել: Գյուղացիներն էլ ակամայից հայտնվել են ահռելի պարտքերի մեջ, քանի որ հարկադրված են 1 կիլոգրամի դիմաց երկու կիլոգրամ վերադարձնել. սա է եղել կառավարության նախապայմանը: Գյուղացիների խոսքերով՝ ամենաշատը տուժել է համայնքի ղեկավարը, քանի որ հիմնականում նա է էլիտար սերմացու վերցրել: «Չգիտեմ՝ Մարինա է, թե Նեկտար էդ սերմացուի անվանումը, բայց վերցրինք ու կրակն ընկանք, ցորենի տեղ խոտ դուրս եկավ, բա էդպես խաբել կլինե՞ր: Մեշոկի վրա ծլունակությունը գրած-դրած է, անուն-ազգանունով եկած է, ես հարյուր կիլոգրամ վերցրի ու ցանեցի, բայց ստիպված եմ 16 հազար դրամ տալ «նե զա շտո»: Մեկ կիլոգրամը 80 դրամով հատկացրել են այն պայմանով, որ 160 դրամով պիտի վերադարձնես: Ով վերցրեց, պարտքերի տակ ընկավ, հատուկենտ մարդիկ կան, որոնց ցորենը ծլել է: Խալտուրա են արել, բա սա գյուղ նայելու ձե՞ւ է, գյուղացիներին օգնություն տա՞լ է. մեր հողն անջրդի է, անձրեւ կգա-չի գա, տեր էղնող չկա: Թե որ Աստված էլ արձակուրդ եղավ, վայը մեզ կտանի: Սա է մեր ապրելակերպը: Թող գյուղնախարարն էլ սուտ չխոսի, թե գյուղացիներին օգնում են, տեսնում ենք, էլի, ինչպես են օգնում, մանավանդ՝ Շիրակի մարզի գյուղացիներին, իրենց համար Շիրակի մարզը եղած-չեղած՝ մեկ է»,- ասաց գյուղի եկեղեցու տակ թղթախաղով զբաղված ծերունիներից մեկը: Գյուղացիների ներկայացմամբ՝ սա նշանակում է, որ հացահատիկի գները կթանկանան Շիրակի մարզում: Այստեղ երաշտ է, խոտը չի ծլել, այդ պատճառով անասնակերը եւս թանկացել ու դեֆիցիտ է դարձել: Գյուղացիներն այլեւս չկարողանալով կերակրել անասուններին՝ սկսել են համատարած մորթել, սպանդանոց ուղարկել: «Ամենավատ խոտը՝ անասնակերը, 1500 դրամ է դարձել, դե, տուր առ, ինչո՞վ պահենք անասուններին, ամեն մի անասունի համար առնվազն 100 տուկ խոտ պիտի ունենաս, որ գարուն հանես: Ես կթու կով, 2 ցլիկ, մի հատ հորթ ունեմ, կամաց-կամաց սպանդանոց կուղարկեմ, ինչո՞վ բկերը բավարարեմ: Ահա տեսեք մեր իշխանության գյուղատնտեսության զարգացման ծրագիրը, անասնապահության հերն էլ էստեղ են անիծում, մենք, կոպիտ ասած, ոնց որ քռի գորտ լինենք մեր երկրում: Քարոտ երկիր, չհաշված կաթն էլ սկսել են 90 դրամով տանել. մի շիշ ջերմուկը 200 դրամով են վաճառում, կաթը մեզանից 90 դրամով են խլում»,- նեղսրտում էր մեկ այլ ծերունի: Գյուղացիների ասելով՝ իրենց գյուղը մոտ 1000 բնակիչ ունի, որոնց մեծ մասը գնում են Ռուսաստան՝ «խոպան»: Ի դեպ, գյուղացիները մեզ ցույց տվեցին նաեւ էլիտար ցորենի դաշտերը, որտեղ ցորենից բացի՝ ինչ բույս ասես՝ աճել էր: Գյուղապետի արտն այս առումով ամենաշատն է տուժել: Գյուղացիներից մեկի հաշվարկներով՝ 7 տոննա էլիտար սերմացու է ցանել, ու թեեւ բերք չի ստացել, սակայն պարտավոր է դրա դիմաց վերադարձնել մոտ 4 միլիոն 900 հազար դրամ:
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ