«Իրավունքի եւ ազատության կենտրոն» հ/կ նախագահ Վարդան Հարությունյանը՝ Ռուբեն Հայրապետյանի՝ մանդատից հրաժարվելու մասին:
– Միայն հրաժարականով Ռուբեն Հայրապետյանը քավե՞ց իր մեղքը: Կոչ է հնչել վաճառել ռեստորանն ու գումարը փոխանցել Վահե Ավետյանի ընտանիքին: Գուցե այդպես էլ անի՞:
– Կարեւորը ֆինանսական փոխհատուցումը չէ, թեեւ դա նույնպես նշանակություն ունի եւ պետք է: Իսկ մեղքն, իհարկե, հրաժարականով քավել հնարավոր չէ: Հրաժարականն ընդամենը պարտադրված քայլ էր, ինչին գնաց ոչ թե Ռուբեն Հայրապետյանը, այլ Սերժ Սարգսյանը: Մեղքը չափազանց մեծ ու չափազանց խորն է, որ հնարավոր լիներ փոխհատուցել պատգամավորական մանդատով: Ես չգիտեմ, թե ով էր գրել Հայրապետյանի հրաժարականի տեքստը, բայց այդ տեքստում փորձ էր արվել շեշտը դնել մեղքի խորության ու ծանրության վրա: Մեղք ասելով պետք չէ միայն սպանությունը հասկանալ: Այստեղ առաջին պլան պետք է մղվեն Վահե Ավետյանի ընտանիքի անդամները, նրա կինը, նրա անչափահաս երեխաները: Ահա այս երեխաների նկատմամբ է մեղք գործվել, այս երեխաներն են առանց հայր մեծանալու, այս երեխաների ու նրանց մոր ճակատագիրն է խեղվել, նրանց անդորրն է խաթարվել: Եվ ես չեմ պատկերացնում, թե ինչը կարող է նրանց սփոփել: Հաստատ՝ ոչ պատգամավորական մանդատը եւ հաստատ՝ ոչ հրապարակային լացակումած հայտարարությունները: Կան մեղքեր, որոնք հնարավոր է այս կամ այն կերպ, այս կամ այն չափով քավել կամ փոխհատուցել, բայց կա մեղք, որը քավելու հնարավորությունը մարդկային երեւակայությունից դուրս է: Երեւի սա է պատճառը, որ մարդկային էությանը յուրահատուկ մեղքերը դասակարգելիս դրանց մի մասը անվանում են մահացու մեղքեր: Սպանությունը, անմեղ երեխա որբացնելը, կարծում եմ, մահացու մեղքերից է:
Կարդացեք նաև
– Ընդհանրապես, «Հարսնաքարի» միջադեպը եւ դրա շուրջ ծավալված ողբերգական իրադարձությունների վերլուծություններն ի՞նչ են վկայում. Հայաստանում քաղաքացիական հասարակությունն ի՞նչ ազդեցություններ կարող է ունենալ գործընթացների վրա:
– Այս ողբերգությունը ցույց տվեց, որ Հայաստանում կա քաղաքացիական հասարակություն, եւ որ այն, ինչ հնարավոր էր անպատիժ անել տարիներ առաջ, հնարավոր չէ այսօր: Սա չափազանց կարեւոր հանգամանք է: Քաղաքացիական հասարակության առկայությունը կարող է շատ բան փոխել մեր երկրի կյանքում: Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ դեպքին, կարծում եմ, որ նորություն չեմ ասելու, եթե ասեմ, որ սա անպատժելիության արդյունք է: Գաղտնիք չէ, որ Հայաստանում երկար տարիներ է, ինչ կան մարդիկ, ովքեր համոզված են, որ իրենք օրենքից դուրս են եւ առաջնորդվում են «մեր դեմ խաղ չկա» կարգախոսով: Նրանք վստահ են, որ այդ իրավունքը վաստակել են: Ինչ-որ պահից իշխանությունները նրանց՝ այս օլիգարխ կոչվածներին, իրենց իշխանությունը ամրապնդելու նպատակով, ներքաշեցին քաղաքական դաշտ: Սկսեցին նրանց ու նրանց կողմից կազմավորված անօրինական զինված խմբավորումներին օգտագործել ընտրական պրոցեսներում, ընդդիմության հանրահավաքները ցրելիս, ընդդիմադիր գործիչների նկատմամբ բռնություններ կիրառելիս: Նրանց կարեւորությունը իր գագաթնակետին հասավ եւ լավագույնս դրսեւորվեց 2008թ. նախագահական ընտրությունների ընթացքում եւ հետո: Այսօր հայաստանյան իշխանությունը հենված է առաջին հերթին այս օլիգարխների վրա: Սա է պատճառը, որ Սերժ Սարգսյանը մինչ խորհրդարանական ընտրություններ անընդհատ հայտարարում էր, որ ապագա խորհրդարանը լինելու է քաղաքական, եւ գործարարներն այնտեղ տեղ չեն ունենալու, բայց երբ հասավ ընտրության պահը, նա չկարողացավ ջնջել օլիգարխներին, որովհետեւ հասկացավ, որ ժողովրդական աջակցության իսպառ բացակայության պարագայում առանց նրանց ինքը անհենարան է մնալու: Մատուցած կարեւորագույն ծառայությունների դիմաց օլիգարխներին տրվել է անպատիժ գործելու եւ օրենքից դուրս գտնվելու իրավունք: Միայն մեկ բան հաշվի չէր առնվել՝ ժամանակը: Փոխվել են ժամանակները, կա քաղաքացիական հասարակություն, կան ինտերնետ, սոցիալական ցանցեր եւ, որ ավելի կարեւոր է՝ 21-րդ դարի երիտասարդություն: Այս վերջին թվարկածս հանգամանքներն են պատճառը, որ Վահե Ավետյանի սպանությունը չի նմանվում Պողոս Պողոսյանի սպանությանը, որն իշխանությունները առանց լուրջ ջանքերի կոծկեցին:
– Այս պատմություններում ի՞նչ տպավորություն գործեց քաղաքական ուժերի պահվածքը: Այդ ողբերգությունը քաղաքական շոուի վերածելու փորձեր չե՞ք դիտարկել, նկատի ունեմ, մասնավորաբար, ՀԱԿ-ի ակտիվությունը:
– Ես չեմ տեսել ողբերգությունից քաղաքական շոու սարքելու փորձ: Հետեւել եմ ուշադիր եւ բոլորի կողմից հստակ արտահայտված ցավ եմ միայն նկատել: Ուղղակի յուրաքանչյուրը յուրովի է այդ ցավն արտահայտում. մեկը՝ հայհոյելով, մյուսը՝ լուռ, երրորդը՝ աղմուկով: ՀԱԿ-ը եւ մյուս քաղաքական ուժերը նույնպես նշածս քաղաքացիական հասարակության մաս են եւ ամենաակտիվ մասերից մեկը, ու բնական է, որ ՀԱԿ-ը պետք է արձագանքեր եւ արձագանքեց: Ուրախությամբ է պետք արձանագրել, որ այլ քաղաքական ուժեր նույնպես արձագանքել ու դատապարտել են: Եթե չլինեին այս արձագանքները, չէր լինի նաեւ այս արդյունքը: Արդյունք ասելով ես նկատի ունեմ ոչ թե մանդատը վայր դնելը, այլ դեպքի անմիջական մասնակիցների ձերբակալություններն ու քննության նկատմամբ առկա հասարակական վերահսկողությունը, որ անկախ իշխանությունների կամքից՝ գոյություն ունի ու իրական է: Եթե այսպես շարունակվի, ապա շատ ավելի շոշափելի արդյունքներ հնարավոր կլինի գրանցել:
Զրույցը՝ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ