ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը իր թիմակից Ռուբեն Հայրապետյանի դեմ դուրս եկած հասարակությանը նետել էր, թե՝ «էս վայնասունը, որ բարձրացված է, թե՝ եկեք գնդակահարենք Հայրապետյանին, փակենք «Հարսնաքարը», անհիմն է», նա նաեւ բարոյականության կոչ անողներին ասել էր, թե «ախմախ» բաների հետեւից են ընկնում, կոչել էր նրանց ագրեսիվ, անհանդուրժող եւ այլն: Ռուբեն Հայրապետյանի՝ մանդատը վայր դնելու հայտարարությունը կարդալուց հետո «Հարսնաքարի» միջադեպի շուրջ ստեղծված ակցիայի ակտիվիստ եւ նախաձեռնող խմբի անդամ Անահիտ Բախշյանը Բադեյանին ու նրա նման հանրապետականներին մեզ հետ զրույցում հարց է տալիս՝ «Այն իրիկունը, երբ լսեցին Ռուբեն Հայրապետյանի սրտից բխած անկեղծ մեղայականը, այն Բադեյանը, էլի մի քանի հոգի, ովքեր պաշտպանում էին, ի՞նչ պիտի մտածեին: Ու թող սա դաս լինի, որ այսօր Ռուբեն Հայրապետյանը բոլոր մեղքերն աչքի առաջ բերեց ու հասկացավ, որ հասարակությունը գոռում է վատ բաների մասին, եւ դա հասավ տեղ: Ես ճանաչում եմ, ընդունում եմ իր անկեղծ խոսքը: Համոզված եմ, որ ինքն անկեղծորեն է դա ասում ու զղջում է: Իսկ մյուսները, որ իր շուքից վախենալով՝ իրենց կեղծ ընկերության տակ չէին ուզում մի թթու խոսք ասել, իրենք խայտառակ եղան: Հասարակությունը վաղը-մյուս օրը իրենց է գոռալու՝ մարդասպան, էս, էն… Տեսնեմ՝ հաճելի՞ է լսելը: Իրենք կարող էին իրենց ընկերոջն ուրիշ ձեւ պաշտպանել, ինչպես Հրայր Թովմասյանը, որը հրապարակավ ցավակցեց ընտանիքին: Ինքը, ճիշտ է, բան չասաց, բայց ցավակցեց: Քանի որ այդ կարգի մարդկային հարաբերություններն են տիրում եւ ստորաքարշությունը, որ Ռուբեն Հայրապետյանի շուքից են վախենում, թող իմանա Հայրապետյանը, որ դրանք բոլորը ոչ թե իրեն հարգում են, այլ ուղղակի վախենում են իր կուլակից՝ բռունցքից»:
Ռուբեն Հայրապետյանի հայտարարության մեջ տիկին Բախշյանն իսկապես անկեղծություն ու զղջում է տեսել. «Ես տեսա ցավ այդ մարդու խոսքի մեջ, եւ ինքը ոչ միայն Վահեի, այլեւ բոլոր անցած մեղքերի համար ներողություն խնդրեց: Եվ դա արեց սրտանց: Ուղղակի ստվերվում է իր այդ բովանդակալի հայտարարությունն այն փաստով, որ ինքը նախագահի մոտ գնալուց հետո դա արեց: Եթե ինքը դա աներ անմիջապես, փոխանակ լրագրողներին հայհոյելու, սրան-նրան վիրավորելու, անմիջապես այդ հայտարարությունն աներ, եւ առաջինն ինքը գնար Վահեենց տուն, մի խոսքով՝ ցույց տար, որ ինքը տեսնում է իր մեղքի բաժինը՝ ճիշտ կլիներ: Մանավանդ՝ իր թիմակիցներն ամբողջությամբ հեղինակազրկվեցին, իմ աչքից ընկան, որովհետեւ իրենք ձայն չհանեցին, իրենք մարդկայնորեն ոչ միայն չէին մեղադրում, այլեւ պաշտպանում էին՝ ինքը ի՞նչ մեղավոր է՝ ասում էին, գոնե լռեին»:
«Ֆեյսբուք»-ում դեռ շարունակվում են առաջարկները, թե էլ ինչ կարող է անել Ռուբեն Հայրապետյանը՝ մեղքը քավելու համար: Առաջարկներից մեկը «Հարսնաքարը» Վահեի երեխաների անունով գրանցելն էր: Այս առնչությամբ տիկին Բախշյանն ասաց, որ Ռուբեն Հայրապետյանի համար խնդրի ամենահեշտ լուծումը դա է՝ ֆինանսականով, որը պարտավոր է անել, բայց առանց գոռալու, առանց հրապարակելու. «Ինքը դա պարտավոր է անել, ինքը դա պե՛տք է անի: Բայց այն նախադասությունը, որ գուցե մի օր Վահեի ընտանիքի մոտ էլ ներում ստանամ, սա խոսում է այն մասին, որ ինքն իրեն կատարյալ մեղավոր է համարում:
«Մարդասպան» վանկարկումները մարդու քար սիրտը կծակեին, ու Ռուբեն Հայրապետյանի սիրտը այդ վանկարկումները ծակել են: Հասարակությունը սա արեց: Ամենակարեւոր բանը սա էր՝ քար սրտերը ծակվեցին: Դա Աստծո դաժան պատիժն էր Ռուբեն Հայրապետյանին եւ իր ընտանիքին: Ես ուզում եմ, որ ինքը մեղա գա, ես միշտ ուզում եմ, որ մարդը լավանա, մարդանա: Եթե դա լինի, Վահե Ավետյանի երեխաներն էլ կշահեն»:
Կարդացեք նաև
Հ. ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ