Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատվենք օլիգարխներից

Հուլիս 05,2012 13:08

Երեկ lragir.am-ում կարդացի՝ բացառված չէ, որ Ռուբեն Հայրապետյանը «փոշմանի» եւ որոշի իր մանդատը վայր չդնել՝ տեղի տալով իր ընկերոջ՝ Սամվել Ալեքսանյանի խնդրանքներին: Դա ինձ քիչ հավանական է թվում, ավելի շուտ հնարավոր է հակառակը՝ նա համոզի իր գործընկերոջը հրաժարվել պատգամավորությունից: Եթե նման բան տեղի ունենա, դա դրական կերպով կբնութագրի երկուսին էլ: Ի դեպ, կարծում եմ, պետք է տարանջատել օլիգարխների քաղաքական եւ հասարակական գործունեությունը: Առաջին դեպքում միանշանակ է, որ նրանք այդ ոլորտից պետք է հեռանան: Երկրորդ դեպքում, երբ խոսքը, օրինակ, ֆուտբոլի ֆեդերացիայի կամ օլիմպիական կոմիտեի մասին է, այդ բնագավառում ընդգրկված մարդիկ, տվյալ դեպքում՝ սպորտսմենները, մարզիչները պետք է որոշեն՝ ուզո՞ւմ են նրանք, որ իրենց կազմակերպության ղեկավարը փոխվի, թե՞ չէ:

Ինչ մնում է քաղաքականությանը եւ դեպուտատությանը, ապա միանգամայն պարզ է, թե ինչու են օլիգարխներն այնտեղ խցկվել: Ռուսաստանում, որին մենք շատ բանով ընդօրինակում ենք, դա վաղուց արդեն անցած էտապ է՝ Ուսմանովը, Լիսինը կամ Մորդաշովը Դումայի պատգամավորներ չեն եւ այժմ նման կարգավիճակ ձեռք բերելու ցանկություն, կարծես թե, չունեն: Միամտություն կլիներ, իհարկե, կարծել, թե նրանք քաղաքական դաշտում ազդեցություն չունեն, պարզապես նրանք գտել են դրա ավելի քաղաքակիրթ ձեւերը, այդ թվում՝ մեդիայի միջոցով: Մեր մեծահարուստների ֆինանսական կարողությունները հիշյալ բիզնեսմեններից առնվազն 20 անգամ փոքր են, եւ գուցե դրանից է գալիս իրենց անվստահությունը վաղվա օրվա նկատմամբ եւ ձգտումը անձամբ քաղաքական «տանիքի» տակ մտնելու: Մյուս կողմից՝ ռուսաստանցի օլիգարխների մշակութային մակարդակը զգալիորեն ավելի բարձր է, քան իրենց հայ գործընկերներինը, եւ այսօր նրանց մտքով անգամ չի անցնում զարմացնել հասարակությանը իրենց կատաղած, կապը կտրած «ախրաննիկներով»: Այդ մերոնք են, որ մնացել են 90-ականների «բրատոկների» եւ «նոր ռուսների» մակարդակին:

Մեր այդ բոլոր հանգամանքները, բնականաբար, պայմանավորված չեն մեր ազգային առանձնահատկություններով կամ նույնիսկ «ռեժիմների» տարբերությամբ, հակառակը՝ մեր երկրում ներկայիս ռեժիմը նույնիսկ փոքր-ինչ ավելի ազատական է, քան Ռուսաստանում: Ավելի շուտ ես հակված եմ դա վերագրել մեզ մոտ 90-ականների առաջին կեսին ստեղծված ծայրահեղ էքստրեմալ վիճակով, երբ պետական կարգը՝ իր դրական ու բացասական կողմերով, ձեւավորում էին ուժային կառույցները:

Բայց ինչ եղել՝ եղել է. վաղուց արդեն ժամանակն է անցնել նորմալ «քաղաքացիական» կյանքին: Դրա առաջին քայլը կարող էր լինել օլիգարխներին խորհրդարան չթողնելը: Բայց, ըստ երեւույթին, ՀՀԿ-ն դա չէր կարող անել, քանի որ կարծր մրցակցության մեջ էր ԲՀԿ-ի հետ, որտեղ նույնպես մեծուփոքր օլիգարխներ կան: Հիմա, հաշվի առնելով Ռուբեն Հայրապետյանի քայլը, գուցե կա՞ տարբերակ, որ հիշյալ երկու կուսակցությունների օլիգարխները վայր դնեն իրենց մանդատները: Ինչների՞դ է պետք անընդհատ քննադատության եւ ծաղրի թիրախ լինելը: Գնացեք ձեր դղյակները, զբաղվեք բարեգործությամբ: Ուզո՞ւմ եք բարոյապես կամ նյութապես սատարել ներկայիս նախագահին՝ խնդիր չկա: Ցանկանո՞ւմ եք օգնել նախկին երկու նախագահներից որեւէ մեկին՝ էլի ձեր գործն է: Բայց հանգիստ թողեք օրենսդիր գործունեությունը՝ դա ձեր խելքի բանը չի:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031