Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քաղաքացու արթնացումը լուրջ կապիտալ է

Հուլիս 05,2012 12:39

 Հունիսի 17-ին «Հարսնաքարում» տեղի ունեցած ողբերգական միջադեպի շուրջ բարձրացած աղմուկը, որի հետեւանքով հասարակության դժգոհությունը վերածվեց բողոքի ակցիաների եւ ի վերջո ԱԺ պատգամավորի մանդատ «արժեցավ» ռեստորանի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանի համար, հիրավի աննախադեպ երեւույթ է վերջին տարիների մեր քաղաքական կյանքում։

Խնդիրն այստեղ միջադեպի զուտ իրավական կողմը չէ, որի գնահատականը կտան դատական մարմինները, այլ ամենաթողության արգահատելի երեւույթի եւ իհարկե այն ահռելի քաղաքական արձագանքի, որն առաջ բերեց զինվորական բժիշկ Վահե Ավետյանի սպանությունը։
Եվ միայն այն, որ «Հարսնաքարի» ողբերգության զոհերին իր համերաշխությունը հայտնեց նաեւ իշխանությունը, վկայում է մեր երկրում տեղի ունեցող հետաքրքրական գործընթացի ծավալման մասին։
Դատեք ինքներդ։
ա) Ի տարբերություն թիկնազորի մասնակցությամբ մայրաքաղաքում տեղի ունեցած նախորդ հայտնի ծեծկռտուքների, այս անգամ մեր երկրի հասարակությունն այնքան սուր արձագանքեց ողբերգական ավարտ ունեցած միջադեպին, որ ափից դուրս եկած դժգոհությունը դրսեւորվեց ոչ միայն առանձին քաղաքական ուժերի, այլեւ հասարակության գրեթե բոլոր շերտերի, այդ թվում՝ պետական պաշտոնեության ու երկրի քաղաքական ղեկավարության մակարդակով։
բ) Այս անգամ նման արգահատելի երեւույթի դեմ ուղղված դժգոհության ալիքը դուրս եկավ նաեւ Հայաստանի սահմաններից, համակեց աշխարհի տարբեր անկյուններում բնակվող մեր հայրենակիցներին։
գ) Համընդհանուր ընդվզման մթնոլորտում որեւէ ազդեցություն չգործեցին հանդարտվելու եւ տեղի ունեցածը զուտ իրավական հարթության վրա դիտարկելու հորդորները։ Անհանգստացած հասարակությունը պահանջեց քաղաքական գնահատական, այն է՝ պատասխանատվության ենթարկել ոչ միայն միջադեպի մեղավորներին, այլեւ ռեստորանային համալիրի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին, որն էլ, ի վերջո, վայր դրեց պատգամավորական մանդատը։
Այսպիսով անպատժելիության այն պատրանքները, որ համակել էին մեր նորաթուխ ունեւոր խավի առանձին ներկայացուցիչներին, բախվեցին ոչ միայն հասարակության մի հատվածի, այլեւ ժողովրդի ճակատագրով մտահոգ փաստորեն բոլոր հասարակական-քաղաքական ուժերի, մտավորականության ընտրանու եւ արտասահմանի մեր հայրենակիցների կտրուկ հակազդեցությանը։
Արթնացավ երկրի քաղաքացու պատասխանատվության սուր զգացողությունը, որ կարծես բթացել էր սոցիալ-տնտեսական հարաբերությունների հետեւանքով՝ անհավասարության ու անտարբերության ազդեցությամբ։ Իսկ երբ արթնանում է քաղաքացին, ապա դժվար է ակնկալել, որ նրա ընդվզումը կարող է անարձագանք մնալ, որովհետեւ քաղաքացին պետության հավաքական տերն է։
Նկատենք, որ հայերիս քաղաքացիական գիտակցությունը, բացի արտասահմանյան գրանտներով սնվող սահմանափակ մի շերտից, միշտ էլ անխզելիորեն շաղկապված է ազգային գիտակցությանը։ Ուստի որքան էլ Հայաստանում հզորանա քաղաքացիական շարժումը, անհնար է պատկերացնել, որ նա կարող է պարտվողական դիրքորոշում որդեգրել ազգային հարցերում՝ լինի Ղարաբաղը կամ հայ-թուրքական հարաբերությունների ապագան։
Ուրեմն մեր քաղաքացիական կեցվածքի նման հստակությունը կարող է դառնալ հզորագույն հենարան երկրի անվտանգությամբ մտահոգ ցանկացած իշխանության համար, եթե նա նվազագույն արդարություն պահպանի երկրի ներսում, լիարժեքորեն իրականացնի հանրային իշխանության, այսինքն՝ բոլոր խավերից բարձր կանգնած, միայն ու միայն օրենքի վրա հիմնվող կառույցի դերակատարությունը։
Հայաստանի նման վտանգված երկրի համար քաղաքացիական գիտակցության արթնացման միտումը կարող է վերածվել արտաքին ճակատում նրա միասնականության ամրապնդման հզորագույն կռվանի, եթե ճիշտ գնահատենք Վահե Ավետյանի սպանությունից հետո բարձրացած բողոքի ալիքի պատճառները եւ հետագա ընթացքի միտումները։
Եթե այս ալիքը շարունակի ծավալվել մեր կյանքում գոյություն ունեցող բացասական երեւույթների դեմ, դառնա դրանք արմատախիլ անելու ներքին խթան, ապա առաջիկայում կարող ենք ունենալ որակապես նոր մակարդակի երկիր։ Ողջ խնդիրն այն է, թե որտեղի՞ց եւ ինչպե՞ս է հունավորվելու Հայաստանի Հանրապետության քաղաքացու արթնացման ակնհայտ միտումը։
Եվ գործող իշխանությունն այս առումով կատարել է առաջին ճիշտ քայլը՝ չի հակադրվել նման ալիքին, այլ ուղղվել է երկրում գոյություն ունեցող բացասական երեւույթի դեմ։ Ակնհայտ է, որ սա բարդ ու դժվարին, բայց խիստ անհրաժեշտ քաղաքական կեցվածք է։
Կարծում ենք, պետք է զգուշորեն ու խելամտորեն վարվել այն անգին քաղաքական կապիտալի հետ, որը դժբախտաբար ձեռք բերվեց երիտասարդ զինվորական բժշկի կյանքի գնով

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031