Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Ադամյան. «Ռուբեն Հայրապետյանն ինձ չի հետաքրքրում: Նա ինձ հետաքրքիր է այնքանով, որքանով որ նա խանգարում է այս երկրին»

Հուլիս 05,2012 12:28

Հասարակական ու քաղաքական շրջանակները առավել մարտական ու հետեւողական շարունակում են քննարկել Ռուբեն Հայրապետյանին՝ Նեմեց Ռուբոյին պատկանող «Հարսնաքարում» տեղի ունեցած ողբերգական միջադեպի պատճառներն ու դրան տրվող արժանի գնահատականները։

Իսկ իրական ու արդարացի պայքարին զուգընթաց, պալատական որոշ «գործիչներ», ինչպես նաեւ իշխանությունների որոշ սատարիչ խմբակներ ու տնաբույծ վերլուծաբաններ շարունակում են իրենց իմացած յոթ երգր երգել այն մասին, որ ամեն ինչում իշխանություններին մեղադրելը «մեղք» է։ Եվ որ «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած սահմռկեցուցիչ միջադեպն էլ ոչ թե Հայաստանում ձեւավորված ու արմատացած վարքերի ու բարքերի արդյունքն է, այլ այսօր հեռուստաեթերներից թողարկվող հեռուստասերիալների։ Ստացվում է՝ լուսնի վրա ապրող մեր «անկախ» փորձագետներից ոմանք այն կարծիքին են, որ միայն ու միայն հեռուստասերիալները դիտելուց հետո են «փչանում» հայրենի օլիգարխիայի ձեռքով կերակրված հաստավիզ բորենիները, որոնք իրենց իսկ անիմաստ դեմքերով, իրենց ուղեղի ծալքերին համապատասխանող «ռազբորկաներով» ու խուժան ձեռագրով քայլող սցենար են անգամ սկսնակ սցենարիստների եւ ռեժիսորների համար։

Ամենեւին ցանկություն չունենալով ոոջունելու այս կամ այն հեռուստասերիալի գոյության փաստը՝ «ՉԻ»-ն փորձեց դրանց թողած հետեւանքների, ազդեցության վերաբերյալ լսել պրոֆեսիոնալի՝ սիրված դերասան Աշոտ Ադամյանի կարծիքը։

«Եթե մենք ունենք սերիալների անբարեկիրթ ու անբարենպաստ շարան, ապա դրա պատճառը արվեստի բովանդակային ու փիլիսոփայական քաղաքականության մեջ է, որը վարվում է այսօրվա իշխանության կողմից։ Հետեւաբար այդ ամենի պատճառը պետք է փնտրել ամբողջ համակարգային թերությունների մեջ: Իսկ այդ սերիալների մասին չեմ էլ ուզում խոսել», նշեց դերասանը՝ ընդգծելով. «Անշուշտ, այդ սերիալներից էլ են այդ թիկնապահները ոգեւորվում, որովհետեւ նրանք իրար հավասար, ադեկվատ երեւույթներ են: Սերիալը համապատասխանում է նրանց հաստավիզ բովանդակությանը: Բայց այս ամենը, ըստ իս, գալիս է ընդհանուր վարվող քաղաքականությունից՝ բոլոր ուղղություններով։ Քանի դեռ մենք բոլորս չենք կարողանում նորմալ, ճիշտ ճանապարհով ընթացող պետություն ունենալ, ապա անընդհատ հանդիպելու ենք նման դեպքերի։ Մանավանդ որ մարտի 1-ից սկսած մինչեւ այսօր ոչ ոք չի պատժվել»։

Դերասան Աշոտ Ադամյանը այս համատեքստում ահազանգում եւ տեսնում է, որ գնալով իրավիճակը էլ ավելի է վատանալու, քանի որ այս ավազակային բնագավառը չի փոխվում։ Հետեւաբար, դերասանը դրա փրկությունը տեսնում է ժողովրդի քաղաքական ակտիվության մեջ. «Կարեւոր է՝ գիտակցության արթնացումը, ինքնագիտակցումը՝ որպես մարդ եւ ոչ թե որպես անգո իր կամ ընդամենը ենթարկվող զանգված։ Մասնավորապես ժողովրդի գիտակցության արթնացման մասին է խոսքս։ Որովհետեւ նրանցից, ումից որ սպասում ենք, չեն արթնանում։ Իսկ քնած գիտակցության պայմաններում, ահա, այսպիսի «պետություն» են անում։ Կարծեմ, մենք այս երկիրը ժողովրդավարական ենք հայտարարել, ուրեմն պետք է բարի լինենք ժողովրդավարենք մեր երկիրը, այլ ոչ թե թողնենք, որ ավազակները մեզ վարեն»,- ասում է դերասանը։

Համընդհանուր բողոքի ու քաղաքական ուժերի հայտարարություններից հետո, անդրադառնալով Ռուբեն Հայրապետյանի մանդատը վայր դնելու «արարողությանը», Ադամյանը նշեց, որ այն իրական դրվագ չի համարում։ Նրա համոզմամբ, «Դա ընդամենը իրավիճակը կոծկելու ու փրկելու մի քայլ էր։ Ինքն առայժմ Նեմեց Ռուբո է։ Երբ որ ինքը փոխվի՝ ես կհավատամ իրական հրաշքների։ Գյուլնազ տատիկի հեքիաթները ես մանուկ ժամանակ կարդացել եմ ու դրանից դասեր եմ առել։ Այսօր այդ հեքիաթները ինձ համար մանկական պատմություններ են ճշմարտության մասին։ Եվ եթե այսօր ես հավատամ, որ մի գել ու գազան կգա ու կդառնա հրեշտակ, ապա ես դրան չեմ հավատում։ Եթե քաղաքական կամք լիներ՝ այս խնդիրը մեզ համար վաղուց այլեւս խնդիր չէր լինի։ Դա կլիներ քրեական ինչ-որ մի գործ, որը կլիներ իր տեղում, իսկ պատասխանատուներն էլ կլինեին նախնական կալանքի վայրերում։ Գործը կքննվեր, մենք էլ հանգիստ կհետեւեինք, թե ինչպես է այն քննվում»։

«ՉԻ» հարցին, թե դոբերմաններ հիշեցնող այս թիկնապահների ոհմակը, ի վերջո, արմատախիլ կարվի՞ նույն օլիգարխների կողքից, եւ այսուհետ արդյո՞ք հասարակությունը հանգիստ շունչ կքաշի՝ ազատվելով նրանց տհաճ ու վնասակար ներկայությունից, սիրված դերասանը պատասխանեց. «Ես չեմ հասկանում, թե դա ընդհանրապես ի՞նչ հավաքույթ է։ Ի՞նչ պատասխանատվություն են նրանք կրում։ Ըստ իս, առաջին պատասխանատվությանը պետք է կրի էդ ոհմակի հավաքողը։ Ի՞նչ անենք, ազգովի բոլորս թիկնապահներ պահենք ու սկսենք իրար սատկացնե՞լ։ Չի «կարելի»։

Դիտարկմանը, թե Ռուբեն Հայրապետյանի թիկնապահների առատությունը ՀՀԿ պատասխանատուները բացատրում են նրա դեմ կատարված մահափորձերով, դերասանը հակադարձեց. «Ռուբեն Հայրապետյանն ինձ չի հետաքրքրում։ Նա ինձ հետաքրքիր է այնքանով, որքանով որ նա խանգարում է այս երկրին։ Իսկ պետությունը տեղյակ է, թե հասարակ քաղաքացու հանդեպ ինչպիսի ոտնձգություններ են լինում։ Դրա համար այդ պատճառները բոլորովին պայման ու արդարացում չեն, որ նա պետք է թիկնապահներ ունենա»։

Գայանե ԶԱՐԳԱՐՅԱՆ

«Չորրորդ իշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031