Արմեն Հովսեփյանը ճանաչված գրականագետ ու բանասեր Գարեգին Հովսեփյանի որդին է: Նրա հայրը մոտ հարաբերությունների մեջ է եղել ոչ միայն Սեւակի, այլեւ Շիրազի, Իսահակյանի, Չարենցի եւ մեր մյուս մեծերի հետ: Արմեն Հովսեփյանը, որ նույնպես բանասեր է եւ ժամանակին դասավանդել է Էջմիածնի հոգեւոր ճեմարանում ու Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտում, այսօր բնակվում է Հոլիվուդում եւ մտադիր է ամբողջացնել այն հուշերն ու մանրամասները, որ լսել է իր հորից մեր մեծերի մասին: «Շիրազը մեր տուն հաճախ էր գալիս եւ հաճույքով ճաշակում էր մորս պատրաստած կերակուրները: Իսահակյանը հայատառ մի գրամեքենա էր նվիրել հորս, Չարենցի դեմ սկսված հալածանքներին հայրս վկա ու ականատես է եղել», հուշերի պատառներ է ներկայացնում նա:
Մեր զրույցի առիթը Սեւակի մահվան 41-րդ տարելիցն էր: Մեծ բանաստեղծը «Անլռելի զանգակատունը» գրելու ընթացքում եղել է Մոսկվայում եւ դրամի խիստ կարիք ունեցել, ողջ ընթացքում նրան ֆինանսապես օժանդակել է Գարեգին Հովսեփյանը: «Եթե քո հայրը չլիներ, հայ ժողովուրդն «Անլռելի զանգակատունը» չէր ունենա», տարիներ անց ասել է Սեւակը Գարեգին Հովսեփյանի որդուն: Արմեն Հովսեփյանը ցավով նշում է, որ ամերիկյան միջավայրում բացարձակապես գաղափար չունեն Սեւակի ու մեր մյուս մեծերի վերաբերյալ: Բավական է ասել, որ Ռուբեն Մամուլյանի նման հսկան, ում գործունեությունը մեծ ազդեցություն է թողել հենց ամերիկյան թատրոնի ու կինոյի զարգացման վրա, եւ ով 6 տասնյակից ավելի դրամատիկական ու երաժշտական ներկայացումներ է ստեղծել Նյու Յորքի թատրոններում, չի էլ հիշատակվում: Հայերի մասին պատկերացումներն ավելի հաճախ կազմվում են կրեդիտ քարտերի ու բժշկական ապահովագրությունների խարդավանքների հետ կապված պատմությունների հիման վրա: Իսկ այդպիսի պատմություններ ավելի ու ավելի հաճախ են հիշատակվում ամերիկյան թերթերում հատկապես վերջին շրջանում: Նա պատմեց, որ մի անգամ անգլերենով Սեւակ է ներկայացրել մի գրասեր ամերիկացու, որին ապշեցրել են սեւակյան տողերի խոսքերն ու գեղեցկությունը, բայց ում մասին ինքը բառ անգամ չի լսել: Կամ` Ֆրեզնոյում բնակվող գերմանացի գիտնականին խիստ զարմացրել է Արմեն Հովսեփյանի հայ լինելը, եւ նույնիսկ երկար ժամանակ դժվարացել է հավատալ, քանի որ հայի կերպարի բոլորովին այլ պատկերացումներ է ունեցել:
Ամերիկյան միջավայրում այսօր առաջին պլանում, ցավոք, հայի մասին աննպաստ տպավորություն ստեղծող հայերն են, եւ մենք ամենեւին ջանքեր չենք անում թյուր կարծիքները վերացնելու եւ մեր ունեցածն ու ստեղծածն աշխարհին հավուր պատշաճի ներկայացնելու համար:
«Ազգ»