Լրահոս
Օրվա լրահոսը

Իտալիա, Փարիզ կամ Շորժա՝ ընկերոջ ամառանոց

Հուլիս 05,2012 11:52

Ամառային հանգստի թեման շարունակում է մնալ արդիականներից մեկը, այդ իսկ պատճառով խոստացվածի պես շարունակում ենք ներկայացնել հայտնիների նախատեսած ու անցկացրած ամառային հանգստի մանրամասները։ Այս անգամ ամառային արձակուրդների իրենց նախագծերով մեզ հետ կկիսվեն դերասան Արմեն Մարությանը, պարուհի Վիկտորյա Մարտիրոսյանն ու գեղեցկուհի Իրինա  Թովմասյանը:

Արմեն Մարության

– Մեր արձակուրդն օգոստոսին է, երեւի այն կանցկացնենք Հայաստանում, գուցե գնանք Սեւան՝ ընկերոջս ամառանոց, դե կտեսնենք էլի։

– Փաստորեն, ոչ մի տուրիստական գործակալության չեք դիմելու

– Այս տարի Հայաստանով կբավարարվենք։ Անկեղծ ասած, Հայաստանում անցկացրած հանգիստը շատ եմ սիրում։

– Բայց Հայաստանում հանգստանալն ավելի թանկ է, քան դրսում։

– Դե ես գնում եմ ընկերոջս ամառանոց, հետո ես մի քիչ ուրիշ եմ, որտեղ էլ գնամ, ինձ զեղչեր են անում։

– Դրսում ամառային հանգիստ ունեցե՞լ եք։

– Այո, ծով եմ սիրում, ինչը հիմա դարձել է հայոց հարցը: Բայց ես Թուրքիա չեմ գնում միտումնավոր։

– Իսկ Վրաստա՞ն:

– Եղել եմ, բայց էդ Քոբուլեթին էլ չեմ հավանում։ Ես սիրում եմ Ղրիմը, Սոչիի կողմերը։ Բայց դա խնդիր ա, այս տարի կմնամ Հայաստանում։

– Խնդիրը գումարայի՞ն է:

– Չէ, ես ինքնաթիռներից հոգնում եմ, նախընտրում եմ նստել մեքենաս ու գնալ Սեւան՝ Շորժայի կողմերը, որտեղ շատ հանգիստ է, մարդիկ չկան։

– Ո՞րն է եղել Ձեր կյանքի ամենաուրախ հանգիստը։

– Ես ակտիվ, աշխույժ հանգստի կողմնակից եմ, բայց որ ես ու Ալլան մի քիչ մեծացել ենք, թատրոնում էլ շատ ակտիվ ենք, հիմա ուզում ենք լռություն, խաղաղություն։ Այ հիմա մի 10 օրվա հանգիստը մեզ չէր խանգարի։

– Որքա՞ն գումար անհրաժեշտ կլինի 10 օրում 2 հոգով հանգստանալու համար։

-Դե երեւի մի 300.000 դրամը բավական կլինի, չի հերիքի, քարտ ունենք, հաշվից կհանենք։ Չնայած դա շատ հարաբերական ասացի, նայած՝ ուր ես գնում։ Եթե գնաս Քոբուլեթի՝ մի 300.000 դրամ, Անթալիա՝ մի 3 հազար դոլար, Բուլղարիա՝ մի 2.5 հազար դոլար։ Իսկ գնալուց էլ պետք է գոնե 4-աստղանի հյուրանոց գնաս, եթե ոչ 5:

Բայց մեր երկիրն էլ շատ սիրուն տեղեր ունի, որտեղ մեծ հաճույքով կհանգստանամ՝ Ստեփանավան, Կիրովական, Դիլիջան… Դե Ծաղկաձորն ու Ջերմուկն էլ վատը չեն, բայց ես չեմ սիրում։ Եթե մեր հանգստյան տները կարգին սարքեն, ու թանկ չլինի, բոլորն էլ էստեղ կհանգստանան։

Վիկտորյա Մարտիրոսյան

– Այս տարի, ինչպես եւ նախորդ տարիներին, մենք նույնպես կգնանք հանգստանալու, սակայն հիմա այնքան ենք զբաղված, որ հանգստի մասին չենք էլ մտածում։ Օգոստոսի կեսերից, երբ ավելի թեթեւ աշխատանքային գրաֆիկ կլինի, ընտանիքով մի տեղ կգնանք, բայց թե ուր, ա՛յ դա չգիտեմ, հավանաբար մի 10 օրով երեխային ծով կտանենք։

– Եթե չեմ սխալվում, անցած տարի ընտանիքով Բուլղարիա էիք գնացել, հնարավո՞ր է՝ այս տարի կրկին նույն տեղը մեկնեք։

-Չեմ կարծում, ուղղակի դեռ հանգիստը չենք հասցրել պլանավորել, բայց անպայման տոմսեր կվերցնենք ու մի տեղ կմեկնենք։ Այս պահին ոչ մի երկիր չեմ կարող նշել։

– Ո՞րն է եղել ամենատպավորիչ հանգիստը։

– 2007թ. ԱՄՆ-ում դիմավորեցի Նոր տարին, հրաշալի էր այդ տոնն այնտեղ նշել։ Իսկապես շատ տպավորիչ էր։

– Հանգստի մեկնելուց առաջ ո՞ր իրն եք առաջինը դնում ճամպրուկի մեջ։

– Միայն հագուստիս մասին եմ մտածում, չկա էնպիսի իր, առանց որի չեմ կարող։ Իսկ պետքական տեխնիկայից էլ՝ ֆոտոխցիկ ու հեռախոս։

– Իսկ հանգստի համար գումարը հավաքում եք տարվա ընթացքո՞ւմ, թե՞…

– Ես այդ ուղղությամբ չեմ մտածել, գումարային հարցերի հետ ես բացարձակապես կապ չունեմ, ամուսինս է կարգավորում այդ հարցերը։

Իրինա Թովմասյան

– Այս տարի ես, ամուսինս ու աղջիկս գնալու ենք նավով ճամփորդության։ Օգոստոսի երկրորդ կեսին գնալու ենք Իտալիա, այնտեղ մեքենա կվարձենք, մի քանի երկրներ ենք մտնելու, այնուհետեւ գնալու ենք Փարիզ, 3 օր մնալու ենք Դիսնեյ Լենդում, ինչի մասին միշտ երազել է Մեգին։ Հետո կվերադառնանք Իտալիա, մի քանի օր կմնանք ծովում ու հետ կգանք Հայաստան։ Ամբողջ ճամփորդությունը կտեւի 15 օր։

– Բավականին հետաքրքիր բան եք մտածել։ Իսկ նախորդ հանգիստներից ո՞րը կհիշեք:

– Անցած տարվանը, երբ կրկին երեքով գնացինք Հունաստան, շրջեցինք Հունաստանի քաղաքներով, ամեն ինչ շատ լավ անցավ: Ես սիրում եմ ծովափին հանգստանալ, առաց ջուր հանգիստը հանգիստ չէ։ Իրականում հանգիստը շատ անհրաժեշտ բան է, մենք փորձում ենք տարվա ընթացքում գոնե մեկ կամ երկու անգամ մի տեղ գնալ։ Իսկ ձմռանը կարող ենք ուղղակի Ծաղկաձորում հանգստանալ։

Եվա ՌՈՒԲԻՆՅԱՆ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031