Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ պատգամավոր. «Եթե գովերգում են, ուրեմն խոսք են կորզել, եթե գումար են տալիս, ուրեմն խոստում են ստացել»

Հուլիս 05,2012 11:52

Ի տարբերություն իշխող կուսակցության ներկայացուցիչների` Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյի երեւանյան այցից, մանավանդ երեկ խորհրդարանում պատգամավորների հետ կայացած հանդիպումից, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես խմբակցությունում հիացած չեն:

Իր երկարաշունչ ելույթում Հերման Վան Ռոմպոյն այդպես էլ չի պատասխանել ՀԱԿ-ի` նախապես իրեն ուղղված հարցերին: Հիշեցնենք, որ ՀԱԿ-ն իր հարցերում  անդրադարձել էր 2008 թվականի մարտիմեկյան իրադարձություններին, վկայակոչել էր եվրոպական տարբեր կառույցների զեկույցները եւ այդ իրադարձությունների վերաբերյալ հնչեցրած գնահատականները եւ հանցագործությունը բացահայտելու վերաբերյալ պահանջները եւ հետաքրքրվել, թե բարձրաստիճան եվրոչինովնիկին ինչքանո՞վ է բավարարում Հայաստանի իշխանությունների կողմից այդ հանձնարարականների կատարման ներկայիս վիճակը, երբ բացահայտված եւ պատժված չեն ոչ կարգադրողները, ոչ հանցանքն իրականացնողները: «Պատասխան չհնչեց: կարծում եմ, պատասխաններ չհնչեցին նաեւ այլ խմբակցությունների բարձրացրած հարցերին»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության անդամ, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը:

Իսկ եվրոչինովնիկի հետ հայ խորհրդարանականների հանդիպումը մեր զրուցակիցը որակեց «ստանդարտ» հանդիպում, որի ընթացքում Եվրոպական խորհրդի նախագահը գովերգել է ՀՀ իշխանություններին, փորձ արել մայիսին կայացած խորհրդարանական ընտրություններն իբրեւ քայլ առաջ եւ դրական տեղաշարժ ներկայացնել: «Այն գնահատականը, որ Եվրոպական խորհրդարանի նախագահը տվեց մեր ընտրություններին, ինչպես սովորաբար արձանագրում է Եվրոպան, մտավախությունների եւ մտահոգությունների առիթ է տալիս: Եթե ԱՄՆ պետդեպի եւ եվրոպական մեկ այլ կառույցի` ԵԽԽՎ-ի բացասական գնահատականներով զեկույցներից  հետո նորից վերադառնում են գովերգելուն, 15 միլիոն եվրոյով ավելացնում են ժողովրդավարության զարգացման համար Հայաստանին տրամադրվելիք գումարները… եթե այդ գումարի դիմաց նման ժողովրդավարություն եւ ընտրություններ են ակնկալում, ուրեմն, մեկ այլ խնդիր կա»,- ասում է տիկին Սարգսյանը: Նրա գնահատմամբ, վերջին շրջանի անընդհատ եւ հետեւողական այցելությունները Հայաստան նպատակ ունեն ԼՂՀ խնդրում նորից արագ լուծումների եւ միակողմանի զիջումների խոստավանություն կորզել. «Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, երեւի թե անհանգստանալու խնդիրներ կունենանք: Եթե գովերգում են, ուրեմն խոսք են կորզել, եթե գումար են տալիս, ուրեմն խոստում են ստացել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031