Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀԿ խմբակցության նրբերանգները

Հուլիս 05,2012 11:12

«Հարսնաքար» ռեստորանում կատարված ոճրագործությունից հետո կրկին քննարկման թեմա է դարձել Հայաստանի Ազգային ժողովի որակը, մասնավորապես՝ այն փաստը, որ Սերժ Սարգսյանը, հակառակ իր խոստումներին, կրկին խորհրդարան բերեց կրիմինալ-օլիգարխիկ տարրերին։ Պարզվում է՝ նման մարդիկ ԱԺ են բերվել ոչ թե պատահաբար, այլ համապատասխան առաքելությամբ։

«Ժողովուրդ»-ի աղբյուրներն այս առումով բավական ուշագրավ մանրամասներ պատմեցին ՀՀԿ խմբակցության կազմի ձեւավորման վերաբերյալ։ Բանն այն է, որ ՀՀԿ-ի՝ ԵԺԿ-ին անդամակցելու գործընթացի ժամանակ Ս. Սարգսյանը միջազգային կառույցներին խոստացել է գնալ կտրուկ փոփոխությունների, մասնավորապես՝ ՀՀԿ ցուցակ չընդգրկել քրեական-օլիգարխիկ տարրերին՝ փոխարենը ասպարեզ բացելով արտերկրում կրթություն ստացած երիտասարդների համար։ Նույնիսկ ՀՀԿ համամասնական ընտրացուցակի նախնական քննարկումների ժամանակ նա խոսել է թիմում սերնդափոխության, երիտասարդ կադրերի ներգրավման անհրաժեշտության մասին։ Բայց ամեն ինչ փոխվել է ԲՀԿ համագումարից հետո։ ԲՀԿ համագումարից մեկ օր անց նա հայտարարել է, թե երիտասարդների թիմով իրենք «պրավալ կտան» ոչ միայն ԱԺ, այլեւ դրան հաջորդող նախագահական ընտրությունները։ Արդյունքում՝ որոշվել է կրկին դիմել կրիմինալ-օլիգարխների աջակցությանը՝ գետանցի ժամանակ չփոխելով ձիերը։

Մեր տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը ՀՀԿ համամասնական ցուցակը կազմելու վերաբերյալ համապատասխան քննարկում է կազմակերպել իր մերձավոր շրջապատի հետ։ «Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել, որ այնտեղ ներկա են եղել Հովիկ Աբրահամյանը, Ֆլեշ Բարսեղը՝ Բարսեղ Բեգլարյանը, Ս. Սարգսյանի փեսան՝ Միքայել Մինասյանը, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, ԱԺ նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը եւ այլք։ Եվ ահա որոշվել է ՀՀԿ համամասնական ու մեծամասնական ցուցակները, ըստ այդմ նաեւ ԱԺ-ում ՀՀԿ խմբակցությունը կազմավորել 5 հիմնական սկզբունքով։ Նախ՝ որոշվել է ՀՀԿ խմբակցության կազմում ընդգրկել խոսող պատգամավորների, այսինքն՝ մարդկանց, որոնք ներկայացնելու են ՀՀԿ տեսակետը։ Այդ շարքում նշվել են Գալուստ Սահակյանի, Էդուարդ Շարմազանովի, Հովհաննես Սահակյանի, Գագիկ Մինասյանի եւ այլոց անունները։ Հաջորդը Եվրոպայում կրթություն ստացած, «օսլայած մազերով» երիտասարդներն են, որոնց ներկայությունն ԱԺ-ում պետք է միջազգային հանրության մոտ իշխանությունների իրականացրած բարեփոխումների պատրանք ստեղծի (Լեւոն Մարտիրոսյան, Սամվել Ֆարմանյան, Նաիրա Կարապետյան եւ այլն): Փոքր խումբ են կազմում այլ կուսակցություններից ՀՀԿ ցուցակով պատգամավոր դարձածները, որոնց հիմնական առաքելությունը Հայ ազգային կոնգրեսի ու Լեւոն Տեր-Պետրոսյանի, ինչպես նաեւ՝ ԲՀԿ-ի ու Ռոբերտ Քոչարյանի դեմ խոսելն է։ Խոսքը Արտաշես Գեղամյան, Հայկ Բաբուխանյան եւ Խոսրով Հարությունյան եռյակի մասին է, որոնց առաջին բեմելը կայացավ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ։

ՀՀԿ խմբակցությունում զգալի թիվ են կազմում նաեւ կոճակ սեղմողները, այդ թիմը ոչ մի հարցի վերաբերյալ չունի կարծիք, եւ խորհրդարանում միակ առաքելությունը ԱԺ դահլիճում իրենց ներկայությամբ քվորում ապահովելն ու համապատասխան կոճակը սեղմելն է։ Եվ ահա, այս ամենի կողքին ՀՀԿ խմբակցությունում տեղ են գտել «ուժայինները», որոնց առաքելությունը խորհրդարանի դահլիճում եւ ԱԺ պատերից դուրս մարդկանց ծեծելն ու հայհոյելն է։ Խոսքը գեներալներ Մանվել Գրիգորյանի եւ Սեդրակ Սարոյանի, Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի, Սամվել Ալեքսանյանի՝ Լֆիկի ու Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի մասին է։ Պատահական չէ, որ ԱԺ վերջին նստաշրջանում նրանք խորհրդարանի դահլիճում գրեթե չէին երեւում, միջանցքներում էլ խուսափում էին լրագրողների հետ շփումներից, հարցազրույցներ տալուց (բացառությամբ Սամվել Ալեքսանյանի): Ու քանի դեռ չկա համապատասխան հրահանգ, նրանք համեստաբար թաքցնում են իրենց ունակությունները։

Ս. Սարգսյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության վերաբերյալ մեկնաբանությունների համար դիմեցինք ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանին: Վերջինս, սակայն, ասաց, թե այդ լուրերն անհեթեթություն են, «բիսեդկայի մակարդակի խոսակցություններ»։ «Մեր կուսակցության մեջ կան տարբեր քաղաքական թիմերի, հայրենակցական միությունների, հասարակական սեկտորի ներկայացուցիչներ, երիտասարդներ, տարեցներ։ Ու նրանցից յուրաքանչյուրը գոնե այսօր՝ այս պահին՝ այս ընտրություններից հետո, գիտի իր անելիքները»,-֊ասաց նա։

Արման ԳԱԼՈՅԱՆ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031