Եվրո 2012-ում քառորդ եզրափակիչ մտնելու դեպքում Ֆրանսիայի հավաքականի՝ առանց բացառության, բոլոր ֆուտբոլիստների համար նախատեսված խրախուսական գումարները կսառեցվեն: Այս մասին ԶԼՄ-ներին հայտարարել է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՖՖՖ) նախագահ Նոել Լը Գրաեն:
«Մեր ֆուտբոլիստները պետք է պատժվեն, բայց ես չեմ ցանկանում նրանց զոհեր դարձնել», – ասել է Լը Գրաենը եւ ավելացրել, որ գումարը, հավանաբար, կվերաբաշխվի: Հիշեցնենք, որ 1/4 եզրափակիչ փուլ մտնելու համար ՖՖՖ-ն յուրաքանչյուր ֆուտբոլիստի պարգեւատրելու էր 100 հազար եվրոյով: Ու չնայած հավաքականը կատարել էր նվազագույն առաջադրանքը, սակայն այդ փուլում Իսպանիայից կրած 0:2 հաշվով պարտությունից հետո Հատեմ բեն Աֆրայի, Յան Մ՝Վիլայի, Ժերեմի Մենեզի եւ, հատկապես, Սամիր Նասրիի նյարդային պահվածքի եւ լրագրողին վիրավորելու պատճառով Ֆրանսիայի պառլամենտը որոշել է խաղացողներին զրկել բոնուսներից: «Ո՞վ է տեսել, որ հանդիպումներից առաջ ֆրանսիացի ֆուտբոլիստները երգեին Մարսելյեզը: Իսպանացիները կատարում էին իրենց օրհներգը: Իտալացիները՝ նույնպես», – ցավով ընդգծել է Նոել Դը Գրաեն: Նա նաեւ նշել է, որ վերոնշյալ չորս ֆուտբոլիստների վարքագծով զբաղվելու է ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն՝ որոշելով նրանց պատժաչափը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ