Գալիք տարվանից թե’ օլիգարխների թիկնապահները, թե’ տարաբնույթ շինությունների անվտանգության աշխատակիցները շարժվելու ու իրենց աշխատանքային պարտականությունները կատարելու են օրենքի տառին համապատասխան:
Այս մասին, առնվազն հայտարարում են իշխող՝ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները՝ հղում անելով «Մասնավոր թիկնազորային գործունեության մասին» օրենքին:
Հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում անվտանգության աշխատակիցների կողմից ռազմական բժիշկներին ծեծելու դեպքը եւ 12 օր հետո ծեծված Վահե Ավետյանի մահը թեժացրել են այդ օրենքի ընդունմանը վերաբերող քննարկումները:
«Պահապան արծիվ» թիկնապահական ակադեմիայի տնօրեն Արսեն Դավթյանն, օրինակ, միանշանակ այն համոզման է, որ թիկնապահն իրավունք չունի վիճաբանության ժամանակ մարդ ծեծելու.
«Մենք միշտ մեզ մոտ սովորող թիկնապահներին ասում ենք, որ թիկնապահը պետք է կանխի վիճաբանությունը, հարթի այն կամ, ըստ օրենքի, կանչի ոստիկանություն»,-«Մեդիալաբին» ասում է Դավթյանը:
Դավթյանը կարծում է, որ ռեստորանների ու հյուրանոցների մոտ, օրինակ, որտեղ նման ծեծերն ու կռիվները հաճախ են լինում, պետք է ոստիկաններ լինեն:
«Այսօր շատ աշխատակիցներ կան, որ նույնիսկ վիճում են հաճախորդի հետ, հետո կանչում անվտանգության աշխատակցին, որ հարցեր պարզաբանի, մեղքն էլ գցելով վերջում անվտանգության աշխատակցի վրա: Բայց նա իրավունք չունի կռիվ սկսելու կամ ծեծելու՝ անգամ պաշտպանելով աշխատակցին, նա հակառակը պետք է հարթի աշխատակցի ու հաճախորդի միջեւ վիճաբանությունը կամ ոստիկանություն կանչի»,- «Մեդիալաբին» ասում է նա:
Թիկնապահական դպրոցի ղեկավարը ցավով նշում է, որ այսօր դաշտում գործող ամեն թիկնապահ չէ, որ կարող է թիկնապահ կոչվել. «Թիկնապահը առաջին երթին պետք է կրթություն ստացած լինի, վկայագիր ունենա, պատրաստված ու կայուն լինի: Ծեծել ու ծեծելով մարդ սպանելը թիկնապահին բնորոշ չպետք է լինի»:
Ըստ Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանի՝ «Մասնավոր պահնորդական (թիկնազորային) գործունեության մասին» օրենքը, որը կկիրառվի 2013-ի հունվարի 1-ից, միտված է ամբողջությամբ կարգավորելու դաշտն ու նաեւ կանխելու Հարսնաքարի միջադեպի նման դեպքերը.
«Ըստ այդ օրենքի՝ ընդհանրապես յուրաքանչյուր պատահական մարդ, ֆիզիկական եւ արտաքին նման տվյալներ ունեցող անձ չի կարող աշխատել թիկնապահ: Դրա համար անհրաժեշտ են գիտելիքներ, մտավոր ունակություններ, տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու հմտություններ: Այս օրենքի կիրառումը կկանխարգելի, քրեական պատիժ կսահմանի եւ ուղղված կլինի չեզոքացնելուն Հարսնաքարում տեղի ունեցած նմանատիպ երեւույթները»,-«Մեդիալաբին» բացատրում է նա:
Մանրամասները կարդացեք այստեղ: