Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Էդուարդ Մանուկյանը 9 ամիս ազատազրկման դատապարտեց գյումրեցի այն վիրաբույժին, ով մեղադրվում է Գյումրի-Ջրառատ ավտոճանապարհին ավտովթարից տուժած 41-ամյա Հմայակ Մկրտչյանին սխալ վիրահատելու ու նրա մահվան պատճառը դառնալու մեջ:
Ռուսաստանում կրթված, մոտ 10 տարի այնտեղ աշխատած ու ՌԴ քաղաքացիություն ունեցող պրոֆեսիոնալ վիրաբույժը`Հրանտ Ներսիսյանը, հիվանդի ստոծանին վիրահատելիս վնասել էր սիրտը, ստոծանին կարել էր սրտի հետ, որի պատճառով սրտի պատը պատռվել էր, 41-ամյա տղամարդն էլ արյունահոսել ու մահացել էր:
Դատախազ Արտյոմ Ավետիսյանը իր մեղադրական խոսքը հնչեցնելիս, ասաց, որ բժիշկը սկզբում իրեն մեղավոր չի ճանաչել, այնուհետ` նախքան դատաբժշկական փորձաքննություն անցկացնելը, մեղանչել է: Ըստ դատախազի, նրան մեղսագրված հանցագործությունը հիմնավորված է թե դատաբժշկական փորձաքննությամբ, թե տեղազննության ապացույցներով, ռենտգեն նկարներով, հիվանդության պատմության նկարագրով: Ի նկատի ունենալով, որ բժիշկը 25 տարվա աշխատանքային ստաժ ունի, աշխատել է տարբեր հիվանդանոցներում, բնութագրվում է դրական, և հոգացել է իր պատճառով մահացած տղամարդու հուղարկավորության ծախսերը` վճարելով 4 միլիոն դրամ, դատախազը պահանջեց նրա նկատմամբ սահմանել նվազագույն պատիժ ու դատապարտել 9 ամիս ազատազրկման, իհարկե 3 տարի ժամկետով զրկելով բժշկական գործունեությամբ զբաղվելուց:
Վիրաբույժի շահերի պաշտպան Սուսաննա Մխիթարյանն էլ ամենայն մանրամասնությամբ ներկայացրեց նրա մասնագիտական գործունեությունը `շեշտելով, որ 53-ամյա վիրաբույժը գիշեր, թե ցերեկ եղել է հիվանդանոցում, հիվանդների ու իր ընկերների կողքին, բազմաթիվ կյանքեր է փրկել, և սա դժբախտ պատահար էր, ընդամենը պատրվակ, որ 41-ամյա Հմյակ Մկրտչյանի կյանքի թելը կտրվեր: Ըստ փաստաբանի` ամեն ինչ կատարվում է Աստծո կամքով: Այս խոսքերը լսելով` դատավոր Էդուարդ Մանուկյանը փաստաբանին խորհուրդ տվեց չխառնվել Աստծո գործերի մեջ: «Հարգելի դատարան, ես ինչո՞ւ թվարկեցի իմ վստահորդի 25 տարվա գործունեությունը, որտեղ աշխատանք, այնտեղ թերություն. այդքան մարդկային կյանքերի փրկության մեջ չէինք ուզենա, որ այս սխալը մրոտեր նրա կենսագրությունը, չմոռանանք, որ նրա արարքը դասվում է անզգույշ ու միջին ծանրության հանցագործությունների թվին: Չեմ վիճարկում դատախազի ասածը, սակայն առաջարկում եմ իմ վստահորդի նկատմամբ կիրառել քրեական օրենսգրքի 76 հոդվածը ու նրան պայմանականորեն, վաղաժակետ ազատ արձակել: Նա մեկ որդի ունի, որը թեև անչափահաս չէ, սակայն ուսանող է, նրա կինը չի աշխատում, և ընտանիքը նրա խնամքի տակ է», -առաջարկեց փաստաբան Սուսաննա Մխիթարյանը:
Կարդացեք նաև
Այս տիկինը դեռ չէր ավարտել իր ելույթը, երբ դատարանի դահլիճից մի կին բղավելով ասաց` «ամոթ է, սա եզակի դեպք չէ, որ այս բժիշկը մարդկային կյանք է խլում»: Դատավորը տիկնոջը ոտքի կանգնեցնելով` հարցրեց` ո՞վ եք դուք, տիկին, որ ընդհատում եք դատական նիստը: «Ես տուժողի մորաքույրն եմ»,-ներկայացավ նա:
Ամբաստանյալ -բժիշկն էլ իր վերջին խոսքում ներողություն խնդրեց `ասելով. «Իմ 25 տարվա աշխատանքային գործունեության ընթացքում հազարավոր կյանքեր եմ փրկել, շատ եմ ցավում , որ այս մեկը չստացվեց, որի համար ներողություն եմ խնդրում, և դատարանից հայցում եմ մեղմ պատիժ»: Դատավորը մեկ ժամ հետո հրապարակեց նրա վճիռը` պրոֆեսիոնալ վիրաբույժին դատապարտելով 9 ամիս ազատազրկման, և 3 տարի ժամկետով զրկելով մասնագիտական գործունեությամբ զբաղվելու իրավունքից: Այսինքն վարվեց այնպես, ինչպես առաջարկում էր դատախազը: Նշենք, որ տուժողի հարազատները չէին հանգստանում. դատարանի դահլիճից դուրս գալով , մոտենալով լրագրողներին ` ասում էին.«Տեսաք, թե Հայաստանում ի՞նչ արժի մարդկային կյանքը` ընդամենը 4 միլիոն դրամ»: Հիշեցնենք, որ Հրանտ Ներսիսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասով, այն է` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որը նախատեսում է ազատազրկում 2-6 տարի ժամկետով:
Նա նույն հոդվածով մեղադրվել է նաև 2006թվականին. Գյումրու «Դուետ» սրճարանում հնչած կրակոցների պատճառով տուժել էր Մայիս Կարապետյանը, որը սակայն մահացել էր ոչ թե կրակոցներից, այլ Հրանտ Ներսիսյանի թույլ տված հետվիրահատական սխալից: Սակայն այդ ժամանակ բժշկի նկատմամբ համաներում կիրառելով դատարանի դահլիճից ազատ էին արձակել, և նա համարվում է նախկինում չդատված: Նշենք, որ նա 3 ամիս է` գաղութում է, այսինքն 6 ամիս հետո ազատ կարձակվի:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ