Լրահոս
Օրվա լրահոսը

«Գյումրիի քաղաքապետի փեսայի սպանության գործը եթե փորձեն ծածկադմփոց անել՝ ամբողջ հասարակությունը կբարձրանա» (տեսանյութ)

Հուլիս 04,2012 19:06

«Ինձ համար ցավ է, որ Գյումրին համարում են կրիմինալ քաղաք, որովհետեւ մի քանի հոգու պատճառով չի կարելի ասել, որ Գյումրին կրիմինալ է»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասաց Գյումրիի «ԳԱԼԱ» հեռուստաընկերության տնօրեն Կարինե Հարությունյանը: Նրա խոսքերով՝ «Գյումրիում դուք կարող եք շատ հանգիստ դուրս գալ, շատ հանգիստ ման գալ: Կրակոցները սահմանափակ անձանց միջեւ է միշտ պատահում: Ցավն այն է, որ անպատժելիության մթնոլորտ է: Եթե գոնե մի անգամ մեկնումեկը պատժվի, եւ ոչ թե իրենց  տեղը դրածո մարդիկ պատժվեն, հավատացեք ինձ, էլ Գյումրին կրիմինալ քաղաք չի լինի»:

Մեր հարցին՝ եթե «Հարսնաքարի» միջադեպը Գյումրիում լիներ, գյումրեցիներն ի՞նչ կերպ կարձագանքեին՝ տիկին Հարությունյանը պատասխանեց, որ նույնկերպ կարձագանքեին, ինչ երեւանցիները. «Ես համոզված եմ, որ գյումրեցիներն էլ են այստեղ կանգնած եղել,  եւ հասարակական կազմակերպություններ, եւ ուսանողներ, եկել-հասել են եւ մասնակցել են «Հարսնաքարի» բողոքի ակցիաներին: Միշտ էլ արձագանքել են: Ուրիշ բան, որ այդ կրիմինալի մեջ շատերն ասել են, որ լավ, դե չխառնվենք»:

Մեր հարցին, որ Գյումրիում նույնպես անպատժելիության մթնոլորտ կա, ինչո՞ւ այնտեղ քայլեր չեն ձեռնարկում՝ այդ  պաշտոնյաներին, նրանց որդիներին, որոնք միշտ ներքաշված են տարբեր պատմությունների մեջ, նրանց հեռացնելու Գյումրիից, նա պատասխանեց. «Երբ նույն պաշտոնյան բարձրաձայնում է, թե իր հետեւում ով է կանգնած, բառացիորեն ինքն ասում է, որ ինքն անպատժելի է, էլ ի՞նչ անեն գյումրեցիները: Ամեն դեպքումգյումրեցիները պայքարում են, այն էլ ոնց են պայքարում»:

Մենք նաեւ տիկին Հարությունյանից հետաքրքրվեցինք, թե Գյումրիի քաղաքապետի փեսայի սպանության հետ կապված գյումրեցիներն ինչ են խոսում եւ ինչ վարկածներ են շրջանառվում: Կարինե Հարությունյանը պատասխանեց, որ տարբեր վարկածներ կան. «Որպես լրատվամիջոցի ներկայացուցիչ՝ մենք ինքներս դիմել ենք իրավապահ մարմիններին, մեզ ասել են, որ առայժմ նախաքննությունը չի ավարտվել, երբ որ կավարտի, իրենք պաշտոնական ինֆորմացիա կտան: Իրենցից առաջ ընկնել եւ ասել իմ կարծիքը՝ գուցե ճիշտ չէ»: Նա նաեւ ասաց, որ այդ դեպքը ցնցեց ողջ քաղաքը.«Անկախ նրանից` ում փեսան է, տուժեց երիտասարդ, տուժեց նույն աղջիկը, որն ամբողջ կյանքում կհիշի իր նշանադրման օրը, դա է ցավալին: Մնացածի մասին թող արդեն իրավապահ  մարմինները զբաղվեն: Եթե դա էլ փորձեցին ծածկադմփոց անել, միանշանակ մեր ամբողջ հասարակության զանգվածը կբարձրանա եւ կբողոքարկի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031