«Վորլդ Վիժնի» Կապանի տարածքային զարգացման ծրագիրը «Կապանի տարածաշրջանի զարգացման» հիմնադրամի հետ համատեղ 2011թ-ի ամռան ամիսներին «Համայնքների ձայնը հանուն մարդու իրավունքների պաշտպանության» ծրագրի շրջանականերում Կապանում իրականացրել է մոնիթորինգ` հաշմանդամություն ունեցող երեխաների բուժսպասարկման եւ դրան առընչվող հարցերի վերաբերյալ: Ծրագիրն իրականացնում է «Վորլդ Վիժն ինթերնեշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը՝ «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» եւ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» իրավապաշտպան հկ-ների հետ համատեղ:
Կապանում կազմակերպված կլոր սեղանի ժամանակ ներկայացվեցին մոնիթորինգի արդյունքները, քննարկվեցին հաշմանդամություն ուենցող երեխաների բուժսպասարկմանն առնչվող հարցեր եւ հնչեցին առաջարկներ: Իրականացված մոնիթորինգի արդյունքների համաձայն` Կապանի պոլիկլինիկայում եւ Կապանի բժշկական կենտրոնի որոշ բաժանմունքներում չկան թեքահարթակներ, բուժզննման սենյակները գտնվում են երկրորդ եւ երրորդ հարկերում, բացակայում են վերելակները: Սանհանգույցների սանիտարահիգենիկ վիճակը բավարար էր, բայց հարմարեցված չէր հաշմանդամություն ունեցող երեխաների կարիքներին: Մոնիթորինգ իրականացնող խումբը մատուցվող բուժսպասարկման ծառայությունների որակի, մատչելիության եւ այլ հարցերի վերաբերյալ հարցումներ է արել պոլիկլինիկայի ցուցակում ընդգրկված հաշմանդամություն ունեցող 160 երեխաներից 90-ի ընտնիքների անդամներից կամ հարազատներից: Հարցվածների 62%-ը նշել է, որ երեխան բուժում ստացել է մայրաքաղաքում գտնվող բուժհաստատություններում, 1%-ը` մասնավոր կլինիկայում, մնացածը բուժումը կազմակերպել են Կապանի բուժհիմնարկներում:
Երեխայի բուժումը կազմակերպելիս հարազատները հիմնականում բախվում են ֆինանսկան, դեղորայքի ձեռքբերման, այլ քաղաք տեղափոխելու հետ կապված խնդիրների: Շատերը դրական են գնահատել սպասարկող բուժանձնակազմի վերաբերմունքը եւ սպասարկումը: Հաշմանադամ երեխաների մեծ մասը Կապանում սարքավորումների բացակայության պատճառով բուժումը ստանում է մայրաքաղաքի հիվանդանոցներում, ինչը ծախսատար է եւ դժվարություններ է առաջացնում: Հարցվողների մի մի մասը նշել է, որ բուժծառայությունների դիմաց վճարել են 5000-90 000 դրամ:
Կլոր սեղանին մասնակից առողջապահության ոլորտի մասնագետները նշել են, որ ՀՀ-ում հաշմանդամություն ունեցողների համար բուժումն անվճար է եւ շատ հավանական է, որ նրանք այդ գումարները ծախսել են մայրաքաղաքի հիվանդանոցներ գնալիս՝ ճանապարհածախսի, մնալու կամ սննդի եւ այլ հարցերի վրա եւ հորդորել, որ նմանատիպ իրավիճակներից խուսափելու համար դիմեն իրենց սպասարկող բժշկին եւ համապատասխան ուղեգրով մեկնեն բուժման:
Կապանի պոլիկլինիկայի մանկական բաժնի վարիչ Ռիտա Թադեւոսյանը նշում է, որ դեղորայքի հետ կապված խնդիրների են բախվում:
«Մենք օգտվում ենք առողջապահության նախարարության կողմից ընդունված դեղորայքի հիմնական ցանկից, որի սահմաններից դուրս չենք կարող դեղորայք նշանակել: Կան դեղորայքներ, որոնք ավելի ժամանակակից են եւ ավելի արդյունավետ են, բայց մենք դրանք նշանակել չենք կարող: Բրոնխյալ ասթմայով տառապող 7 հաշմանդամ երեխաներ ունենք, նրանց տարբեր տարբեր վայրերում, երկրներում եղած ժամանակ նշանակում են ավելի արդյունավետ եւ թանկարժեք դեղորայք, որոնք մենք նշանակելու իրավունք չունենք: Մենք առաջարկություն ենք ներկայացրել առողջապահության նախարարություն, որ վերանայեն այդ ցանկը եւ որոշ չափով` թեկուզ ոչ այդքան թանկարժեք դեղերը, հարմարացնեն մեր պահանջներին: Սպասում ենք պատասխանի», – ասել է Ռ. Թադեւոսյանը եւ հույս հայտնել, որ վերականգնողական բուժում ստացող հաշմանադամ երեխաները մոտ ապագայում այլեւս ստիպված չեն լինի մայրաքաղաքում բուժում ստանալ, քանի որ Կապանի նորաբաց մանկական բաժանմունքում ստեղծվել է վերականգնողական կենտրոն, որը համալրված է անհրաժեշտ սարքավորումներով: Համապատասխան կադրերի համալրումից հետո կապանցի հաշմանադամ երեխաները բուժումը կստանան տեղում:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ