«Ոսկե ծիրան» երեւանյան 9-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում առաջին անգամ կհանձնվի հատուկ մրցանակ՝ հոգեւոր, մշակութային եւ մարդասիրական արժեքների քարոզչության եւ համաշխարհային կինոարվեստում ունեցած նշանակալի ավանդի համար: Այսօր «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի «Աշոտ-Երկաթ» սրահում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը հայտնեց, որ «Եղիցի լույս» կոչվող մրցանակը սահմանված է Հայ առաքելական եկեղեցու կողմից. «Հուլիսի 12-ին՝ Մայր Աթոռ Սուր Էջմիածնում, այն կշնորհվի աշխարհահռչակ ռուս կինոռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովին՝ անձամբ Վեհափառ Հայրապետի կողմից: Իրադարձությունը կավելացնի հետաքրքրությունը Հայ առաքելական եկեղեցու եւ փառատոնի նկատմամբ: Շատերն են քննադատում հայկական կինոն, ինչը որոշ չափով արդարացված է: Բայց փառատոնի զարգացումը եւ տարածումը կնպաստի կինոյի արվեստի բարձրացմանը»:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգեւոր-կրթական հաստատությունների վերատեսուչ, «Ոսկե ծիրանի» էկոմենիկ ժյուրիի անդամ տեր Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը նշեց, որ մրցանակը Սոկուրովին հանձնելու որոշումը Մայր Աթոռի կողմից ստեղծված հանձնաժողովն ընդունել է միաձայն. «Դրա համար հիմք է ծառայել գլխավորապես քրիստոնեական արժեքների քարոզչությունը նրա ֆիլմերում: Մրցանակը հանձնելու արարողությունը հնարավորություն կընձեռի նաեւ փառատոնի մյուս մասնակիցներին գտնվել Էջմիածնում»:
«Եղիցի լույսի» հեղինակն է դիզայներ Նուռը. «Մրցանակը ցույց է տալիս քրիստոնեության եւ կինոյի խորհրդանիշները՝ ձուկ, Սուրբ Երրորդություն, խաչ եւ աչք»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ