Այսօր կառավարության նիստում արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը բանավիճեց վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Նախարարը նոտարական ծառայությունները բարելավող ու որակը բարձրացնելուն ուղղված նախագիծ էր ներկայացնում՝ պնդելով, որ նոր փոփոխությունների արդյունքում սահմանվելու է նոտարի կողմից 100 տոկոս պատասխանատվություն իր կողmից կնքված գործարքների համար:
Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն էլ ասաց, որ միջոցառումներ պետք է ձեռնարկվեն, որ նոտարական ծառայության որակի բարձրացմանը զուգահեռ չբարձրանան գները: Պարոն Թովմասյանն էլ ասաց, որ գները չեն կարող չբարձրանալ, որովհետեւ այսօրվա սակագների շրջանակում նոտարը չի կարողանա 100 տոկոս պատասխանատվություն կրել:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ նկատեց, որ պարոն Գաբրիելյանի դիտարկումը մտահոգում է նաեւ քաղաքացիներին. «Չենք կարող հանգիստ նստել ու նայել, թե ինչպես են նոտարները գները բարձրացնում: Անհրաժեշտ է վերլուծություն իրականացնել, հասկանալ ինչպիսին է ոլորտում շահութաբերությունը, որովհետեւ կան նոտարներ, որ ստանում են գերշահույթներ, իսկ կան նոտարներ, որ ծանրաբեռնված չեն, այնպես անենք, որ այս դաշտում մրցակցություն ավելանա: Մեր վերջին սոտւգումներն էլ են վկայում, որ որոշ նոտարներ օգտվում են նրանից, որ գտնվում են քաղաքի կենտրոնում, տարածքն անվճար են ստացել եւ կենտրոնացրել են իրենց ձեռքում բազմաթիվ հաճախորդների սպասարկման հնարավորությունը եւ գերշահույթներ են ստանում, այն դեպքում, երբ քաղաքում կան որակյալ ծառայություն մատուցող նոտարներ, բայց հաճախորդներ չունեն»:
Նախագծի վերաբերյալ իր առաջարկություններն ուներ նաեւ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանը եւ ասաց, որ վարչապետի մոտ առանձին քննարկեն նախագիծը: Պարոն Զախարյանի առաջարկից սրտնեղեց պարոն Թովմասյանը եւ ասաց, որ Կադաստրի պետական կոմիտեն թյուր ընկալում ունի այդ նախագծի վերաբերյալ: Վարչապետն էլ պարոն Թովմասյանին բացատրեց.« Ձեր գործընկերը խնդրոււմ է քննարկում , եւ գործընկերության կոռեկտությունը ենթադրում է, որ այդ քննարկումը պետք է իրականացնել»: Հրայր Թովմասյանը կրկին հակաճառեց.« Դրա համար կա կառավարության գործունեության կարգ , որի ընթացակարգով այս հարցը քննարկվել է» : « Պարոն Թովմասյան, եւս մեկ անգամ խնդրում եմ կոռեկտությունը չխախտել»,- հակադարձեց վարչապետը: « Չեմ խախտում»,- հավելեց պարոն Թովմասյանը: «Բա ի՞նչ եք անում, դուք չեք էլ լսել պարոն Զախարյանն ինչ է ասում, կարող եք նստել»,- պատասխանեց վարչապետը
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Tags կառավարություն, Հրայր Կարապետյան , վարչապետ, Տիգրան Սարգսյան