Արարատյան դաշտավայրի ամբողջ բերքը վտանգված է. Արմավիրի եւ Արարատի մարզերում լոլիկի, սմբուկի, կարտոֆիլի եւ պղպեղի բերքն ամբողջությամբ ցեցն ուտում է, եւ գյուղացիները հույս անգամ չունեն, որ գոնե 10 տոկոս բերք կհավաքեն, քանի որ կառավարությունը ցեցի դեմ պայքարի ոչ մի միջոց չի ձեռնարկում: Այսօր «Հայելի» ակումբում ասաց Դարակերտի համայնքապետի տեղակալ Վարուժան Խոդեդանյանը:
Aravot.am-ի այն հարցին, թե ինչ միջոցներ կան վնասատու ցեցի դեմ պայքարի եւ ինչ պետք է անի գյուղնախարարությունը, պարոն Խոդեդանյանն ասաց, որ սա Հայաստանի գյուղատնտեսության պատմության մեջ արձանագրված առաջին դեպքն է, իսկ ներկայումս գյուղացիները, ով` ոնց կարողանում է, փորձում է պայքարել ցեցի դեմ, սակայն դրանք այնքան արագ են բազմանում, որ գյուղացիները չեն հասցնում արդյունքի հասնել. «Դրա համար համակարգված պայքար է պետք: Գյուղացին կարող է իր ջերմատնում վերացնի ցեցը, բայց դաշտերում չեն կարող պայքարել: Նախարարությունից ասել են ինչ- որ պրեպարատներ օգտագործենք, կամ էլ` բերքը չթողնել դաշտում, շուտ տեղափոխել: Եթե անգամ դա էլ անեն, միեւնույն է, օգուտ չկա: Հողի մեջ ձու են դնում»:
Մեզ հետ զրույցում պարոն Խոդեդանյանն ասաց, որ գյուղացիները կարող են շուկայից քիմիական նյութեր գնել ու դրանց միջոցով ցեցի վերջը տալ, բայց այդ բերքն արդեն մարդու առողջության համար է վտանգավոր, որ գյուղացին առանց իմանալու թունավոր բերքը վաճառի շուկայում: Բայց անգամ նման մասնավոր պայքարը, ամբողջությամբ չի վերացնի ցեցը: Ըստ Վարուժան Խոդեդանյանի, վնասատու ցեցի այդ տեսակը ցրտադիմացկուն է, սնվում է ցողունով, բերքով ու տերեւներով, եւ շատ արագ կտարածվեն նաեւ նախալեռնային շրջաններում եւ նույնիսկ` անտառներում:
Կարդացեք նաև
Իսկ թե որտեղից են հայտնվել «բերքակեր» ցեցերը, հստակ ոչ ոք չգիտի: Գյուղատնտեսի խոսքերով` «Հնարավոր է ներկրված սերմացուից է, չենք կարող ճշգրիտ ասել: Չգիտեմ էլ, սահմանի վրա ստուգո՞ւմ են սերմացուները, թե՞ ոչ: Եթե սահմանի վրա ստուգվեր, ապա ախտահանիչ միջոցառումներ կիրականացվեին: Ամեն դեպքում պարզ չէ, թե որտեղից են եկել, բայց օրինակ` Թուրքիայում արդեն 10 տարի է` նման խնդիր կա»: Գյուղատնտեսի վստահեցմամբ` եվրոպական մասնագետները խորհուրդ են տվել ցեցի դեմ պայքարել մսակեր պարազիտներով, որոնք պետք է ներկրել Հայաստան: Դրանք սնվում են վնասատու միջատներով, բայց դրանք շատ թանկ արժեն՝ թե ներկրելը, եւ թե խնամքը. «Պետք է քիմիա ընդհանրապես չօգտագործվի: Եթե ոչինչ չձեռնարկվի, աշնանը հաշվելու բան չենք ունենա, ճտերը աշնանն են չէ՞ հաշվում, իսկ մեր ճտերը`վարկերն են, «Ագբա» բանկի դոլարներն են: Գյուղացիները բոլորը վարկ են վերցրել որ գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվեն, բերք ստանան` վարկը փակվեն: Բայց այս պահին բերքի 100%-ը վտանգված է, այսինքն գյուղացիները այդ վարկն էլ չեն կարողանա փակել, իսկ կառավարությունը ոչինչ չի անում: Եթե նախկինում 3000 քմ ջերմատնից 35 տոննա բերք էինք ստանում, անցյալ տարի այդ ցեցի պատճառով` 5-6 տոննա ենք ստացել, մնացածը այրեցինք: Չգիտեինք, թե դա ինչ խնդիր էր, մտածում էինք` թե թիթեռ է, էլի, բայց սածիլը տնկում էինք՝ դրանք հենց հողի մեջ ուտում էին»:
Նույն համայնքի բնակիչ Արմեն Սիմոնյանն էլ Aravot.am-ի հետ զրույցում դժգոհեց, որ գյուղնախարարությունն անգամ ամենատարրական հարցերում գյուղերին չի աջակցում. «Նախարարությունը պետք է գոնե գյուղատնտես մասնագետներ տրամադրի համայնքներին, որոնք մասնագիտական խորհուրդ կտան, թե ինչը` երբ է պետք անել, ինչ սրսկել, կամ հենց օրինակ այս ցեցի խնդիրը, ոչ մի գյուղացի չէր հասկանում, թե էդ ինչ թիթեռներ են հարձակվել բերքի վրա: Եթե մասնագետ լիներ, գուցե մի բան արվեր: Հիմա էլ, եթե կառավարությունը այս 2-3 օրում ոչինչ չձեռնարկի, ուրեմն գյուղացիները պետք է ձեռ քաշեն իրենց բերքից»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ