«Կարելի է վստահ լինել, որ դա պարտադրված տեքստ է եւ, բնականաբար, ինքը չի գրել: Իրեն տվել են` դատելով բառամթերքից եւ հարցադրումների կերպից, որ ինքը խեղճ, տառապագին ապրումներ ունի Վահեի հետ կապված: Դա գրում է մարդը, որն այս 12-15 օրերի ընթացքում իր տառապանքի մասին գերադասեց չխոսել, չայցելել»,-Aravot.am-ի հարցին` ի՞նչ տպավորություն թողեց Ձեզ վրա Ռուբեն Հայրապետյանի` մանդատից հրաժարվելու որոշումը, մանավանդ, որ հայտարարության մեջ բավականին սրտաճմլիկ նկարագրումներ կային, ասաց «Պահանջում ենք պատժել Հարսնաքարի մեղավորներին» հանրային խմբի անդամ, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:
Տիկին Խառատյանի խոսքով, անգամ Զորի Բալայանը, ով ամեն գնով փորձում է, ջանք է թափում հասարակությանն իրազեկել եւ հասանելի դարձնել, որ իշխանությունն անտարբեր չի եղել այդ միջադեպի եւ նրան հաջորդած իրադարձությունների նկատմամբ, որ Ռիտա Սարգսյանն է այցելել, Դերենիկ Դումանյանը, ոչ մի խոսք չի գտնում ասելու, թե Հայրապետյանն ինչպե՞ս է արձագանքել: Անգամ Սեյրան Օհանյանը, որը պատմեց իր եւ Ռուբեն Հայրապետյանի հեռախոսային խոսակցության մասին, ըստ տիկին Խառատյանի, փաստորեն, երկուսն էլ համամիտ են, որ կատարվածն անթույլատրելի էր, բայց ամեն գնով փորձում են մեղմացված գույներով ներկայացնել. «Երկուսն էլ համամիտ չեն, որ դա բացարձակ հանցագործություն է: Նույն Սամվել Ալեքսանյանը` Ռուբոյի մտերիմ ընկերն, ասում է` դե Ռուբոն ի՞նչ մեղք ունի: Այսինքն, նրան շրջապատող եւ նրա հետ մտերիմ բոլոր մարդիկ այս 15 օրերի ընթացքում չգտան մի տերմին, որով ցույց տրվեր, որ Ռուբեն Հայրապետյանն ափսոսանք եւ տառապանք ունի: Չի եղել իր արձագանքը: Բայց վերջում ունենք մի գրավոր տեքստ, որը ցույց է տալիս իր ապրումները, թե ինչպես է ցավում, որ չկարողացավ բռնել բռունցքները, որոնք բարձրացել էին այդ տղային սպանելու»:
Տիկին Խառատյանի գնահատմամբ, սակայն, այդ բռունցքները Ռուբեն Հայրապետյանի կողմից շատ վարժեցված էին անելու այն, ինչը որ արել են եւ առաջին անգամ չէ, որ անում էին: Ավելին. «Ռուբեն Հայրապետյանը մեկ անգամ չի, որ հնարավորություն է ունեցել այդ բռունցքները բռնելու, բայց ինքը, գուցե հաճախ, այդ բռունցք բարձրացնողներից մեկն է եղել: Անձամբ է ծեծել: Դրանցից հետո, ինքը երբեք ցավ եւ ատելություն չի ապրել եւ հիմա, միայն, մահից հետո ու ամենայն ակնհայտությամբ նախագահականից ճնշումից հետո, գուցե, նաեւ նախագահի կողմից երաշխիքներ ստնալով, որ իր կյանքում իր արտոնությունները չեն սահմանափակվի, եթե ինքն այլեւս ԱԺ պատգամավոր չլինի, տարածեց այս գրավոր տեքստը»:
Բացի Հայրապետյանին ակնհայտ սատարող անձանցից, մեր զրուցակցի կարծիքով, հասարակության մեջ չի գտնվել մեկն, ով նրա ապաշխարհանքին ըմբռնումով կամ վստահությամբ վերաբերվի:
Կարդացեք նաև
Aravot.am-ի դիտարկմանն, այսինքն, Հայրապետյանի մանդատից հրաժարվելը մեծ հաշվով ոչինչ չի փոխում մեր իրականության մեջ, տիկին Խառատյանը հակադարձեց. «Ես կարծում եմ, որ ինչ-որ բան փոխում է: Հասարակական, հետեւողական ճնշումը կոնկրետ դեպքերում որոշ վերաբերմունք արձանագրեց: Բացարձակ «թքած ունեն» արտահայտության կիրառման ձեւերը փոխվում են եւ մեծ հետեւողականության դեպքում, գուցե, ինչ-որ ճեղքումներ կլինեն: Իհարկե, դա մեծ փոփոխություն չէ»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ