Գորիսում անտառտնտեսության մասնագետները ահազանգում են, որ տերեւակեր վնասատու ոսկետուտը խժռում է տարածաշրջանի անտառները եւ մեծ վտանգ սպառնում անտառներին, ընդհուպ մինչեւ՝ ոչնչացումը:
Տարածաշրջանի 16450 հա անտառներից 1500 հեկտարն արդեն իսկ ոսկետուտի տարածման օջախ են դարձել, որտեղ անտառներին հասցրած վնասներն արդեն ակնհայտ են: «Ոսկետուտն իր սեւ գործն արել վերջացրել է եւ արդեն անցնում է հարսնակավորման փուլին, աշնանն ու գարնանը մասսայական բազմացումից հետո կսկսեն լայն թափով վնաս հասցնել Գորիսի անտառներին: Այժմ ոսկետուտով վարակված է 1500 հա տարածք, 100%-ով ոչնչացված տարածքներ չունենք, բայց տեղ-տեղ մեծ վնասներ են հասցրել` հիմնականում կաղնու ծառերին, եւ եթե պայքարի միջոցառումներ չձեռնարկվեն, այդ տարածքները եռակի, քառակի կավելանան: Անհրաժեշտ է իրականացնել ավիացիոն պայքար, բայց ոչ մի պայքար չենք իրականացրել, որովհետեւ մեզ դրա համար ֆինանսական ոչ մի միջոց չեն տրամադրել: Տեղական ուժերով որոշակի աշխատանքներ տարել ենք եւ մեխանիկակական եղանակով սրսկումներ իրականացրել` վարակի օջախները վերացնելու ուղղությամբ: Որոշակի հաջողությունների հասել ենք, բայց խնդրի լուծման համար անհրաժեշտ է, որ ավիացիոն պայքար իրականացվի: Տեղյակ ենք պահել համապատասխան մարմիններին, նշել են, որ հաջորդ տարվա պլանի մեջ կներառեն» , – «Առավոտին» փոխանցում է «Հայանտառ» ՊՈԱԿ Սյունիքի անտառտնտեսության մասնաճյուղի տնօրեն Գրիշա Հայրապետյանը:
Ոսկետուտը վնաս է հացրել նաեւ տարածաշրջանի անտառների հարակից ոչ անտառային տարածքներին:
Գորիսի անտառներում տերեւակեր վնասատուները գլուխ էին բարձրացրել նաեւ 2 տարի առաջ: Անտառներում սրսկումներ իրականացնելուց հետո ոսկետուտ չէր հայտնաբերվել, սակայն այս տարի տերեւակեր ոսկետուտը կրկին սկսել է բազմանալ եւ ոչնչացնել անտառները: Նշենք, որ այս տարի ոսկետուտով վարակված էին նաեւ Կապանի անատառները, որոնց դեմ հունիս ամսվա ընթացում ավիացիոն սրսկումներ են իրականացվել:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ