Լրահոս
Օրվա լրահոսը

«Դժվար ժամանակներին միշտ ժպտալ ու լինել ավելի պարզ մարդ. այ դա եմ նրանից սովորել». Այսօր Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է

Հուլիս 04,2012 14:33

«Երբ ես ծնվեցի, բոլորը ծիծաղում էին, իսկ ես լացում: Երբ մահանամ, բոլորը կլացեն, իսկ ես կծիծաղեմ». Հայ մեծագույն կինոդերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոյի և թատրոնի մեծ կատակերգու Մհեր Մկրտչյանի խոսքերն են: 82 տարի առաջ հենց այս օրը Գյումրիում ծնվեց նա: Հայրը ծագումով մշեցի էր, իսկ մայրը՝ վանեցի։
Գյումրիում սովորել է նկարչական ու երաժշտական դպրոցներում, միաժամանակ հաճախել է թատերական ինքնագործ խմբակ։ 1945-46 թվականին սովորել է Մռավյանի անվան թատրոնին կից ստուդիայում, ավարտելուց հետո, 1947 թվականին ընդգրկվել է նույն թատրոնի հիմնական խմբի մեջ։ Այս թատրոնում Մհերը խաղացել է տասնյակից ավելի մեծ ու փոքր դերեր`ցուցաբերելով իր տարիքին չհամապատասխանող վարպետություն։
1953 թվականին նա տեղափոխվել է Սունդուկյանի անվան թատրոն, սովորում էր գեղարվեստաթատերական ինստիտուտում:
1959 թվականին ռեժիսոր Համասի Մարտիրոսյանը նրան հրավիրել է նկարահանվելու «01-99» կարճամետրաժ ֆիլմում, որտեղ էլ Մհերը ստեղծեց հյութեղ մի կերպար, որը մինչև այժմ էլ հանդիսատեսը չի մոռանում։
Բարձր մասնագիտացումը, կերպարին ազգային դեմք ու դիմագիծ հաղորդելու կարողությունը, էկրանի ճշմարիտ զգացողությունն ու շատ այլ հատկանիշներ Մհեր Մկրտչյանին հնարավորություն տվեցին դասվելու կինո արվեստի ինքնատիպ անունների շարքում։ Այդ ամենը հիանալի դրսևորվեցին Արսեն («Նվագախմբի տղաները»), Գասպար («Եռանկյունի»), Իշխան («Մենք ենք, մեր սարերը»), Հայրիկ («Հայրիկ»), Ամիրո («Նահապետ»), Գրիգոր աղա («Կտոր մը երկինք»), Զամբախով («Խաթաբալա») դերերում։
Մհեր Մկրտչյանը, եթե «Հայֆիլմում» հաջողությամբ մարմնավորում էր դրամատիկական կերպարներ, ինչպես Նիկոլը («Հին օրերի երգը»), ապա այլ կինոստուդիաները նրան հրավիրում էին բացառապես կատակերգական դերերի համար։ Նա նկարահանվեց «Կովկասի գերուհին», «Այբոլիտ-66», «Միմինո», «Ալի բաբան և քառասուն ավազակները», «Ունայնություն ունայնության» ժապավեններում, որոնցում խաղացված դերակատարումները գնահատվեցին պետական բարձր պարգևներով։
Մհեր Մկրտչյանը մահացել է 1993 թվականին։
Ճիշտ է` մահացել է, բայց նա դեռ շարունակում է դաստիարակել այսօրվա սերնդին, թե իր կերտած դերերով եւ թե իր մարդ էությամբ.
«Գաղտնիք բացահայտած չեմ լինի, ասելով` դժվար կյանք է ունեցել Մհեր Մկրտչյանը, բայց մեկ է` նույնիսկ այդ դեպքերում ժպտացել է: Այ դա եմ սովորել նրանից. դժվար ժամանակներին միշտ ժպտալ ու լինել ավելի պարզ մարդ»,- ասում է Սյուզաննա Թուսինյանը: Նա չի հիշում` ե՞րբ է առաջին անգամ լսել հայ մեծագույն դերասանի մասին, քանի որ դիտել է նրա ֆիլմերը վաղ հասակից, այն ժամանակվանից, երբ դրանց իմաստը հասկանալ չէր կարող: Բոլոր ֆիլմերն էլ շատ է սիրում, սակայն առանձնացնում է երեք ֆիլմերում Մհեր Մկրտչյանի խաղացած դերերը. ««Մեր մանկության տանգո», «Հին օրերի երգը», «Միմինո»: Բոլորն էլ շատ եմ դիտել»,- ասում է նա:
Հետաքրքիր է` Սյուզաննան նույնիսկ ունի մի շապիկ, որի վրա պատկերված է Ֆրունզիկի դեմքը: Շատ է հագնում դա: Նա այն նվեր է ստացել ու ինչպես ինքն է ասում` դա ուրիշ արժեք ունի. «Դա եւս մեկ միջոց է նրան մոտ գտնվելու համար»:
Ըստ նրա, Ֆրունզիկը այն եզակի արվեստագետներից է, ում մասին դեռ դարերով էլ մարդիկ կլսեն ու կշարունակեն դիտել ֆիլմերը: Դրան զուգահեռ հպարատանում է, որ իր շրջապատում կան նման ընկերներ, ովքեր ճանաչում են նրան. «Լավ է, որ կան իրենց նմանները, ովքեր որ տարբերակել գիտեն իսկական դերասաններին»:

Արամ Արարատյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031